HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԿԳՆ-ն առաջարկում է ավագ դպրոցներում անցում կատարել կրեդիտային համակարգին

Կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է կրեդիտային համակարգի փորձնական ծրագիր ներդնել միջնակարգ կրթության երրորդ աստիճանում՝ 10-12-րդ դասարաններում։

Համապատասխան օրենսդրական նախաձեռնության աշխատանքային տարբերակը տեղադրված է արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում։ Ըստ նախագծի հիմնավորման՝ ներդրման նպատակներն են․

Առավել դյուրին դարձնել սովորողների շարժունությունը և անցումը հանրակրթությունից մասնագիտական կրթության:

Միասնականացնել ավագ դպրոցում և մասնագիտական կրթական համակարգում ուսումնական գործընթացի կազմակերպումը:

Հանրակրթությունը համապատասխանեցնել զարգացման միջազգային չափանիշներին:

Նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշմանը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է․

«Ավագ դպրոցը, հանդիսանալով հանրակրթության վերջին՝ երրորդ աստիճանը, համարվում է նախամասնագիտական կրթություն ապահովող հիմնական օղակը, որի գործունեությունից մեծապես կախված է սովորողների մասնագիտական կողմնորոշումը և հետագա ուսումնառության հաջողությունը: Այն կրթության ընդհանուր համակարգի բաղադրիչ մաս է` կոչված ապահովելու ինքնուրույն կյանքի համար շրջանավարտի պատրաստվածությունը` միաժամանակ հանդիսանալով միջանկյալ օղակ` հանրակրթական և մասնագիտական կրթության միջև: Հանրակրթական հիմնական կրթությունից հետո ավագ դպրոցը պետք է ապահովի կրթությունը շարունակելու բազմազան հնարավորություններ` կախված սովորողների մասնագիտական կողմնորոշվածության, նրանց հակումների, ընդունակությունների և կարողությունների մակարդակից»:

Ներդրման առաջին փուլը իրականացվելու է 2018-2019 ուսումնական տարվանից սկսած։ Փորձնական առաջին փուլում ընդգրկվելու են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցը, Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցը:

Նախագծով նախատեսվում է, որ եթե ավագ դպրոցի սովորողն ընդունվում է տվյալ բուհը, հնարավորություն է ստանում իր հայեցողությամբ և գործող մոդելին համապատասխան՝ ազատվելու որոշ հանրակրթական առարկաների ուսումնասիրությունից:

Երկրորդ փուլը մեկնարկելու է 2021-2022 ուստարվանից, ներառելու է Հայաստանի պետական մյուս բուհերի կազմում գործող ավագ դպրոցները ու կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ առանձին գործող բոլոր ավագ դպրոցները:

Երրորդ փուլի մեկնարկը կլինի 2022-2023 ուստարվանից, այն ներառելու է միջնակարգ կրթության 3-րդ աստիճանի կրթական ծրագիր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունները:

Կրեդիտներ հատկացվում են հանրակրթական ծրագրի գնահատման ենթակա բոլոր բաղկացուցիչներին` դասընթացներին, կրթական մոդուլներին, գործնական, ինքնուրույն և ավարտական աշխատանքներին, գիտելիքների գնահատման գործընթացին:

«Ուսումնական տարին կամ ուսումնառության լրիվ ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար սովորողը պետք է ձեռք բերի հանրակրթական ծրագրին համապատասխան սահմանված կրեդիտների անհրաժեշտ քանակը»,- գրված է նախագծում:

Ինչ վերաբերում է տարեկան ուսումնական բեռնվածությանը, ապա 10-րդ դասարանում այն սահմանվում է 1500 ժամ կամ 2000 ակադեմիական ժամ, որը համարժեք է 50 կրեդիտի, 11-րդ դասարանում՝ 1500 ժամ կամ 2000 ակադեմիական ժամ, որը համարժեք է 50 կրեդիտի, 12-րդ դասարանում՝ 1500 ժամ կամ 2000 ակադեմիական ժամ, որը համարժեք է 50 կրեդիտի:

Ուսումնական տարվա տևողությունը 37 (10-11-րդ դասարաններ) կամ 38 (12-րդ դասարան) շաբաթ է: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է երկու կիսամյակով:

Սովորողի շաբաթական ուսումնական լրիվ բեռնվածության առավելագույն չափը 40 ժամ (50 ակադեմիական ժամ) է:

Կրեդիտները մեկ ուսումնական հաստատությունից մյուսը փոխանցելի են: Փոխանցումը կատարվում է սովորողի դիմումի հիման վրա` երկու ուսումնական հաստատությունների համաձայնությամբ:

Մեկ կրեդիտը համարժեք է 40 ակադեմիական ժամի, ինչը հավասար է 30 աստղաբաշխական ժամի: Մեկ կրեդիտը իր մեջ ներառում է ուսումնական պարապմունքներին, գործնական աշխատանքներին և ուսումնական նախագծերի իրականացմանը հատկացված, ինչպես նաև սովորողի ինքնուրույն աշխատանքի, այդ թվում՝ դասապատրաստման համար նախատեսված ժամաքանակը:

Նկատենք, որ նախագծում նշվում է, որ կրեդիտը չի փոխարինում սովորողի թվանշաններով գնահատմանը, իսկ սովորողի վաստակած կրեդիտների քանակը չի որոշվում նրա ստացած թվանշաններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter