
Խոշորացող Գյուլագարակի համայնքապետի հասանելի ու անհասանելի թեկնածուները
Գայանե Սարգսյան
Լոռու մարզի խոշորացող Գյուլագարակ համայնքում (այն իր մեջ կներառի Ամրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո, Վարդաբլուր համայնքները) առաջիկա՝ նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին, համայնքապետի պաշտոնի համար իր թեկնածությունն էր առաջադրել 4 թեկնածու: Ինքնաբացարկի ժամկետի հնարավորությունից օգտվելով` թեկնածուներից երկուսը՝ Գյուլագարակի նախկին համայնքապետ Ալեքսանդր Գրիգորյաննն ու «Էյ-Ի-Ջի սերվիս» ՍՊԸ-ի տեղամասի պետ Սայադ Այվազյանը ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել:
Հարցին՝ ո՞րն էր ինքնաբացարկի պատճառը, Ա. Գրիգորյանը պատասխանում է՝ անձնական հարցեր է, բարձրաձայնել չի պատրաստվում: Ս. Այվազյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել:
Այժմ այս համայնքում համայնքապետի թեկնածուները ՀՀԿ-ական, կուսակցության կողմից առաջադրված Կուրթանի համայնքապետ Մհեր Գևորգյանն ու ՀՀԿ-ական, սակայն ինքնառաջադրված Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանն են:
Նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ ու դրան հաջորդող օրերին մեզ ոչ մի կերպ չհաջողվեց կապ հաստատել Խ. Վարդանյանի հետ: Գյուղ կատարած մեր այցի օրը չնայած աշխատանքային ժամին, վերջինս գյուղապետարանում չէր: Աշխատակազմի քարտուղարը պատմեց, որ վերջինս, ընտանիքի անդամներից մեկի առողջական խնդիրների հետ կապված, Երևան է մեկնել: Մեր դիտարկմանը, որ բազմիցս փորձել ենք կապ հաստատել նաև հեռախոսազանգի միջոցով, բայց թեկնածուի հեռախոսահամարը մշտապես անհասանելի է, ի պատասխան` քարտուղարը խոստացավ՝ վաղվանից հասանելի է լինելու:
Դա հոկտեմբերի 23-ին էր: Այս խոսակցությունից անցել է մեկ շաբաթ, թեկնածուն, սակայն, շարունակում է անհասանելի մնալ լրագրողների համար:
Մյուս թեկնածուի՝ Մհեր Գևորգյանի հետ հանդիպեցինք Կուրթանի գյուղապետարանում: Մինչ այդ մեզ հանդիպած գյուղացիների մտավախությունները փոխանցեցինք թեկնածուին՝ մարդիկ մտածում են, որ Կուրթանին ավելի լավ եք նայելու, քան մյուս գյուղերին:
«Դե, բնական է, որ ժողովրդի մեջ էդ խոսակցությունը պիտի լինի, բայց ես չեմ պատրաստվում Կուրթանին ավելի լավ նայեմ: 18 տարի է, ինչ աշխատում եմ Կուրթանում, 27 տարեկանից համայնքապետ եմ...Ինչի՞ պիտի տարանջատենք Կուրթան, Գյուլագարակ... Դրա համար ավագանու անդամներ կան, գյուղերից ներկայացուցիչներ կան: Կնստենք, ներկայացուցիչներով, ավագանու անդամներով, գյուղի ակտիվով կորոշենք, թե ո՞ր խնդիրն ենք առաջնահերթ լուծում: Սկիզբը սկսելու ենք արդարությունից, եթե արդարությունով չսկսեցինք, վերջը շատ վատ ա լինելու»,- նշեց զրուցակիցս:
-Խոշորացումից հետո ինչպե՞ս եք պատկերացնում ձեր աշխատանքը: Որո՞նք են այն առաջնահերթ խնդիրները, որոնց լուծմամբ պետք է զբաղվեք:
-Ճիշտն ասած, խոշորացումն իմ համար նոր բան ա, սաղիս համար նոր բան ա: Մեկ-երկու տարի առաջ եղել ա խոշորացում Թումանյանի, Դիլիջանի շրջանում, բայց հլա որ սայլը տեղից ես չեմ տեսնում, որ շարժվել ա:
Ես Երևանում համայնքների միությունում եղել եմ խորհրդի նիստի, ես խորհրդի անդամ եմ, առաջին դեմը ես եմ եղել: Բայց, որ պահանջվում ա էսօր էս կարգի առաջ գնանք, համայնքների խոշորացում ա պետք, ուրեմն մենք պիտի հայավարի մտածենք ու որպես հայ զավակ, հանենք ջուրը ջրամանից:
Ես կուզեմ, որ առաջնահերթ, բնականաբար, գյուղատնտեսությունը զարգացնենք խոշորացման դեպքում: Զարգացնենք գյուղերը, որ կարենանք քաղաքը պահենք: Կփորձենք ու ինձ թվում է` կհասնենք մեր նպատակին:
Ոչ թե ինքս ինձ առաջարկել եմ խոշորացման համայնքապետի թեկնածու, այլ ինձ առաջարկել են համայնքապետերը: Մենք ժողով ենք արել, մեր համայնքապետերը որոշել են, որ ես եմ լինելու (բացի Գյուլագարակի համայնքապետը. նա ներկա չի եղել):
-Այսինքն, դա գյուղապետերի՞ որոշումն է եղել, թե՞ կուսակցության:
-Սկզբից մենք գյուղապետերով ենք որոշել, հետո նոր կուսակցությունն է որոշել: Կուսակցությունն էլ ա գտել, որ հարմարը ես եմ, երևի որպես երիտասարդ, որպես 18 տարվա փորձ ունեցող, ժողովրդի հետ հարմարվող: Կարող ա ձեզ թվա 18 տարին շատ ա, բայց մենք ունենք 20-22 տարի աշխատած համայնքապետեր: Առաջարկն էլ գնահատեցի ու ընդունեցի...
-Փաստորեն հիմա երկու ՀՀԿ-ական թեկնածուներով եք մրցակցում:
-Ես կասեի, որ իմ հակառակորդը ՀՀԿ չի: Ինքը ուղղակի գնացել ա ներկայացրել ՀՀԿ: Ինքը Օրինաց երկրից ա: Կողքից մեր կուսակցության անունը դուրս եկած ա, չէ՞, որ կասեն՝ հանրապետականները սենց... Էնքան խելոք կուսակցություն ա, որ իրանք լավ էլ գիտեն, ես էլ գիտեմ, որ Խաչիկը գնացել ա ներկայացրել, բայց ինքը հանրապետական չի: Բոլորը կարան ստուգեն, որ ինքը հանրապետական չի:
Այսինքն, երևի տղեն մտածել ա, որ հանրապետականները կրում են, բայց մենք փորձելու ենք... Ես մտել եմ հանձնաժողով, բոլորից մենակ ազնվություն եմ խնդրել: Խնդրել եմ, որ շատ ակուրատնի ընտրություններն անցկացնենք, ոչ մի կեղծիք չլինի: Մենք դիտորդներ ենք ունենալու: Ես ուզում եմ լրիվ տարբերվի մեր էս ընտրությունը: Հանրապետության հարցն ա մնացած բոլոր ընտրությունները, բայց էս 7 գյուղի ընտրությունները նաև իմ խնդիրն է:
-Այսինքն, գտնում եք, որ մինչև հիմա եղած ընտրությունները արդար չե՞ն եղել, որ ուզում եք սա տարբերվի:
-Արդար է եղել, ես ուզում եմ ավելի շատ արդար էղնի: Ես չեմ կարա էն մնացած ընտրությունների մասին ոչ ավել խոսամ, ոչ պակաս...
-Ո՞րն էր պատճառը, որ դեմ էիք խոշորացմանը:
-Ասեմ ինչի համար էի դեմ: Նախ լրատվություն քիչ ունեինք խոշորացման հետ կապված: Միանգամից ինչ երևույթ ուզում ա լինի, մենք դեմ ենք կանգնում բոլորս: Առանց հասկանալու՝ դա ճիշտ ա, թե ճիշտ չի, եթե կառավարությունն ա ուզում, մենք դեմ ենք կառավարությանը: Եթե ժողովուրդն ա ասում՝ կողմ ենք: Սա մեր ժողովրդի մոտ կա:
Դեմ էինք, որովհետև չէինք ուզում միանանք, որովհետև առանձին ավելի հեշտ կլիներ մեր աշխատանքները, քան խոշորացված վիճակով: Բայց դե ինձ թվում ա, որ սխեմա կմշակվի, կարվի էն, ինչ որ պետքն ա...
-Նշում եք, որ տեղեկատվության պակաս կար, դրա համար էիք դեմ: Արդյո՞ք այսօր թեմայի հետ կապված տեղեկատվությունը բավարար է: Համայնքներով մեր հարցումների ընթացքում մարդկանց մեծ մասը չէր էլ պատկերացնում, թե ի՞նչ է ենթադրում խոշորացումը:
-Ժողովրդի համար բավարար չի, բայց ժողովրդին մենք ենք երևի ներկայացնելու:
-Թերացե՞լ եք:
-Ոչ թե թերացել ենք, տալիս ենք, բայց քիչ ենք տալիս, որովհետև սա մեր համար էլ նորություն ա: Մենք փորձը տանում ենք Թումանյանի, Դիլիջանի շրջան, քանի որ էնտեղ էլ կարգավորված չի, չենք կարա մենք... Եթե մարդուն պիտի ինֆորմացիա տաս, ու սխալ ինֆորմացիա տաս, ավելի լավ ա չտաս: Ավելի լավ ա էդ մարդը քո անունը չտա, մանավանդ համայնքապետ ես, չասի՝ մեր համայնքապետն ասում էր լավ ա էղնելու, բայց վատ եղավ: Կլինի՝ կտեսնենք: Լավ կլինի ինձ թվումա:
-Ինքներդ եք ասում՝ Թումանյանի փորձը ցույց է տալիս, որ սայլը տեղից չի շարժվել:
-Սայլը տեղից չի շարժվել, դա հարաբերական ա: Չի ծաղկել համայնքը, նույն ձևի գնում ենք; Բայց սայլը պատրաստ սպասում ա, ինձ թվում ա շարժվելու ա սայլը, որովհետև խոշորացման հետ կան գումարներ, որ պիտի տրված լինեն խոշորացված համայնքներին...
-Գյուլագարակի խմբում ընդգրկվող համայնքներում խնդիրները շատ են. արտագաղթի բարձր տեմպեր, խմելու ջրի խնդիր, չմշակվող հողերի մեծ ծավալներ, բնակչության մոտ վստահության պակաս...
-Սկզբից կփորձենք ծանոթանալ թերություններին, նոր հետո կփորձենք վերացնել հերթով: Փորձելու ենք գյուղատնտեսությունը զարգացնել: Երբ գյուղատնտեսությունը կզարգանա, կաշխատենք ունենալ նաև ֆաբրիկա, նաև ուրիշ բիզնեսներ, որ մեր բարերարները կուզենան: Բայց սկիզբը բերեք ասենք, որ հողով զբաղվեն, գյուղատնտեսությունը ոտքի կանգնացնենք: Իրացման հարց կարողանանք լուծենք: Եթե մենք իրացման հարցը կարենանք լուծենք, մեր ժողովուրդը աշխատող ժողովուրդ ա:
Մեկնաբանել