HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հայր Անտոնն առանձնատան խուզարկության ժամանակ իրավապահներին է հանձնել «իշխանափոխությունից» հետո առաջին օրվա իր կազմած պլանը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վահան Շիրխանյանի և մյուսների վերաբերյալ գործով դատական նիստին այսօր սկսվեց փաստաթղթերի հետազոտությունը:

Հետազոտված փաստաթղթերից առավել ուշադրության արժանի էին Նորք-Մարաշում վարձակալած առանձնատանն արված խուզարկության վերաբերյալ, ինչպես նաև խմբի անդամ, ամբաստանյալ Անտոն Դիկրան Թոթոնջյանի` Գյումրիում գտնվող առանձնատան խուզարկության վերաբերյալ արձանագրությունները:

Ըստ գործի նյութերի` իրավապահները Նորք-Մարաշում վարձակալած առանձնատուն են մուտք գործել հատուկ տեխնիկայի գործադրմամբ: Ներսում եղել են խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը և ամբաստանյալներից ոմանք, որոնց թվում՝ այս գործով անցնող կանայք՝ Նելլի Մինասյանը, Մարինե Կաթանյանը և Ասյա Մկրտչյանը:

Առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել են մեծ քանակությամբ նռնակներ, ականներ, պայթուցիկ նյութեր, երեք արկղ փամփուշտ, որսորդական հրացան, ատրճանակներ, դաշույններ, զինվորական կոշիկներ, համազգեստ, ծալովի բահեր, գլխարկներ, խալաթներ, ոստիկանական համազգեստներ, «Հատուկ գումարտակ» գրառումով պահունակներ, ձեռնոցներ, դիմակներ, բերետներ, հեռադիտակ, էլեկտրաշոկ, խլացուցիչներ, նռնակների իմիտացիոն պայթուցիչներ, լարեր, վառոդ, ռացիաներ, ձեռնաշղթա, անօդաչու թռչող սարք:

Արթուր Վարդանյանի կոստյումի ծոցագրպանից հայտնաբերվել է մեծ քանակությամբ գումար՝ 780 հազար դրամ, 3500 եվրո, 13 հազար ԱՄՆ դոլար:

Երբ իրավապահները գնացել են Անտոն Դիկրան Թոթոնջյանին պատկանող Գյումրիի առանձնատանը խուզարկություն կատարելու, վերջինս կամովին մի քանի իր է հանձնել:

Այժմ ազատության մեջ գտնվող ամբաստանյալը, որի խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է, իրավապահներին ասել է, թե հասկանում է՝ ինչ նպատակով են խուզարկում բնակարանը, թե ինչ են այնտեղ փնտրում ու որոշել է ոստիկաններին հանձնել իր մոտ եղած երկու համակարգիչ, որում եղել են Արթուր Վարդանյանի և իր՝ Թոթոնջյանի վերաբերյալ ինչ-որ ֆայլեր:

Հայր Անտոնն իրավապահներին է հանձնել նաև իր կազմած ինչ-որ պլան, որը վերաբերել է իշխանափոխությունից հետո առաջին օրվա՝ դեկտեմբերի 1-ի անելիքներին:

Դատարանում հրապարակված փաստաթղթերից պարզ է դառնում, որ ըստ այս պլանի՝ խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանը պետք է նախագահ դառնար:

Հայր Անտոնի առանձնատնից նաև մեկ էջանոց ինչ-որ փաստաթղթեր են առգրավվել` վերնագրված ««Հայրենիք և պատիվ» կուսակցության ապագա «Սև ցուցակը» կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը» և «Պուտինը կարգելի Ռոբերտ Քոչարյանի մուտքը Ռուսաստան»: Թե ինչ բովանդակություն ունեն վերը նշված փաստաթղթերը, պարզ չէ: 

Շուրջ 3 ու կես ժամ տևած դատական նիստի ընթացքում այսօր անգամ գործի 1-ին հատորի ուսումնասիրությունը չավարտվեց:

Դատական հաջորդ նիստը նոյեմբերի 3-ին է:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորքում վնասազերծվել է զինված խումբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց մի խումբ անձանց, որոնց թվում՝ Վահան Շիրխանյանին:

Ըստ քրեական գործի` «2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում՝ Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter