
«Վանաձոր» ՔԿՀ-ի տարածք թմրամիջոցներ տեղափոխելու փաստով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի տարածք թմրամիջոցներ ապօրինի տեղափոխելու և իրացնելու փորձ կատարելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քննված քրեական գործը: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն:
Այսպես, ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ ինքնությունը չպարզված անձն ապօրինի ձեռք է բերել տնայնագործական եղանակով պատրաստված զգալի չափերով «Հաշիշի յուղ» և խոշոր չափերով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ, ապա` դրանք հիշյալ քրեակատարողական հիմնարկում իրացնելու նպատակով, ապօրինի տեղափոխել է ՔԿՀ-ի վարչական տարածք, պահել հսկիչ անցագրային կետի սանհանգույցի սենյակում գտնվող լվացարանի հետնամասում: Նշված անձն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ նույն օրը թմրամիջոցները հայտնաբերվել են «Վանաձոր» ՔԿՀ աշխատակիցների կողմից:
Դեպքի առթիվ «Վանաձոր» ՔԿՀ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցված և ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործը, օբյեկտիվ նախաքննության իրականացումն ապահովելու նպատակով, հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին:
Նախաքննությունը շարունակվում է Հատուկ քննչական ծառայությունում:
Մեկնաբանել