
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Առաջին ընթերցմամբ քվեարկության ներկայացվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Ինչպես երեկ իրենց քվեարկության մասին հայտնել էին խմբակցությունները, կողմ էին բոլորը` բացի «Ելք»-ից:
Մինչ քվեարկությունը, խմբակցության պատգամավորները, վարման կարգով ձայն խնդրելով, արձագանքեցին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի երեկվա եզրափակիչ ելույթի ժամանակ իրենց ուղղված գնահատականներին:
Հիշեցնենք, որ Սարգսյանը հայտարարել էր, թե Էդմոն Մարուքյանը պարտադիր զինծառայությանը զուգահեռ ուսանել է այն դեպքում, երբ այդ տարիներին հեռահար կրթության հնարավորություն չկար:
«Այո, ծառայության ընթացքում ես օրենքով արձակուրդներ եմ ստացել և հանձնել եմ քննությունները, մնացած պրակտիկան ստացել եմ ծառայությունից հետո»,- ասաց նա:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ևս խոսեց վարման կարգով. «Ի հեճուկս պաշտպանության նախարարի ներկայացման՝ մենք ասում ենք, որ ներկայացված նախագիծը իր թևերն է փռում պճեղի մինինգիտով բանակից ազատվողների վրա, և փաստն այն է, որ այս պրոբլեմատիկան առաջիկայում ավելի է խորանալու, մենք այդ հիմնավորմամբ դեմ ենք օրենքին»,- ասաց նա:
Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց նախարարի այն հարցին, թե ինչ խղճով է ինքը ՊՆ-ից պատվոգիր ստացել այն դեպքում, երբ մեկ օր զորամասում չի ծառայել: Նա ասաց, որ չէր ցանկանա այդ հարցին անդրադառնալ, բայց ստիպված է հանրությանը տեղեկացնել, որ պատվոգիր է ստացել ապրիլյան դեպքերի ժամանակ որպես կամավոր առաջնագիծ գնալու համար: «Նախարարը շեղեց մեր ներկայացրած հիմնավորումից և տարավ անձնական խնդիրների դաշտ»,- ասաց նա:
Հարցը դրվեց քվեակության և ընդունվեց 89 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Մեկնաբանել