HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ վարչապետ Կ. Կարապետյանին Կենդանիների պաշտպանության Դինգո Թիմ ՀԿ- ից

Կենդանիների պաշտպանության «Դինգո Թիմ» ՀԿ-ի նախագահ Օվսաննա Հովսեփյանըբաց նամակով դիմել վարչապետ Կարեն Կարապետյանին։ Ստորեւ ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ․

«Հարգելի պարոն Կարապետյան,
Դիմում ենք ձեզ՝ խնդրելով լրջորեն վերահսկել թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունները: 
Հոկտեմբերի 30-ին Քաղաքապետարանում տեղի է ունեցել թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների մատուցման համար մրցույթ հայտարարող հանձնաժողովի առաջին նիստը: Պայմանագրի տեխնիկական բնութագրի հատվածում նշված է, որ նախկինում սպանված շների քանակը բավարար չէր և նոր պայմանագրով առաջարկելու է կտրուկ նվազեցնել ստերջացվող շների քանակը՝ կտրուկ ավելացնելով սպանվող շների քանակը: Հիմնավորումը «միջազգային փորձն» էր, սակայն ի՞նչ կոնկրետ փորձ, ո՞ր երկրից, ինչի՞ հիմնա վրա, մանրամասնված չէ: 

Տեքստը նիստի մասնակիցներին տրամադրվել է նիստից ընդամենը 3 րոպե առաջ և այն իրենից ներկայացրել է 15 էջանոց մի փաստաթուղթ, որի տեքստի շրիֆտը մոտ 4 էր: 

Տեքստին ծանոթանալու և փոփոխություններ ներկայացնելու առաջարկը մերժվել է, տեքստն ընդունվել է 4 կողմ և 2 դեմ ձայներով: 
Հարգելի պարոն վարչապետ, միջազգային փորձի հետ կապված կցանկանանք նշել, որ Դինգո Թիմը մասնակցել է ընտանի կենդանիների բարեկեցության միջազգային ամենամեծ հանաժողովներին՝ 2013թ-ին Բարսելոնայում, 2015թ-ին Պորտուգալիայում և 2017թ-ին Կիպրոսում: Այդ համաժողովներին ներկա են լինում ավելի քան 300 միջազգային կազմակերպություններ ամբողջ աշխարհից, խոսվում է այս ոլորտի բոլոր հարցերի շուրջ և ներկայացվում է հարցերի փորձված ու ճիշտ լուծումներ: 

Երբեք և ոչ մի այս հարցում հաջողված երկիր կենդանիների թվաքանակի նվազեցման չի հասել սպանդի միջոցով: Թափառող կենդանիների թվաքանակի նվազեցման միակ և արդյունավետ մեթոդը մասսայական ստերջացումն է: Այնպես որ որպես սպանդի արդարացում միջազգային փորձը մեջտեղ բերելն առնվազն «թոզ փչոցի է» բոլոր այն մարդկանց աչքերին, ովքեր տեղյակ չեն ոլորտից:

Մենք մեկ տարի առաջ դիմեցինք ձեզ՝ 3000 քաղաքացիների ստորագրություններով, ովքեր խնդրում էին դադարեցնել շների սպանդը: Որպես մեր նամակի արձագանք եղավ նշանակված անարդյունավետ հանդիպումներ Քաղաքապետարանի հետ, որի միակ արդյունքը եղավ լրատվությունով ներկայացնելը, որ «Քաղաքապետարանի ներկայացուցիչները հանդիպել են կենդանասերների հետ», և առավել ևս անհասկանալի հանդիպում Բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ, որոնք ոլորտի հետ որևէ կապ չունեն ու իրենք էին մեզնից հարցնում, թե ինչ է ոլորտում կատարվում առհասարակ:

Հարգելի պարոն Կարապետյան: Խնդրում ենք հարցին ավելի կառուցողական մոտեցում և արձագանք տալ, քանի որ այսպես շարունակվել ուղղակի չի կարող: Կենդանասեր հասարակության համբերությունը սպառման եզրին է: Մեզ ամեն օր դիմում են քաղաքացիներ՝ բողոքի ցույց և նստացույց անելու առաջարկով, միջազգային ուշադրությունը այս հարցին գրավելու խնդրանքով, սակայն մենք դեռ հույս ունենք ավելի քաղաքակիրթ մեթոդներով այս հարցի լուծումը գտնելու: 

Եթե այս տարի պայմանագրի մեջ կտրուկ ավելանա սպանդի քանակը և հարցը շարունակի լուծվել նույն տգետ մեթոդներով, դա հանգեցնելու է չափազանց մեծ բողոքի ալիքի: 

Խնդրում ենք, որ վերանայվի պայմանագիրը և ստեղծվի նորը, որի հիմքում կլինի մասսայական ստերջացում՝ սպանդի փոխարեն: Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ կիսվելու մեր փորձով, կամավորական հիմունքներով մասնակցելու նոր պայմանագրի ստեղծմանը և մշակմանը որպես ոլորտում 2009թ-ից ի վեր ինտենսիվ փորձ ունեցող կառույց:

Հարգանքներով՝ Օվսաննա Հովսեփյան
Կենդանիների պաշտպանության «Դինգո Թիմ» ՀԿ հիմնադիր/նախագահ»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter