
Կարեն Բեքարյան․ «Քաղաքական կամք չլինելու դեպքում, համաձայնագիրն այս խորությամբ չէինք ունենա»
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանը համոզված է՝ նոյեմբերի 24-ին Վիլնյուսյան գագաթնաժողովի ժամանակ, ՀՀ-ԵՄ փաստաթղթի ստորագրումից հետո հաջորդ քայլը լինելու է վիզաների ազատականացման գործընթացի բանակցությունների ստարտը։
Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց նա։
Հիշեցնենք, որ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը նախաստորագրվել է Երևանում՝ 2017 թվականի մարտի 21-ին, նոյեմբերի 24-ին սպասվում է փաստաթղթի ստորագրումը Վիլնյուսյան գագաթնաժողովի ժամանակ։
-Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ է անհրաժեշտ փաստաթղթի ստորագրումը, և ի՞նչ կարող է այն տալ մեզ։
-Վերջին փաստաթուղթը, որը կա ԵՄ-ի ու Հայաստանի միջև համագործակցության իրական պատկերը որևէ կերպ չի արտացոլում, այն շատ հնացած է, քանի որ հարաբերությունները բավական առաջ են գնացել, քան նախատեսված էր այդ փաստաթղթով, և բնական է, որ նոր իրավական հիմք ունենալու ցանկություն կար։
Տարիների ընթացքում ոլորտների բազմազանությունը մեծացել է, հիմա օրինակ, ասում ենք ստորագրվելիք պայմանագիրը բացկացած է երեք բլոկից՝ քաղաքական, տնտեսական և այլ, որովհետև ուղղակի թվարկել չի լինում, ամեն ինչ ներառում է այդ համագործակցությունը։ Չկա կյանքի գործունեության որևէ ոլորտ, որն արտացոլված չլինի։ Եւ սա համագործակցության այն տեսլականն է, որը դրված է հիմքում։ Մենք ասում ենք, որ եվրոպական արժեքային համակարգի զարգացման էլեմենտը մեզ համար առաջնահերթություն է, հիմա այդ առաջնահերթությունը անընդհատ փորձելու ենք պահել օրակարգում, քայլ-քայլ լուծել ու առաջ գնալ՝ ունենալով այդ կառույցի անդամ երկրների փորձի կիրառման հնարավորությունը։
Տնտեսական էլեմենտին անդրադառնանք. երբ նայում ենք վիճակագրությունը՝ ՀՀ-ի համար առևտրատնտեսական գործընկերների շարքը, տեսնում ենք ԵՄ անդամ երկրների բավական մեծ դերն ու նշանակությունը մեզ համար։ Բնական է չէ՞, որ այդ ուղղությամբ մեծ աշխատանքներ պետք է տարվեն՝ այն խորացնելու համար։
-Իշխանությունները կունենա՞ն քաղաքական կամք՝ այդ ծրագրերը կյանքի կոչելու: Օրինակ՝ փաստաթղթում մեծ առաջնահերթություն է տրվում ՓՄՁ-ների խրախուսմանը, կոռուպցիայի դեմ իրական պայքարին։
-Ցանկացած հարցի վերաբերյալ լինում է տեսակետների տարբերություն, մենք` որպես երկրի քաղաքացի, ունենք հստակ շտապողականություն, որ բարեփոխումներն ընթանան ավելի արագ, որ ավելի երիտասարդ սերունդն այն էապես զգա իր մաշկի վրա, դա հասկանալի է։ Քաղհասարակության շտապողականությունը ևս հասկանալի է։ Դիմություն-ընդդիմություն՝ միշտ ընդդիմությանը թվում է, որ ինչ-որ կա, թերի է, քիչ է, դա ևս հասկանալի է, դիմությանը կարող է թվալ, որ իր մոտ ամեն ինչ լավ է, բայց կան գնահատման չափորոշիչներ, որոնք դուրս են սուբյեկտիվ ընկալումներից։ Նման մի գործիք, որով հնարավոր է կարծիք կազմել, ԵՄ-ի ընթացքն է․ ի տարբերություն շատ կառույցների այն հիմնվում է առավելապես արժեքային համակարգի վրա և եթե դրված չափանիշների մեջ հստակ զարգացում տեղի չի ունենում, ավել քայլն ուղղակի բացառվում է։ Դա միշտ եղել է ԵՄ-ի ձեռագիրը բոլոր ձևաչափերում։
Հետևաբար, եթե ՀՀ-ն այսօր հասնում է այս պայմանագրի ստորագրմանը, դա նաև անցած ճանապարհի գնահատականն է, ԵՄ-ի կողմից վստահությունն է, քաղաքական կամք չլինելու դեպքում, մենք այսօր համաձայնագիրն այս խորությամբ չէինք ունենա։ Հիմա կարելի է անընդհատ հարցնել՝ կանե՞ն, թե՞ չեն անի, բայց դա նման է սուրճի բաժակ նայելուն։ Իրենց կողմից իրականացված քայլերի ընթացքը բերել է նրան, որ սա հնարավոր է այսօր: Դա միայն մեր բարի կամքով չէր լինի, դա օդից վերցրած չէ, երկուստեք պրոցես է, որը ԵՄ ցանկացած գործողության, քայլի պարագայում միշտ այդ էլեմենտն ունեցել է։
- Համաձայնագրի աշխատանքային տեքստի հրապարակվելուց հետո Մեծամորի ատոմակայանի հարցը բավականին քննարկվեց, շատերի կողմից այն բնորոշվեց որպես ԵՄ-ի կողմից պարտադրանք` ատոմակայանը փակելու: Ի՞նչ կասեք այս մասին։
-Շատ կարևոր էլեմենտ է, երբ ինչ-որ հարցերի շահարկում է սկսվում, երբ այդ հարցերը չկան։ Իրականում նորմալ չէ փորձել հանրությանը ապակողմնորոշել, բայց անդրադառնանք բովանդակությանը։ Անկախ այս փաստաթղթից` ԵՄ-ի կողմից մշտապես Մեծամորի ատոմակայանի հետ կապված հարցը եղել է ուշադրության կենտրոնում։ Գերմանիայի օրինակով ներկայացնեմ, դա այն երկիրն է, որը տարիների քննարկում է ունեցել և անգամ որոշում, որ պետք է ընդհանրապես հրաժարվել ատոմային էլեկտրաէներգիայից։ Հիմա հարց՝ այդ երկիրը այս հարցին նայում է չէ՞ պրիզմայի ներքո։ Հաշվի առնելով մի կողմից էկոլոգիական, մյուս կողմից՝ անվտանգության խնդիրները` ԵՄ-ի համար խնդիրը մշտապես օրակարգային է։
Հարցի երկրորդ ասպեկտը. կա սերտ համագործակցություն այս խնդիրների հիմնարար կառույցի՝ «ՄԱԳԱՏԷ»-ի հետ։ Եվրոպական համայնքը «ՄԱԳԱՏԷ»-ին վստահում է որպես այդ ոլորտում ամենապրոֆեսիոնալի, «ՄԱԳԱՏԷ»-ն տալիս է եզրակացություն, որ Հայաստանն ամեն ինչ անում է բոլոր չափորոշիչները պահպանելու համար․ սա մի գործոն։ Հետևաբար եվրոպացիները հարցին մոտենում են այսպես՝ մտահոգությունն այս մարդկանց ընկալելի է և թափանցիկ ներկայացնում են, որ խնդիր չկա։ Բայց այս ասպեկտը գլոբալ առումով փոխո՞ւմ է արդյոք ԵՄ-ի վերաբերմունքը ատոմային էներգիայի վերաբերյալ, իհարկե ոչ, ինքը նայում է որպես գործընթաց, որն ինչ-որ պիկի չի հասել, որ իրենք պահանջ դնեն ատոմակայան փակելու, ինչպես շատերը ներկայացնում են։
-ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ հայաստանյան իշխանությունները փաստաթղթի ստորագրումից առաջ պետք է տնային աշխատանքները կատարեն, որքանո՞վ ենք մենք պատրաստ ստորագրմանը։
-Չեմ ուզենա մեկնաբանել դեսպանի խոսքերը, բայց իմ կարծիքով` մի փոքր այլ գործընթացի հետ գործ ունենք։ Վիլնյուսյան գագաթնաժողովի ժամանակ, եթե ստորագրում ենք այս փաստաթուղթը, հաջորդ քայլը օրինակ, կարող է լինել բանակցությունների ստարտը` վիզաների ազատականացման հետ կապված։ Համաձայնագրում որպես հիմնական էլեմենտ նշվում է ազատ տեղաշարժը, որը պետք է լինի, այսինքն եթե դա ստորագրվում է, պարտավորություն է դառնում բանակցությունների ստարտը տալ։ Կա նաև երկրորդ էլեմենտը՝ բավականին թարմ է մի քանի երկրների ազատականացումը, և հիմա ԵՄ-ի պարագայում միշտ կա այդ էլեմենտը։ Քայլ անելը մի բան է, քայլ անելուց հետո դրա արդյունքները ուսումնասիրելն ու պատկերը հասկանալը` մեկ այլ բան։ Երբ նայում ենք Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի օրինակով, անցած ժամանակը բավականին քիչ է, որպեսզի իրենց համար պատկերը ունենան` արդյոք կանխատեսելի հոսքերի շրջանակո՞ւմ էր, թե՞ ոչ, հետևաբար` հաջորդ քայլը լինելու է դանդաղելով։ Եթե իրենց կողմից մեզ հետ բանակցությունների ստարտը տրվի, բանակցություններն էլ են ժամանակ պահանջելու։ Հանրության մոտ չի կարելի ստեղծել սխալ ակնկալիք, որ անմիջապես է լինելու ազատականացումը։ Մեկ օրվա, մեկ ամսվա և անգամ մեկ տարվա գործընթաց չէ։ Թե ինչպես է մեկնաբանում դեսպանը, չեմ ուզում անդրադառնալ իր խոսքին, բայց ազատականացման համար պետք է զինվել համբերությամբ։
Մեկնաբանել