HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արևածագում նախընտրական լարվածություն է. գործող և նախկին գյուղապետերը պայքարում են Արևածագի վարչական ներկայացուցիչ դառնալու համար

Օձունի խոշորացված համայնքի ղեկավարի ընտրության համար պայքարում է 3 թեկնածու՝ անկուսակցական Բարսեղ Այվազյանը, Դոնարա Հախինյանը և ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող գյուղապետ Արսեն Տիտանյանը: Օձուն համայնքը կձևավորվի Օձուն, Հագվի, Այգեհատ, Մղարթ, Արևածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Արդվի համայնքների միացումով: 

Գործող և նախկին գյուղապետեր Արթուր Հովհաննիսյանն ու Սամվել Սարգսյանը  նոյեմբերի 5-ի Օձունի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների քարոզչության այս օրերին  մրցապայքար են սկսել՝ խոշորացված Օձուն համայնքի ղեկավարի Արևածագի վարչական ներկայացուցիչ դառնալու համար: 

Իրենց նպատակին հասնելու համար նախկին և ներկա գյուղապետերը 2016թ.-ի հոկտեմբերի 2-ի ՏԻՄ  ընտրությունների իրենց օգտին քվեարկած ընտրողներին փորձում են պարտադրել նոյեմբերի 5-ին քվեարկել խոշորացված Օձուն համայնքի ղեկավարի իրենց նախընտրած թեկնածուի օգտին: Արևածագի շարքային ընտրողները դժգոհում են  իրենց ուղղորդելու համար:  

Համայնքների խոշորացումը արևածագցի Ռազմիկ Հովհաննիսյանի սրտովը չէ:

«Հվատում չեմ, որ էս 8 համայնքները միանան, իմ կյանքում բան կփոխվի: Մինչև հիմա ինչ է եղել մեր գեղի ու ժողովրդի հմար, որ խոշորացումից եդը լինի»,- ասաց Ռազմիկը: 

Վերջինս պատմեց, որ գյուղացիների մի մասը ընտրություններին ոնց ուզում է, այնպես էլ ընտրում է. «Ով խոշորացվող Օձուն համայնքի ղեկավարի որ թեկնածուի մոտիկն ա, ասում ա՝ նրան կընտրես: Բա բրախու՞մ են մեզ հանգիստ: Դու գիտես ո՞չ, որ ասում են: Հա, մեզ էնքան ասում են սրան կընտրես, նրան կընտրես, կարելի ա ասել զզվացրել են»,- դժգոհեց Ռազմիկ Հովհաննիսյանը: 

Սամվելը 2016թ.-ի  հոկտեմբերի 2-ի ընտրությանը 23 ձայնի տարբերությամբ պարտվել է  գործող գյուղապետ Արթուր Հովհաննիսյանին: Արևածագում ընտրություններին փաստացի մասնակցում է 500 ընտրող: Ռիմա Սարգսյանի  խոսքով, գյուղի 50 տոկոսից ավելին Արթուր Հովհաննիսյանի ընտրողներն են: «Սամվել Սարգսյանն անցյալ տարի՝ հոկտեմբերի 2-ին գյուղապետ չընտրվելուց հետո, գյուղում շատ կռիվներ է ստեղծել: Նա իրեն չընտրող արևածագցիների դեմ պատերազմ էր սկսել, գյուղի ջահելներին իրարով էր տալիս: Հիմա էլ թեև չի ընտրվել գյուղապետ, բայց ամբողջ Արևածագը խառնել է իրար, ուզում է ամեն գնով նշանակվել Արևածագի վարչական ներկայացուցիչ»,- պատմեց Ռիման: 

Պարուսույց Գագիկ Շերմազանյանի ասելով` 2016թ.-ի հոկտեմբերի 2-ի համայնքապետի ընտրությունից հետո,  մի պահ  հետընտրական կրքերն Արևածագում հանդարտվել էին,  բայց  խոշորացված Օձուն համայնքի նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների շեմին լարվածությունը գյուղում կրկին մեծացել է:

«Իրեն ընտրող բարեկամների ու հարազատների քվեները օգտագործելու միջոցով  նախկին գյուղապետ Սամվել Սարգսյանն ուզում է նշանակվել խոշորացվող Օձուն համայնքի ղեկավարի Արևածագի վարչական ներկայացուցիչ: Սամվել Սարգսյանը խոստացել է իր բարեկամների և նախկին ընտրողների քվեները տալ այն թեկնածուին, ով իրեն կնշանակի Արևածագի վարչական ներկայացուցիչ: Գործող և նախկին գյուղապետերի կռվի հիմնական պատճառն այժմ Արևածագի  վարչական ներկայացուցիչ նշանակվելն է»,- բացատրեց Արևածագի մշակույթի տան պարուսույց Գ. Շերմազանյանը:

Թե ով կլինի խոշորացված Օձուն համայնքի ղեկավարի Արևածագի վարչական ներկայացուցիչ, պարզ կլինի նոյեմբերի 5-ի ընտրությունից հետո: Գագիկ Շերմազանյանի ասելով` եթե Արևածագի  վարչական ներկայացուցիչ նշանակվի գործող գյուղապետը, նա  գյուղացիներին ընդառաջող կլինի: Իսկ եթե նախկին գյուղապետ Սամվել Սարգսյանը նշանակվի Արևածագի վարչական ներկայացուցիչ, նորից Արևածագի մշակույթի տունը փակվելու է։ Գագիկն էլ, իր ասելով, կհեռանա աշխատանքից, քանի որ ինքը Սամվել Սարգսյանի հետ չի կարող աշխատել՝ անգամ նրա կողմից իրեն աշխատանք առաջարկելու դեպքում:

«Երբեք: Նա ինձ շատ խիստ է վիրավորել, այնքան, որ արհամարհելով իմ 38 տարվա աշխատանքը, կրճատել տվեց գյուղին խիստ անհրաժեշտ իմ հաստիքը: Ես երեք տարի էն  սառնամանիքին Արևածագից գնացել  եմ Շնող գյուղում պարուսույց աշխատելու»,- պատմեց Գագիկը:  Խոշորացող Օձուն համայնքի համայնքապետի` Գ. Շերմազանյանի նախընտրած թեկնածուն Արսեն Տիտանյանն է: 

Հիշեցնենք, որ  գործող գյուղապետ Արթուր Հովհաննիսյանը նույնպես  զերծ չի մնացել ընտրողների հետընտրական հաշվեհարդարներից: Նա 2016թ.-ի  հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո գյուղապետի  իր լիազորություններն ընդունելուց 2 օր անց՝ նոյեմբերի 23 –ին, իրեն չընտրելու պատճառով համայնքային ծառայող, գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Սիլվա Բաղդասարյանին և հաշվապահ Ռուզաննա Հարությունյանին ազատել է  աշխատանքից:  «Հետք»-ն անդրադարձել է գյուղապետ  Ա.Հովհաննիսյանի կողմից Աշխատանքային օրենսդրության այդ խախտումներին: 

Արևածագցի 80-ամյա Ռուսլան Հակոբյանին հանդիպեցի դեպի սարեր տանող ճանապարահին։ Նա կովերն էր արածեցնում։ «Համայնքների խոշորացումը դժբախտություն է ժողովրդի համար: Հարիր տոկոս: Ի՞նչ տի արվիլ»,- ասաց Ռուսլան Հակոբյանը: Հետո բացատրեց, որ իրեն չեն ասում սրան կամ նրան ընտրի, գիտեն, որ չի ընտրի: Նա ծիծաղելով պատմեց, որ հին ու նոր գյուղապետերը իրարից գյուղապետի պաշտոնը խլեցին: «Աշխարհը տենց ա:  Է՜ն շատ մոտիկները, որ մի կախում ունեն, գնում են նրանց հետևից: Շահ ունեցողները անհանգստանում են, թե ով կընտրվի, բայց իմ նմանները՝ ոչ: Բայց իմացիր, մեր արևածագցիք ավելի լավն են, քան օձնեցիք: Օձունեցիք իրանց հանդերը չեն մշակում, նրանց հանդերը սաղ արևածագցիք են մշակում, նրանք ինձ կամ մեր գեղին ինչ տեն տալ: Ոնց ասեմ»,- ասաց Ռուսլան Հակոբյանը: 

Արևածագի դպրոցի մաքրուհի Մելան Հակոբյանը բնական համարեց, որ հին ու նոր համայնքապետերը պայքարում են խոշորացվող Օձուն համայնքի ղեկավարի Արևածագի վարչական ներկայացուցիչ դառնալու համար։ «Ես ճիշտը կասեմ: Հիմա, որ խոսքի գնամ, ասեմ, էս տվյալ մարդին ընտրի, մեր գեղացիք  չեն ընտրի, ասում են՝ հլա քեզ համար կացի: Մենք արդեն մեր գործը գիտենք։ Հիմա էդ գյուղապետերը ինչքան ուզում է խոսան, գյուղացիները ամենքն իրենց գիտեցածն են անում: Կարճ ասեմ, արդեն ամեն մարդ իրա ուղեղովն ա աշխատում: Էլ էն հին ժամանակների միամիտները չեն, որ ասեն էս 5 հազար դրամն առ, ինձ ընտրի: Փոխվել են ժամանակները»,- բացատրում էր Մելան Հակոբյանը: 

Մեկնաբանություններ (3)

Mane
Մենք բոլոր Արևածագցիներով ընտրելու ենք Արսեն Տիտանյանին,կողքից էլ երեվումա էտ մարդը Օձունը քաղաքա սարքել,մեր գեղնել գզարգացնի
Սուսաննա
Ինչու՞, Գոհար ջան, արևածագցիների «գրագիտությունն աղավաղելը» Ձե՞ր մենաշնորհն է, ուրիշը չի՞ կարող աղավաղել։
ԳՈՀԱՐ
Հարգելի Մանե դա հարց չէ, Արսեն Տիտանյանը յուրահատուկ անձնավորություն է, չեմ էլ կասկածում, բայց, որ Արևածագցիների տեղը խոստացել ես ուրեմն այնպես կանես, որ կարողանաս բոլորի տեղը պատասխանես Արսեն Տիտանյանին: Յուրաքանչյուրս ունենք մեր ձայնի իրավունքը և միայն մեր տեղը կարող ենք պատասխանել: Գրելու ժամանակ մի քիչ հայերենով գրի ամոթ է և խնդրում եմ Արևածագցիների գրագիտությունը մի աղավաղի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter