
Կրթական քաղաքացիական նախաձեռնության 3 հիմնական պահանջները պաշտոնյաներից
Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը 2018թ․-ի պետբյուջեում կրթության ֆինանսավորման ավելացմանն ուղղված 3 հիմնական պահանջներով և դրանց հիմնավորումներով փաթեթ է ուղարկել կառավարությանն ու Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին: Այս մասին տեղեկացնում է նախաձեռնությունը։ Հիմնական երեք պահանջներն են․
1. Մեծացնել կրթական բյուջեի մասնաբաժինը մինչև ՀՆԱ 3%
2018թ. բարձրացնել կրթության ֆինանսավորման չափը։ Որպես կարճաժամկետ թիրախ սահմանել ՀՆԱ-ի 3 տոկոսը, իսկ միջնաժամկետ թիրախ՝ 4,5 տոկոսը: Կատարել ողջամիտ ներդրումներ կրթական ոլորտում։
2. Ողջամիտ վերաբաշխել ավելացված կրթական բյուջեն
Կրթության ոլորտի ֆինանսավորման բարձրացմանը զուգահեռ կատարել ֆինանսական ներդումներ, բյուջետային ծախսերի վերադասավորումներ՝ ուղղված դպրոցների ու մանկապարտեզների շենքերի նորոգմանն ու արդիականացմանը, կրթության մատչելիության և որակի բոլոր խոչընդոտների վերացմանը:
3. Անվճար մանկապարտեզներ Հայաստանի բոլոր մարզերում
Ապահովել անվճար մանկապարտեզների հասանելիությունը ամբողջ երկրի տարածքում՝ հաղթահարելով Երևան/մարզեր սոցիալական խզումը և կանանց համար ստեղծելով աշխատաշուկա վերադառնալու հնարավորություն։ Ընտրել համայնքներին այդ նպատակով սուբսիդիաներ կամ այլ ֆինանսական ներարկումներ ապահովելու ձևաչափ։
Նախաձեռնության՝ պահանջները ներառող նամակն ուղարկվել է ՀՀ վարչապետին, ՀՀ կրթության նախարարին, ՀՀ ֆինանսների նախարարին, ՀՀ Ազգային Ժողովի կրթության հանձնաժողովին և ՀՀ Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին:
Մեկնաբանել