HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոշորացվող համայնքների ընտրողները ուզում են օրինապաշտ համայնքապետեր ընտրել

Թեղուտցի Արտաշ Մելիքսեթյանը որոշել է նոյեմբերի 5-ին խոշորացված համայնքի ղեկավար ընտրել գործունյա թեկնածուի:

«Համայնքապետը կազմակերպիչ պետք է լինի, որ կարողանա ժողովրդին առաջ տանի»,- ասում է նա: Մեծ Այրումցի Տոֆիկ Գաբրիելյանի խոսքով` խոշորացված համայնքների զարգացման գործում կադրերն են վճռելու ամեն ինչ:

«Ես գտնում եմ, որ  խոշորացված համայնքներին նախ  ֆինանսական լուրջ ռեսուրսներ, ապա այդ ֆինանսները ճիշտ ծախսող համայնքապետեր են պետք»,- բացատրում է Տոֆիկը: Սուրիկ Ֆոլյանի խոսքով` խոշորացված համայնքի ղեկավարը նախ ժողովրդի մասին պետք է մի քիչ մտածի, հետո` իր գրպանի:

Ալավերդի խոշորացված համայնքը կձևավորվի Ալավերդի, Կաճաճկուտ, Աքորի, Ջիլիզա, Ծաղկաշատ, Հաղպատ համայնքների միացումով: Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությանը այստեղ համայնքապետ ընտրվելու համար գրանցվել է 2 թեկնածու: Նրանցից Նիկոլայ Դավթյանը գրանցվելուց հետո շտապ ինքնաբացարկ է հայտնել՝ խոշորացվող 6 համայնքների ընտրողներին զրկելով այլընտրանքային ընտրության հնարավորությունից:

Մյուսը՝ Սասուն Խեչումյանը, Լոռու մարզպետի առաջադրած թեկնածուն է: Հիշեցնենք, որ Արթուր Նալբանդյանի հովանավորությունը վայելող թեկնածուները, որպես կանոն, առանց խոչընդոտի  ընտրվում են։

Իր ընտրարշավի մասին Սասուն Խեչումյանը «Հետք»-ին ասաց. «Ես մի բան գիտեմ, որ օրենքով մեկ թեկնածուի դեպքում ընտրություն չի կայանում, չեմ կարող ասել դա ով կազմակերպեց, ինչ կազմակերպեց: Ավելի լավ է դուք այդ մասին հարցնեք ինքնաբացարկ տված թեկնածուին»:

Ս. Խեչումյանն իր նկատմամբ ընտրողների վստահությունը տեսնում  էր, ոչ թե մրցակից թեկնածուին հաղթելու, այլ իր թիկունքին լուրջ ընտրազանգված ունենալու դեպքում: «Ես գիտեմ, որ ալավերդցին այնքան բարձր արժանապատվություն ունի, եթե խոշորացված համայնքի միակ թեկնածուին անարժան  համարի, նոյեմբերի 5-ին կգնա նրան դեմ կքվեարկի»,-ասում է Ս. Խեչումյանը:

Խոշորացվող Ախթալա համայնքը կձևավորվի Ախթալա, Մեծ Այրում, Ճոճկան, Շամլուղ, Նեղոց համայնքների միացումով: Այստեղ համայնքապետ դառնալու համար  մրցակցում է 3 թեկնածու՝ Հանրապետական կուսակցության անդամ, Ճոճկանի գործող գյուղապետ Արկադի Թամազյանը, անկուսակցական Սուրեն Թամազյանը,  Հանրապետական կուսակցության թեկնածու, Ախթալայի գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը: Հոկտեմբերի 23-ին մեզ չհաջողվեց հանդիպել թեկնածու Սուրեն Թամազյանին: Ախթալայում ասացին` թեկնածուն թոռնիկ է ունեցել և Երևանում է:

«Խոշորացվող Ախթալա համայնքի  ղեկավարի թեկնածու ես ինքնառաջադրմամբ եմ գրանցվել: Դա իմ որոշումն է եղել և ճոճկանցիների ցանկությունը»,- հայտնեց թեկնածու Արկադի  Թամազյանը: Վերջինիս խոսքով, եթե Հանրապետական կուսակցությունը նպատակահարմար գտնի  թեկնածու առաջադրվելու համար իրեն կուսակցությունից հեռացնել, ինքն այդ հարցում խնդիր չի տեսնում: Ա. Թամազյանը հաշվարկել է ընտրվելու իր շանսերը: Ախթալա խոշորացված համայնքում գրանցված է  3300 ընտրող: Դրանից 1560-ը գրանցված են  Ճոճկանում, որից ընտրությանը փաստացի մասնակցում է 1100 –ին մոտ ընտրող:

Արկադի Թամազյանը վստահ է, որ նոյեմբերի 5-ին ստանալու է  Ճոճկանի ընտրողների  95 տոկոս ձայները: Վերջինս նշեց, որ  համայնքի բյուջեի 70 մլն դրամ ներդրումով` Ճոճկանն ամբողջությամբ ասֆալտապատվել է: «ԻՖԱԴ»-ի 330մլն դրամ ֆինանսավորմամբ  իրականացված ծրագրով` ճոճկանցիները խմելու ջուր ունեն։ Ա.Թամազյանը գրեթե վստահ է, որ այդ  աշխատանքները կատարելուց հետո իր վարկանիշը բարձրացել է խոշորացվող մյուս համայնքներում, և ընտրությանը ծանրակշիռ քվեներ է ակնկալում այնտեղից:

Երրորդ թեկնածուն՝ Հայկազ Խաչիկյանը, վստահեցրեց, որ իր թիմի կողմից պահպանվելու են ընտրությունների քաղաքակիրթ կանոնները։

«Ընտրությունից հետո մեզ համար տարբերություն չի լինելու Ախթալայի և  Ճոճկան, Մեծ Այրում, Շամլուղ, Նեղոց համայնքների միջև: Բոլոր դեպքերում մեր առաջնահերթ խնդիրը խոշորացված համայնքների բնակչության կենսամակարդակի բարձրացումն է: Մասնավորապես գյուղական համայնքներում, մենք  առաջնահերթ պետք է լուծենք ոռոգման ջրի և հակակարկտային կայաններ տեղադրելու խնդիրները»,- ասում է Հ. Խեչիկյանը: Նրա խոսքով` Հանրապետական կուսակցությունը իր թեկնածությունը պաշտպանել է տարածաշրջանում  համայնքապետի իր վարկանիշը ուսումնասիրելուց հետո:

Օձունի խոշորացված համայնքի ղեկավարի ընտրության համար պայքարում է նույնպես  3 թեկնածու՝ անկուսակցական Բարսեղ Այվազյանը, Դոնարա Հախինյանը և ՀՀԿ-ի կողմից թեկնածու առաջադրված գործող գյուղապետ Արսեն Տիտանյանը: Օձուն համայնքը կձևավորվի Օձուն, Հագվի, Այգեհատ, Մղարթ, Արևածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Արդվի համայնքների միացումով: Երեկ Օձունում ընտրողներից մեկը  պատմեց, որ թեկնածու Բարսեղ Այվազյանի և գյուղապետ Արսեն Տիտանյանի միջև մրցապայքարը վերածվել է թշնամության: Բարսեղի ասելով` հայրը՝ Մելիք Այվազյանը, 2008թ.-ին Օձունի գյուղապետի պաշտոնում չի ընտրվել Արսեն Տիտանյանի պատճառով և վշտից մահացել է։

«Եթե հայրս նորից գյուղապետ ընտրվեր, չէր մահանա»,- ամիսներ առաջ այդ մասին  մեզ հետ զրույցում ասել է Բարսեղը:

«Թեկանածուի այս  մտայնությունը  կարող է անկանխատեսելի հետևանքներ թողնել ընտրության ընթացքի վրա»,- անհանգստանում էր օձունցի ընտրողը:

Երեկ առավոտյան Բարսեղ Այվազյանը համաձայնեց «Հետք»-ին ներկայացնել իր նախընտրական ծրագրերը, սակայն պայմանավորված ժամին հրաժարվեց:

Օձունի խոշորացված համայնքի համայնքապետի թեկնածու 37-ամյա Դոնարա Հախինյանն ասաց` ունի միջնակարգ կրթություն, ավարտել է երաժշտական դպրոցը՝ դաշնակահար է: Դոնարային խնդրեցի ներկայացնել իրեն։

«Ես շատ ակտիվ մարդ եմ, շա՜տ:  Գյուղի մեջ սիրված, հարգված, ես ինձ վրա վստահ եմ: Այո, ես կարող եմ խոշորացված համայնքի ղեկավար աշխատել: Մեր գյուղի էս հողերը, որ մարդկանց բաժանվել է,  հողատերերին ծառայում են  որպես խոտհարքներ: Իմ առաջին ծրագիրը այն է` մարդկանց օգնենք, աջակցենք, հողերը վարենք»,- ասաց Դոնարան:

Գործող գյուղապետ  Արսեն Տիտանյանը մեզ հետ իր զրույցը սկսեց Արդվի գյուղի հանքի շահագործման շուրջ շրջանառվող լուրերից: «Հանքը արդվեցիների որոշման հարցն է, և ես կկանգեմ նրանց կողքին»,- ասաց նա:

Ա. Տիտանյանի խոսքով` այս պահին Օձունի խոշորացվող համայնքներից առաջնահերթ լուծում է պահանջում Մղարթի ջրի խնդիրը:

«Խոշորացված համայնքում 6200 ընտրող կա, որից, մեր հաշվարկներով, ընտրությանը կմասնակցի 4100 ընտրող»,- հայտնեց Ա. Տիտանյանը:  

Շնողի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են Շնողի գործող գյուղապետ Դավիթ Ղումաշյանը և «Ալսէներգո» ՍՊԸ-ի տնօրեն,  անկուսակցական Լևոն Հոբոսյանը: Շնող խոշորացված համայնքի մեջ մտնելու են  Շնող, Թեղուտ, Քարկոփ համայնքները:

Լևոն Հոբոսյանը «Հետք»-ին հայտնեց, որ համայնքապետ ընտրվելու դեպքում խոշորացված համայնքներում ստեղծելու  է նոր աշխատատեղեր, բարելավելու է գյուղացիների ապրելակերպը:  «Ես գործարար մարդ եմ, միշտ էլ բացել եմ աշխատատեղեր»,- ասաց նա:

Լ. Հոբոսյանը աշխատատեղ ստեղծելու գործում աջակցելու է «Թեղուտ» ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանին, սակայն թեկնածուն,  իր ասելով,  նաև հետևողական է լինելու ընկերության անթույլատրելի արտանետումների նկատմամբ:  

Մեկնաբանություններ (16)

Լիանա
ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼՈՒ: Ժողովուրդը վերջապես հասկանալու՞ է սա: Ամեն տեսակ ղեկավար էլ Ալավերդին տեսել է, հիմի էլ վերջնականորեն հաստատվեց, որ խելացի ու աշխատասեր լինելն է թերություն ու թուլություն, քաղաքը պետք է զարգացնել ուրիշ ճանապարհով: Պարզվում է, որ ղեկավար լինելու համար առանձնապես մեծ խելք ու կարողություն պետք չի ունենալ: Ալավերդին է էլի, հո Երևանը կամ Վանաձորը չի, ձեռի հետ յոլա կտանեն, կգնա:
VARDAN
Օձունի թեկնածուներին նայում ես խայտառակություն են, իրար արժեն բայց ժողովրդին չէ: Հիմի կառավարման մեջ Այվազյանն ու Տիտանյանն ինչով են տարբեր իսկ էն կնկա մասին չեմ էլ ուզում խոսամ, մակարդակը լրիվ զրո: Ախթալան դե Հայկազը որ մի բան չկարենա էլ, Խաչիկյանի պես ախպեր ունի համ էլ ահագին փորձ: Էն երկուսի մասին պետք չի խոսալ, որովհետև շանսեր չունեն անցնելու: Իսկ ամենախայտառակ վիճկում հայտնվեց Ալավերդին: Վարոսյն Արտավազդի ընտրության ժամանակ գոնե թողին մարդիկ ընտրելու հնարավորություն ունենան, ինչ անենք թե Բաբայան Կամոն հայհայ ընտրվում էր: Բա հիմի կարելյա սենց ձեռ առնել մարդկանց: Խոշորացում էին անում թե վաբշե մասնատում.թող ինչ խաղ ուզում ա կանչեին: Լավ ձև չկա՞ օրենք փոխեն մի բան անեն, սաղ պաշտոնները նշանակեն ու էս ժողովրդին հանգիստ թողան, իրարով չտան, բերեն ասեն սա ասենք թե տրակտորիստ Ռուբիկն ա, բայց ձեր քաղաքապետն ա լինելու, պետք ա ղեկավարի քաղաքը դուք էլ ընդունեք ու վերջ: Մարդկանց իրարով են տալիս թշնամի սարքում, գյուղերում խոտի դեզեր են վառում, անասուններ գողանում էս ընտրությունների հողի վրա, էրկու ախպեր իրար բարև չեն տալի: Ալավերդու ձևը շատ լավն ա, պետք ա բոլոր տեղերում տենց անեն:Էնքան ա թեկնածուն ծանոթանա ժողովրդի հետ ու հերիք ա, դեմքով էլ իմանան ճանաչեն ով ա իրանց քաղաքապետն ու վերջ: Ու ջուրը իրա ճամփով կգնա: Ժողովուրդն ո՞վ ա որ բան որոշի:
Սանթրո
Ասենք ու գոռանք, սրանց տաշաղին չի, որոշել են ու իրանցն անում են: Միտք եմ անում թե որ մեղքի համար են էս կարկուտի տակն ընգած ժողովրդին մին էլ ծեծում ու իրար խառնում: Առաջի միտքս էն ա որ սրանց կոպեկ են տվել ու զակազ տվել թե ըսենց ա պետք, իրանք էլ անում են: Երկրորդ միտքն են ա որ իրանք էլ գլխի չեն թե ինչ են անում, ու շանց են տալի մթամ մի բան են անում, բայց ունքը սարքելու տեղը աչքն էլ են հանում: Երորդ պատճառը էն կլի, որ իրանց զահլեն գնացել ա անպետքը ժաղովրդից, ուզում են բողոքող մողոքող, գլուխ ցավացնող քիչ ըլի: Օրինակ, մղարթի գեղապետը նամակ էր գրել Կարեն կարապետին թե անջուր ենք մնացել, թե խիղճ ունես մի բան արա մեղք ենք: Էնա հմի կասեն տո Մղարթն ինչ ա որ հլա վարչապետին էլ նամակ գրի փեչատով բանով ու ամոթանք տա: Օձունում իրանց մի ենթակա կդնեն ու կասեն էդ մանր մունրերի կաշին ընենց վառի որ ծպտուն չլսենք, ընտրելու վախտն էլ որ գա ում անունը կտանք, քամակը պաչելով ընտրեն: Հմի միտք արեք թե սրա վերջը ինչ կլի
Հայկ
Խոշորացումը կապեցին վզներիս, իբր շատ գոհ էինք, հիմա մեր գեղն դառնալու ա աչքաթող մի տեղ, մի հատ էլ մեկ թեկնածու են դրել: Սաղ մեր տեղ որոշել են, պետքա խոշորանաք, սա էլ ձեզ քաղաքապետ, կամ էլ գեղապետը, առեք վայելեք: Հետո էլ ասում են էս իշխանություններին խի չեն սիրում՞
քաղաքացի
Խի Ալավերդի ընտրություն ա՞ լինելու: Էրկու օր առաջ եմ իմացել, որ Նոյեմբերի 5-ին քաղաքապետի ընտրություն ա: Բա քարոզարշավ խի չկա, որ մարդիկ տենան ում են ընտրելու, թե արժանի չենք գոնե հետագա քաղաքապետին ճանաչելու, ծրագիրը իմանալու,կամէլ կարող ա դրա հարկը չկա:Ինչանենք թե քաղաքապետարանում իրան լավ գիտտեն ու իրանց հետ աշխատած մարդ ա, մենք էլ հեչ հաաաա:Չնայած ընտրության չեմ էլ գնալու մանավանդ որ մի թեկնածու ա, նշանակած մարդ ա, ավագանի էլ ոչ բարեկամ ունեմ ոչ էլ մինչեւ էսօր կարացի ջոկեմ թե խի են իրանց ջարդելով ավագանի դառնում:
Կամո
թարգեք էս խաղերը ամոթա, հլա էս ինչերեք անում: Սասունից հե՞տո ում եք բերելու, ասեք թոգերը պատրաստենք գնանք կախվենք պրծնենք, թարսի պես Դեպետն էլ բարակել ա: Պետք չի էսքան էժանացնել ու զրոացնել ալավերդցիներին, մենք սրան չենք արժանի,:
Անահիտ
Հեռվից հետևում եմ իմ հարազատ Թումանյանի տարածաշրջանում կատարվող իրադարձություններին և մեծ ցավ եմ ապրում առաջին հերթին գյուղի աշխատավոր ժողովրդի համար: Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ և հավատալ, որ խոշորացում կոչվող երևույթը որևէ դրական բան է տալու մեր գյուղերին ու քաղաքներին: Նայեք ու տեսեք արդեն խոշորացած Ակներին, որ այսքան տարի գյուղ հասցնող ճանապարհ չունի: Դրանից լավ օրինակ չեք գտնի: Նայեք Մադան գյուղին, որ կպած է Ալավերդի քաղաքին, տեսեք, թե ինչ է կատարվում այնտեղ: Մադանն էլ գյուղ տանող տրանսպորտ չունի: Սա էլ է լավ օրինակ: Հերթական անգամ մեր ձորի ժողովրդին ծուղակն են գցում, հերթական քայլ են կատարում դեպի հետ, արտագաղթի հերթական ալիքն են նախապատրաստում: Գյուղերը դատարկվելու են: Սա ուրիշ քաղաքականություն է, որի հետևից վազում ենք ազգովին: Գնում ենք իրականացնելու մեր թշնամու դարավոր երազանքը- Հայաստանն առանց հայերի: Իսկ իմ սիրելի, պաշտելի Ալավերդու մասին ուզում եմ ուղղակի լռել: Արժանապատվությունս թույլ չի տալիս որևէ վատ բառ ու կարծիք գրել: Այս ուր է հասել իմ քաղաքը, այս ում տեղն են դրել նրա ժողովրդին:
Sona
Էս քաղաքապետը աշխատեց 2 տարի, հետաքրքիր է ինչքան կթողնեք աշխատի էս մեկին: Փարեմուզյան Լարիսա ջան Խեչումյանին խի չես հարցրել ինքը գիտի քանի տարով է գալիս՞
Artur
Սոնա ջան ես էլ Փարեմուզյան Լարիսային ուրիշ հարց կտայի, թե ինչի չի օրինակ նյութ անում էս պարտադրած թեկնածուի մեկ էլ պարտադրած ընտրության մասին. Թե? սա բոլորին ձեռնըտու տարբերակ ա, կարևորը Սասունը լավ տղա ա:
Անահիտ Դավթյան
Հանրային տրանսպորտում, կրպակներում, կանգառներում որերորդ անգամն է լսում եմ մարդկանց խոսակցությունները այն մասին, որ իմաստ չունի ընտրության գնալու, «էնա նշանակելլ են էլի» , ավելի մեծ տարիքով մարդիկ էլ ասում են, թե «միանգամից նշանակեն, ասեն սա է ձեր քաղաքապետը, թե չէ տեղահան ենք լինում, գնում ընտրության, մեկա էտ մի թեկնածուն ա»: Ու մենք դեռ ժողովրդավարությունից ենք խոսում, խեղջ ժողովրդի վզին կապել են թեկնածուին (կապ չունի թեկնածուի անձը), իրենք էլ արդեն հարմարվել են, էս էլ ձեզ ժողովրդավարություն
Սանահին կայարանի բնակիչ
Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Սասուն Խեչումյանին մեր թաղամասում շատ սպասեցինք: Որքան գիտեմ Ալավերդու ուրիշ թաղամասերում էլ բնակիչների հետ չի հանդիպել: Շատ վատ է, շատ վատ: Եվ այս մարդը ուզում է համայնքի ղեկավար դառնալ, չհանդիպելով ժողովրդին, չխոսելով մարդկանց հետ, գոնե ձևականորեն չքննարկելով նրանց հուզող խնդիրները: Քարոզարշավի ընթացքում սլաքը գյուղերին էր ուղղված, որովհետև անցնել-չանցնելու հարցը հենց գյուղերով էլ ուզում են լուծել: Թեկնածու համար իր ընտրողները փաստորեն գյուղերի բնակիչներն են, մեկ էլ Ալավերդու հիմնարկներում աշխատող ալավերդցիները: Սովորական մարդկանց կամ էլ բանվոր դասակարգի հետ նա խոսելու բան չունի: Ճիշտ չեմ գտնում համեմատելը, բայց ինչքան էլ չհամեմատես, նորի և հնի միջև միշտ էլ զուգահեռներ ես դնում: Ես էլ եմ դնում այդ զուգահեռները ու ցավ ապրում: Վայ էս քաղաքին, վայ էս ժողովրդին, վայ էն Ալավերդուն, որ վաղն է գալու:
ալավերդցի
Ալավերդու քաղաքապետի թեկնածուն ոնց որ Արթուր Խառատյանը լինի, էնքան են գովազդում ու տարածում:
ալավերդցի
կարդում եմ Հետքի Լոռի բերդի մասին նյութն ու հիանու թեկնածուի գիտակցական մակարդակով ու խնդիրները հասկանալու տրամաբանությամբ: Թե չեք ալարում կարդացեք էտ հոդվածը: Իսկ նույնը Օձունի կամ ալավերդու մասին ասելը ուղակի ամոթ ա: Ալավերդու թեկնածունէլ ամեկը, բայց որ լսում ես ոնց որ Ալավերդի պռոբլեմ չլինի, քաղաքը սարքել, դզել ու տվել են իրան:
Մանթաշ
Երեվում ա էս խոշորացում ասածը մի պատուհաս ա դառնալու առանց դրան էլ անճար գյուղացիների գլխին: Հարգելի նախարար Լոքյանը ու իր տեղակալ Վաչե Տերտերյանը ամեն ինչով երդվեցին որ ամեն ինչը «դբա լավն ա գնալու:» Արդեն երեվում ա դրա լավը որն ա: Մանր - մունր գեղերին զրկում են ձայնի իրավունքից ու կուլ են գնալու մեծերին: Բա ամեն մի գյուղից գոնե մի ավագանու դատարկ անդամ չլի, որ խաբար տանի թե ինչ են որոշում: Սա անելու բան չի, հիմա կասեն որ օգնիլ տեն, վաղը իրանց էլած չելածն էլ ձեռներիցը կխլեն: Օձուն համայնքի թեկնածու Բարսեղ ասածը հիմիկվանից պարզ ասում ա որ հոր վրեժը առնելու ա գալի, բա որ ընտրվեց, դրանից էլ ինչ սպասես: էդ վերեւի ջոջերը հեչ չեն էլ մտածում թե էս ժողովրդին ինչ հանցագործի ձեռ են գցում: Ալավերդու սաղ պադռայոնը գիտի դրա հերն ով էր, ինքն ով ա, թե ականջ ու աչք չունեն: Ուրիշ որ բան չլի մարզպետը հենց օձնեցի ա, ինքը խո հաստատ գիտի, որ էդ մարդը դանակով մարդ ծակող ա: Թերթերում գրել են, աշխարհն ա իմացել, հիմա ուզում են դրան 9 գեղի պետ շինեն: Էդ էլ գիտենք դրա մեջքն ով ա, բայց եթե դրան ընտրացրին ուրեմը օձունն էլ էդ գյուղերն էլ ջուրն ընկան
Նախկին լոռեցի
Ուզունլարցիք (Օձնեցիք) տակից կռվարար ու վտանգավոր են եղել, իրենց գյուղով անցող - դարձողին առանց ծեծ տալու բաց չեն թողել, իրանք էլ շատ, դրանց հետ քյալլա տվող չի եղել: Աղջիկ ուզելուց էլ փեսին հարցրել են՝ «պապոնց տանը ինչքան ա կացել» (այսինքը, բանտում եղել է թե ոչ, եւ եթե ոչ, ապա մեծ մինուս է համարվել:) Հիմա մի քիչ բարեկրթվել են, իհարկե: Ասում են նույնիսկՄուկուչյանն ու մարզպետը այդ գյուղից են: Հիմա մեր իմաստուն իշխանությունը շրջակա փոքր գյուղերին ոտով գլխով հանձնում է իրենց ողորմածությանը, աստված բարին կատարի! Չնայած աստվածը որ տեղում լիներ այսքան խելոք իշխանավորություն երեւի չլիներ
Սվետա
«Ես մի բան գիտեմ, որ օրենքով մեկ թեկնածուի դեպքում ընտրություն չի կայանում... շատ էլ ճիշտ ա ասում նոյեմբերի 6-ից ալավերդու քաղաքապետը , ես էլ կասեմ ոչ թե մեկ թեկնածու ա, այլ ժողովրդին պարտադրված թեկնածուն կամ էլ ոչ էլ թեկնածու, այլ քաղաքապետ: Հիմի ինչքան ուզում ա ասեն լավ մարդ ա, ժողովրդի կողմից սիրված ա: Հլա ժողովուրդը իրան թող մի հատ հարց տա, դա ինչ վերաբերմունք ա, ինչ ձև ա, մեկին բերում են ու ասում են կա սա ա, չկա, էլի սա ա: Բա հետո? հետո ժողովրդի համար աշխատելուց եք խոսում, բայց սրանով էլ ցույց տվիք որ ժողովրդի մասին ոչ մեկդ չեք մտածում:Ես որպես իրա քաղաքը սիրող ալավերդցի շատ էլ հիասթափված եմ ու թող չասե կամ քաղաքականություն ա կամ էլ եսիմինչ: Քաղաք ղեկավարելը ամեն մարդու խելքի բան չի, պոչից էլ խոշորացում եք կպցրել ու ուզումեք ակը ցեխից հանել, բայց գործը տենց գլուխ չի գալիս: Ոչ էլ ընտրության եմ գնալու, ուզում ա թերթիկս կեղծեն ինչ ուզում ա անեն, եթե իրանք որոշել են իրանց մարդուն բերել են ու արդեն որոշված ա ով ա մեր քաղաքապետը, էլ հո ես ինձ ձեռ չեմ առնելու գնամ պտիչկա դնեմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter