HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Կառավարական հոգածություն համայնքներին` խորհրդարանական ընտրություններից առաջ

Խորհրդային բանակում ծառայության ժամանակ գումարտակի ռուս հրամանատար ունեի, ով  համոզված էր, թե աշխարհի ամենալավ շինարարները, ամենաբարձր որակով կառուցողները հայերն են:

Մայոր Բուռնաշովն այդ համոզմունքով գործելով` Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող զինվորական  օբյեկտի տարածքը բետոնապատելու համար չգիտես որտեղից  գտել-հրավիրել էր հայ խոպանչիների բրիգադի: 

Որքան կզարմանար նա հիմա, եթե տեսներ, որ Տավուշի մարզում շինարարները, անտեսելով աշխատանքի որակը, դեկտեմբերյան ցրտին փողոցների ասֆալտապատում, սալիկապատում են կատարում: Նոյեմբերյան քաղաքի Դպրոցականների փողոցը, Կողբ գյուղի Ավագի ձոր թաղամասից մինչեւ գյուղի կենտրոն ճանապարհը դեկտեմբերյան խստաշունչ եղանակին ասֆալտապատվել են, Տավուշի մարզպետարանի շենքի մոտից սկիզբ առնող Իջեւանյան փողոցի սալիկապատում է կատարվել: Ասֆալտապատման համար նվազագույնը 10-15 աստիճան տաքություն է պետք, դեկտեմբերին նման տաքություն եղե՞լ է:

Գարնանը  ասֆալտը  կտաքանա, եւ ի հայտ կգան ձմռանն ասֆալտապատելու տխուր հետեւանքները, սալիկները տաքությունից կուռչեն եւ կպոկվեն: Այդպես եղավ Երեւանում, երբ մի քանի տարի առաջ ձմռանը սալիկապատում էին կատարել: Վերոհիշյալ աշխատանքները Տավուշում կատարվել են պետբյուջեի ֆինանսավորմամբ: Հրատապ լուծում պահանջող համայնքային խնդիրների լուծման համար 2011 թ. պետական բյուջեից Տավուշի մարզին հատկացվեց 632 մլն դրամ:

Այդ գումարով համայնքային կենտրոններ կառուցվեցին Կիրանցում, Հովքում, Նավուրում, իրականացվեց դպրոցական շենքերի շինարարություն: Դիլիջանի Թախտա թաղամասում ավագ դպրոցի ձեւավորումից հետո ցածր դասարանների երեխաները դասի էին գնում բավական հեռավորությամբ գտնվող թիվ 3 եւ թիվ 4 դպրոցներ, ուստի  մանկապարտեզի նախկին շենքը կառուցապատվեց որպես տարրական դասարանների մասնաշենք: Համայնքային հրատապ խնդիրների լուծման նպատակով  կառավարությունն այս տարվա աշնանը  Տավուշի մարզպետարանին հատկացրեց եւս 632 մլն դրամ: Այդ գումարով նախկին ծրագրից կիսատ մնացած 3 օբյեկտների շինարարությունը շարունակվեց, նաեւ գումարներ հատկացվեցին Այգեձոր համայնքում բնական գազի ներքին ցանցի, Բարեկամավանում խմելու ջրագծի կառուցման, մի քանի դպրոցական շենքերի տանիքների նորոգումների համար:

Այժմ բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգումներ են կատարվում Նոյեմբերյանում, Դիլիջանում, Բերդում, Այրումում եւ Ազատամուտում:  Փոխվում են այդ շենքերի հին, մաշված ծածկերը, տեղադրվում ցինկապատ թիթեղներ, կատարվում տանիքի տակ գտնվող փայտային մասի նորոգումներ: Նոյեմբերյան քաղաքում բազմաբնակարան 19 շենք կա, որոնց տանիքները հին ու մաշված են: 2008 թ.` նախագահական ընտրություններից առաջ, նորոգվեցին բնակելի 3 շենքերի տանիքները: Հիմա վերոհիշյալ ծրագրով հատկացված 19 մլն դրամով վերանորոգվում է Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող «Անկյունային՚ շենքի տանիքը: Սահմանամերձ, փոքր քաղաքի սուղ բյուջեն բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման համար գումարներ չունի:

Համապետական քանի՞ ընտրություն է հարկավոր, որ Նոյեմբերյանի  մնացած 15 շենքերի տանիքներն էլ նորոգվեն:  Համայնքային հրատապ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլում հիմնականում նոր համայնքներ են ընդգրկվել, նաեւ շարունակվել է առաջին փուլում կիսատ մնացած Թախտա թաղամասում տարրական դպրոցի մասնաշենքի շինարարությունը, արդեն կառուցված Նավուրի համայնքային կենտրոնում հանդիսությունների սրահ է ավելացել: Հայտնի չէ, թե ի՞նչ սկզբունքով է որոշվել համայնքներում  իրականացված ծրագրերի առաջնահերթությունը: Համենայնդեպս, այդ նպատակով տվյալ համայնքների բնակչության մասնակցությամբ հանրային քննարկումներ չեն եղել: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում տեղեկություններ չգտանք համայնքային հրատապ ծրագրերի ցանկի, յուրաքանչյուր ծրագրի համար նախատեսված գումարի, շինարարական կազմակերպությունների մասին:

Ինչպե՞ս են ընտրվել աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպությունները: Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Վոլոդյա Սարգսյանը մարզային «Տավուշ» հեռուստաընկերությամբ հայտարարեց, որ կառավարության որոշմամբ նախատեսված է մրցույթի այնպիսի կարգ, որ առանց հայտարարություն տալու` շինարարական կազմակերպությունների հետ բանակցություններ են ընթացել: Ըստ նրա` այդպես է արվել, որովհետեւ շինարարական աշխատանքները շատ կարճ ժամկետում պետք է իրականացվեին:

Մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը առաջարկով դիմել է շինարարական կազմակերպություններին, որպեսզի պարզի, թե դրանցից որը ցանկություն ունի այդ աշխատանքները կատարելու եւ ով ավելի ցածր գնային առաջարկ կներկայացնի: Գործից հասկացող ցանկացած ոք կասի, որ այստեղ առկա են կոռուպցիոն ոչ փոքր ռիսկեր: Վոլոդյա Սարգսյանի վկայությամբ`   այդ փորձառու շինարարական կազմակերպությունների աշխատանքին իրենք լավատեղյակ են, գոհ են ծրագրի առաջին փուլում նրանց կատարած աշխատանքի որակից, այդ կազմակերպությունները երկրորդ փուլում արագ տեմպով են աշխատում: Թե մարզի փորձառու շինարարական կազմակերպությունները ինչ որակով եւ բարեխղճությամբ են աշխատում, կարելի է տեղեկանալ 2010 թ. Տավուշի մարզում ՀՀ Վերահսկիչ պալատի կատարած ստուգումների արդյունքներից:

 Վերահսկիչը  Տավուշի մարզպետարանում իրականացրած ստուգումներով  քաղաքաշինության ոլորտում 98 մլն դրամից ավելի խախտումներ էր բացահայտել: 2010 թ. դեկտեմբերի 27-ին Տավուշի մարզպետարանում կայացած Վերահսկիչ պալատի նիստում մարզպետ Արմեն Ղուլարյանը հայտարարեց, որ շինարարության ոլորտում խախտումներ թույլ տված կազմակերպությունների ղեկավարներին հանձնարարական է տրվել վերացնել դրանք, 79 մլն դրամի աշխատանքներ նորից են կատարվելու: Հիմա ո՞վ է ստուգելու կատարած աշխատանքների որակն ու արդյունքները, մի՞թե ամեն տարի Վերահսկիչ պալատը Տավուշի մարզում ստուգում պետք է կատարի:

Երկրորդ փուլում Տավուշի մարզին հատկացված 632 մլն դրամով գումարներ են նախատեսված նաեւ  բազմաչարչար մի խնդրի լուծման համար:  2004-2005 թթ.  պետբյուջեից փոխհատուցման գումարներ են տրվել ադրբեջանական հրետակոծությունից փլված տների տերերին: Ադրբեջանական ռմբակոծությունից մասնակիորեն տուժած 307 տների տերերին որպես օգնություն այժմ հատկացվել է  107 մլն դրամ: Այս ոչ մեծ գումարը հազիվ թե 307 ռմբակոծված տների համար համարժեք փոխհատուցում է: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Վ. Սարգսյանը հայտնում է, որ այդ տները ուսումնասիրվել, լուսանկարվել են, դրանք խմբավորվել են` ըստ վնասվածության աստիճանի, դրանց տերերի հետ փոխհատուցման գումարների վճարման պայմանագրեր են կնքվել:                                     

Մեկնաբանություններ (1)

Nazik Ghazinyan
Paron V oskan Sargisyan,ishxanutiunnerin knnadateluc araj,nax hishir te inkd inchpes es vogevorum kaxakacinerin,ovker janadrabar kandum en shenkeri taniknern ev aid tanikneri tak aprox kaxakacineri tnern,che v or tanikneri beranorogumn katarvum e kaxakapetarani bydjei hashvin

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter