HY RU EN

Արաքս Մամուլյան

«Եթե շարունակեք նույն ոճով հարցեր տալ, կդադարեցնեմ հարցաքննությունը». դատավորը՝ «Արդշինբանկի» մասնաճյուղի նախկին կառավարչի պաշտպանին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, հոկտեմբերի 27-ին շարունակեց «Արդշինբանկի» վարկը ոչ նպատակային օգտագործելու վերաբերյալ գործի քննությունը:

Նշենք, որ գործի քննության ընթացքում որոշ հարցերի առնչությամբ փորձագետից բացատրություններ ստանալու անհրաժեշտություն էր առաջացել, և դատարանը որոշել էր փորձագետին հրավիրել դատարան՝ փորձագիտական եզրակացության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով:

Մասնավորապես՝ գործի նյութերից երևում է, որ դատաֆինանսատնտեսագիտական փորձագետ Պետիկ Սմբատյանը պահանջել է այն իրավական փաստաթղթերը, որոնցով կարգավորվում է վարկի տրամադրման, դրա մարման ժամկետի հետ կապված գործընթացը, սակայն գործի նյութերում առկա չէ որևէ նշում այն մասին, որ փորձագետը դրանք ստացել է, ուստի պաշտպանական կողմը ցանկանում էր փորձագետից ճշտել՝ արդյոք վերջինս ստացել և հետազոտե՞լ է վերը նշված փաստաթղթերն, ու եթե ոչ, ապա առանց իրակավան հիմքերի մասին համապատասխան տեղեկություն ունենալու ինչի՞ հիման վրա է նա փորձագիտական եզրակացություն տվել:

Արթուր Կարապետյանն, ով 2009-2013 թվականների ընթացքում եղել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Երևան» մասնաճյուղի կառավարիչը, մեղադրվում է դեղերի և սննդային հավելումների արտադրությամբ զբաղվող «Հագենաս» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Գևորգյանի կողմից 2012թ. ընթացքում «Արդշինինվեստբանկ»  ՓԲԸ-ից ( Բանկն այժմ վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի. հեղ) ստացված, միջազգային կազմակերպությունների՝ «Ուորլդ բիզնես կապիտալ ինկ»-ի և «Ասիական զարգացման բանկ»-ի կողմից տրամադրված ընդհանուր 471.800.000 ՀՀ դրամ նպատակային վարկը ոչ նպատակային օգտագործելուն օժանդակելու, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով, այլ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով, բանկի կանոնադրությամբ սահմանված իր կարգադրիչ և այլ լիազորությունները բանկի շահերին հակառակ օգտագործելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իր լիազորությունները չարաշահելու մեջ, որով, ըստ մեղադրանքի, բանկի հաճախորդ, ավանդատու Կարեն Գևորգյանի համար առաջացել են  ծանր հետևանքներ:

Մասնավորապես, ըստ գործի նյութերի, «Հագենաս» ՍՊԸ-ն «Արդշինբանկ»-ից  շրջանառու միջոցների համալրման նպատակով վարկ է վերցրել, հայտնել, որ պետք է  որոշ տեսակի ալկոհոլային խմիչքներ արտահանի, սակայն վարկը նպատակային չի օգտագործել, բանկի հանդեպ պարտավորությունները ոչ պատշաճ է կատարել, վարկը մարելու համար լրացուցիչ ժամանակ է խնդրել, պարտավորություն ստանձնել այն մարելու, որը դարձյալ չի մարել:

Վարկը ստանալու համար գրավադրված է եղել բանկի ավանդատու Կարեն Գևորգյանի, ինչպես նաև վերջինիս աղջկա և կնոջ՝ բանկում ունեցած ավանդը, և վարկային պարտավորությունները «Հագենաս» ՍՊԸ-ի կողմից չմարելուց հետո իրականացվել է գրավի առարկա հանդիսացող ավանդի հաշվին պարտավորությունների մարում, այսինքն` « Հագենաս» ՍՊԸ-ի  չկատարված վարկային պարտավորությունները մարվել են Կարեն Գևորգյանի և վերջինիս ընտանիքի գրավադրած ավանդի հաշվին: Ըստ գործի նյութերի՝ Կարեն Գևորգյանին այսպիսով  պատճառվել է  660.067.236.3 ՀՀ դրամի նյութական վնաս, իսկ Արթուր Կարապետյանն այս ամենում նյութական շահագրգռվածություն է ունեցել:

Արթուր Կարապետյանը պնդում է, թե ինքն է Կարեն Գևորգյանին առաջարկել գրավադրել իր ավանդն ու վերջինս համաձայնել է, մինչդեռ Կարեն Գևորգյանը պնդում է, որ ինքը տեղյակ չի եղել իր ավանդի գրավադրման մասին: Թեև Գևորգյանի, վերջինիս կնոջ և դստեր ստորագրություններն առկա են վարկի տրամադրման փաստաթղթերում, գործով տուժող ճանաչված Գևորգյանը հայտնում է, որ այդ ստորագրությունները խաբեությամբ են իրենից կորզվել այն ժամանակ, երբ հերթական անգամ «Արդշինբանկում» ունեցած իրենց ավանդների պայմանագրերը երկարացնելու անհրաժեշտություն է առաջացել:

Ըստ տուժողի ներկայացուցիչ Հրանտ Անանյանի՝ Կարեն Գևորգյանի համար անընդհատ բանկ գնալը տեխնիկական խնդիր է եղել, ավանդի հետ կապված պայմանագիրը հիմնականում 6 ամիսը մեկ թարմացնելու անհրաժեշտություն է եղել, ձգտել է արագ գնալ, ստորագրել համապատասխան փաստաթղթերն ու չի իմացել, որ ստորագրել է նաև այնպիսի մի փաստաթղթի տակ, համաձայն որի՝ թույլատրում է իր ավանդը որպես գրավ դնել իր համար միանգամայն անծանոթ անձին վարկ տրամադրելու համար:

Արթուր Կարապետյանի պաշտպան Բագրատ Պետրոսյանի պնդմամբ՝ իր  պաշտպանյալին մեղադրում են այնպիսի լիազորությունների չարաշահման մեջ, ինչպիսի լիազորություններ ինքն ի պաշտոնե չի ունեցել: Ըստ պաշտպանի` անգամ ցանկության դեպքում Կարապետյանը չէր կարող առանց վերադասի կողմից լիազորվելու վարկի հետ կապված որևէ գործարք կատարել:

Այս գործով նախորդ դատական նիստին փորձագետն, ի պատասխան դատարանում հնչած հարցի, հայտնեց, որ փորձագիտական եզրակացությունը տվել է առանց իր կողմից պահանջված փաստաթղթերը ստանալու:

Փորձագետը դատարանին պարզաբանեց, որ երբ ինքը ստացել է գործի նյութերը, անմիջապես պահանջել է մատնանշված փաստաթղթերը՝ մտածելով, որ դրանք կարող են անհրաժեշտ լինել, սակայն քրեական գործում այդ փաստաթղթերի վերաբերյալ որոշակի նշումներ են եղել, ինքը դրանց բովանդակությանը մոտավոր ծանոթ է եղել ու թեև չի ստացել իր պահանջած փաստաթղթերը` կարողացել է տալ դատաֆինանսատնտեսագիտական եզրակացությունը, համաձայն որի՝ եթե  բանկը իր իրավունքներն իրացներ և համապատասխան ստուգումներ կատարեր, ապա «Հագենաս ՍՊԸ-ն չէր կարող խախտումներ թույլ տալ:

«Անկախ ամեն ինչից, վարկային և գրավի պայմանագրերում եղած փաստաթղթերը հիմք են հանդիսացել եզրահանգումներ կատարելու համար և այլ նորմատիվ ակտերի անհրաժեշտություն չեմ տեսել»,- դատարանին հայտնել էր փորձագետը:

Մինչդեռ ամբաստանյալ Արթուր Կարապետյանի պաշտպանը՝ Բագրատ Պետրոսյանը պնդում է, որ բանկի իրավական նորմատիվ փաստաթղթերն ուսումնասիրելու դեպքում ակնհայտ կլինի, որ Արթուր Կարապետյանը մեղավորություն չունի իրեն մեղսագրվող արարքում:

Հաշվի առնելով, որ փորձագետ Պ․Սմբատյանը նախորդ նիստին իր խոսքում նշել է, որ քրեական գործում իր կողմից պահանջված, բայց այդպես էլ չուսումնասիրված փաստաթղթերի վերաբերյալ որոշակի նշումներ են եղել, և ինքը դրանց բովանդակությանը մոտավոր ծանոթ է եղել՝ ամբաստանյալ Կարապետյանի պաշտպան Բագրատ Պետրոսյանը, մատնանշելով կոնկրետ փաստաթղթեր, այս դատական նիստին  փորձում էր ընթերցել դրանց բովանդակությունն ու պարզել, թե արդյոք դրանք ծանո՞թ են փորձագետին:

Դատավոր Պողոսյանը, սակայն, Պետրոսյանին թույլ չտվեց ընթերցել փաստաթղթերի բովանդակությունը՝ նշելով, որ պաշտպանը կարող է այդպիսի հարյուրավոր իրավական նորմեր բերել ու շարունակ ընթերցել:

Դատավորն առաջարկեց մատնանշել փորձագետի կողմից տրված եզրակացության՝ պաշտպանին հետաքրքրող հատվածն ու ընթերցել դրա վերաբերյալ կոնկրետ հարցը, քանի որ փորձագետը հարցաքննվում է իր տված փորձագիտական եզրակացության վերաբերյալ:

«Դուք ընդհանուր բնույթի հարցեր եք տալիս, նույն հարցերը նույն հաջողությամբ կարող ենք ձեզ տալ, ընդհանուր բնույթի ցանկացած հարց կհանվի»,- պաշտպանին դիմելով՝ ասաց Գագիկ Պողոսյանը:

Բագրատ Պետրոսյանն ի պատասխան նշեց, որ պաշտպանական կողմը հարցեր տալու իրավունք ունի, և դատարանը կարող է հանել այն հարցերը, որոնք փորձագետին վերաբերող չի համարի:

«Պարզաբանում եմ. եթե շարունակեք նույն ոճով հարցեր հնչեցնել, ապա դատարանը ոչ միայն կհանի հարցերն, այլ նաև կդադարեցնի պաշտպանի կողմից հարցաքննությունն ու հարց կբարձրացնի վերջինիս վարքի վերաբերյալ՝ գնահատելով դա որպես դատական նիստի կարգը խախտելու, ձգձգելու փորձ կամ նախագահողին չենթարկվելու քայլ»,- փաստաբանին դիմելով՝ ասաց Գագիկ Պողոսյանը:

Բագրատ Պետրոսյանը նշեց, որ դատարանի նման գործելաոճի դեպքում կխախտվի իր պաշտպանյալի` Արթուր Պետրոսյանի պաշտպանական իրավունքը, բայց և այնպես, հաշվի առնելով դատարանի դիրքորոշումը՝ սկսեց մեկ հարցի մեջ ամփոփել այն բոլոր իրավական ակտերի վերաբերյալ հարցերը, որոնք նախատեսել էր փորձագետին տալ՝ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով:

Այսօրվա դատական նիստին փորձագետին հարց ուղղվեց նաև այն մասին, թե ինչո՞ւ վերջինս չի անդրադարձել փորձագիտական եզրակացությամբ իրեն առաջադրված հարցին, թե կոնկրետ ո՞ւմ մեղքով «Արդշինբանկի» վարկը նպատակային չի օգտագործվել, սակայն փորձագետից այս առնչությամբ այդպես էլ հնարավոր չեղավ կոնկրետ ու հստակ պատասխան ստանալ:

Դատավոր Պողոսյանը տևական ժամանակ փորձում էր փորձագետ Պ․ Սմբատյանին բացատրել հարցի էությունը՝ այն, որ եթե փորձագետին հարց է առաջադրված, ապա վերջինս պետք է եզրակացության մեջ դրան անդրադառնա, իսկ եթե հարցին պատասխանելն իր իրավասության մեջ չի մտնում, ապա այս մասին ևս պետք է  գրի փորձագիտական եզրակացության մեջ, ինչը և Սմբատյանը չի արել:

Փորձագետը նշեց միայն, որ ինքը կոնկրետ անձանց վերաբերյալ եզրակացություն չի տվել, այլ գրել է բանկի խախտումների մասին:

Նշենք, որ «Հագեսնաս» ՍՊԸ-ին 4 անգամ շրջանառու միջոցներն ընդլայնելու վերաբերյալ վարկ է տրամադրել: Մեղադրող դատախազը փորձագետից հետաքրքրվեց, թե արդյոք յուրաքանչյուր վարկից հետո ընկերության շրջանառու միջոցներն ավելացե՞լ են, և փորձագետը նշեց, որ դրանք չեն ավելացել:

Ավելին, փորձագետն ընդգծեց, որ «Հագենաս»-ի տնօրենը երկրորդ վարկից հետո բացակայել է Հայաստանից, և այս պայմաններում հարց բարձրացրեց, թե ո՞վ է ստացել վարկը, ո՞վ տնօրինել այն:

Փորձագետի հարցաքննությունն ավարտվեց: Լրացուցիչ հարցեր առաջանալու դեպքում վերջինս լրացուցիչ հարցաքննության կհրավիրվի:

Լուսանկարում՝ փաստաբան Բագրատ Պետրոսյան եւ դատավոր Գագիկ Պողոսյան