HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

25 օր է` «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը հացադուլ է հայտարարել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավոր Մելիք Եսայանը հոկտեմբերի 3-ից հացադուլ է հայտարարել: Կալանավորը առողջական խնդիրներ ունի, դժգոհում է դատարանի կողմից իր նկատմամբ ընտրված  խափանման միջոց կալանավորման դեմ, որի պատճառով, ըստ Եսայանի, ինքը զրկվում է պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից:

Մելիք Եսայանի փաստաբան Սամվել Հովհաննիսյանի խոսքով՝ իր պաշտպանյալի մոտ ախտորոշվել է երրորդ աստիճանի հիպերտոնիկ հիվանդություն, որն անբուժելի է: Փաստաբանն ասում է՝ թեև  քրեակատարողական հիմնարկը Եսայանին տրամադրում է համապատասխան դեղորայք, բայց կյանքի համար վտանգավոր հիվանդության պայմաններում, ինչպիսին երրորդ աստիճանի հիպերտոնիան է, իր պաշտպանյալը չպիտի պահվի կալանքի տակ: Հովհաննիսյանի խոսքով՝ Եսայանի ճնշումը հասնում է 240-250-ի:

Նշենք, որ հոկտեմբերի 25-ին Մ. Եսայանի վիճակը վատացել է: Քրեակատարողական վարչությունից մեզ հայտնեցին, որ առողջական վիճակի վատացումը կապված է եղել ճնշման հետ, քրեակատարողական հիմնարկում նրան առաջին բուժօգնություն է տրամադրվել, հրավիրվել է նաև Շտապօգնություն, այսինքն՝ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ:

ՔԿՀ-ից տեղեկացանք նաև, որ Եսայանը հացադուլ սկսելու մասին հայտնել է հոկտեմբերի 3-ին: Կալանավորը հրաժարվել է տեղափոխվել հացադուլ հայտարարած անձանց համար նախատեսված խուց: ՔԿՎ-ի փոխանցմամբ՝ Եսայանը հայտնել է, որ իր իրավունքն է՝ կգնա հացադուլ հայտարարած անձանց համար նախատեսված խուց, թե ոչ:

Մելիք Եսայանը 2008 թվականի մարտի 11-ից մինչև 2013 թվականի մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում եղել է «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության վարչության նախագահի տեղակալ, տարածքային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրենը:

Մեղադրվում է «Հայբիզնեսբանկի»-ի շահերին հակառակ, մի խումբ անձանց, այդ թվում՝ նույն բանկի վարչության նախագահի, օտարերկրյա քաղաքացիների հետ նախնական համաձայնությամբ, 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5.804.577.000 ՀՀ դրամին համարժեք 10.980.000 եվրո գումար հափշտակելու մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter