HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ոստիկանության նախկին աշխատակիցը դադարեցրել է հացադուլը, վաղվանից նստացույց կանի

Երեք օր հացադուլ հայտարարած ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կապանի պահպանության բաժնի նախկին ոստիկան Աշոտ Մկրտչյանը գիշերը դադարեցրել է հացադուլ' պայմանով, որ վաղվանից նստացույց կսկսի։ Մկրտչյանը հացադուլը դադարեցրել է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հորդորով, որը խոստացել է անձամբ զբաղվել Աշոտի պահանջներով։

Ոստիկանության նախկին պաշտոնյան պահանջում է վերականգնել իրեն աշխատանքում և ոստիկանության պոլիկլինիկայում վիրահատել կնոջը, քանի որ այդ պոլիկլինիկայի բժիշկների սխալ բուժումների արդյունքում ուռել է կնոջ ուսը, մեջքի ցավեր ունի, իսկ լյարդը ճարպակալել է։

Աշոտ Մկրտչյանը ոստիկանության համակարգում աշխատում էր 1999 թվականից, բնակվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքում, իր խնամքին ունի չորս անչափահաս երեխա։ Հիշեցնենք, որ սեպտեմբերին մեզ հետ զրույցում Աշոտ Մկրտչյանը հայտնել էր՝ 2016 թվականի օգոստոսի 19-ին աշխատանքից ազատվել է բժիշկների սխալ բուժումների ու եզրակացության հիման վրա։

Մկրտչյանը հացադուլ է արել Կապան քաղաքում՝ Սյունիքի մարզպետարանի դիմաց։ Կինն ու չորս երեխաները մինչ ուշ գիշեր եղել են նրա կողքին։ Աշոտի փոխանցմամբ՝ հացադուլի առաջին օրը իր մոտ եկել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը. «Մարզպետը եկավ առաջին օրը, թե' տղա ջան, ամոթ ա, էլի, լավ բան չի, որ դու անում ես։ Ասում ա՝ արածդ հիմարություն ա։ Ասեցի՝ ոչ մի հիմարություն էլ չկա։ Էսօր իմ ընտանիքին ի՞նչ վիճակի մեջ են գցել»,-ասում է Աշոտ Մկրտչյանը։

Մինչ այդ այցելությունը եւ այդ օրն էլ մարզետը նախկին ոստիկանին հայտնել է, որ նրա պահանջներն իր իրավասության ներքո չեն, ինքը որևէ կերպ չի կարող նպաստել դրանց լուծմանը։

Աշոտի հաղորդմամբ՝ հացադուլ հայտարարելուց 20 օր առաջ մարզպետին, Կապանի քաղաքապետին և տեղի հիվանդանոցին դիմում-նամակով տեղեկացրել է հացադուլի մասին, սակայն նրանցից որևէ պատասխան չի ստացել, հացադուլի օրերին էլ որևէ բժիշկ իրեն չի այցելել և բուժօգնություն ցուցաբերել։

Հավելենք, որ Մկրտչյանն իրեն աշխատանքից ազատելու մեջ մեղադրում էր նաև իր պետ Արտաշ Մարտիրոսյանին, որը, նրա փոխանցմամբ, տարիներ առաջ անձնական անախորժություններ է ունեցել իր ընտանիքի անդամների հետ և նրանց հետ «հարբերությունները պարզել» իր միջոցով՝ բժշկական հանձնաժողով ներկայացնելով ոչ ճիշտ բնութագիր։

Նախկին ոստիկանի աշխատանքից ազատման հրամանի հիմքում դրվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի այն հոդվածը, որով ծառայողները ոստիկանությունում ծառայությունից ազատվում են հիվանդության պատճառով' ծառայությանը ոչ պիտանի լինելու մասին ոստիկանության բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա։

Լուսանկարները՝ «Կապանի Քաղաքացիական երիտասարդական կենտրոն քաղաքացիական նախաձեռնություն» ֆեյսբուքյան էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter