
Մամեդյարով-Նալբանդյան հանդիպման վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վայրի, օրվա և ձևաչափի մասին դեռևս հստակ պայմանավորվածություն չկա։
Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
«Եթե հանդիպման ժամկետների և վայրի մասին վերջնական պայմանավորվածություն լինի, մենք կտեղեկացնենք»,-ասաց նա։
Նկատենք, որ այսօր ադրբեջանական «Թրենդ» գործակալության հետ զրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ասել է, թե հանդիպումը լինելու է նոյեմբերի կեսին։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հոկտեմբերի 16-ին՝ Ժնևում նախաձեռնել էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Չնայած համանախագահները հայտարարությամբ հանդես եկան, որ հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում և նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ, սակայն Սերժ Սարգսյանը շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Ալիևի հետ առանձնազրույցի ժամանակ որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չեն բերել։
Համանախագահները նաև նախատեսում էին նախագահների հանդիպումից հետո ԱԳ նախարարների հանդիպում նախաձեռնել։
Մեկնաբանել