
Չորս ամսվա ընթացքում հանրապետության բնակչությունը 300-ով նվազել է
Վերջին մարդահամարի տվյալներով, հոկտեմբերի 1-ի դրությամբ, Հայաստանում բնակվում է 2 միլիոն 979 հազար մարդ։ Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, ապա մարդահամարի հուլիսի 1-ի տվյալներից հետո հանրապետությունում բնակչությունը նվազել է 300-ով: Բնակչության թիվը հիմնականում նվազել է քաղաքային բնակչության ցուցանիշի կրճատման հաշվին:
Բնակչության այս թվից 1 միլիոն 898 հազարը բնակվում են քաղաքներում, 1 միլիոն 80 հազարը՝ գյուղերում։ Հանրապետության բնակչության ընդհանուր թվից 36 տոկոսը կամ 1 միլիոն 76 հազարը Երևանում է ապրում։
Բնակչության թվով մայրաքաղաքին զիջում է Արմավիրը, որտեղ բնակվում է 265 հազար մարդ:
Հանրապետության մարզերից Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի մարզերում գերակշռում է քաղաքային բնակչությունը: Մնացած մարզերում բնակչությունը կենտրոնացված է գյուղական համայնքներում: Մայրաքաղաքի և մարզերի բնակչության թվին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված գծապատկերի միջոցով, որում մարզերի գույնը բացանում է՝ ըստ բնակչության քանակի նվազման։
Բնակչության թվով Հայաստանի ամենափոքր մարզը շարունակում է մնալ Վայոց ձորը: Քաղաքային բնակչության թվով Երևանից հետո ամենամեծ թվով բնակչությունը կենտրոնացված է Վանաձորում, որը Լոռու մարզկենտրոնն է: Պաշտոնական տվյալներով՝ այնտեղ բնակվում է 80 000 մարդ:
Երևանի մասին
Ինչպես արդեն նշեցինք՝ Երևանում բնակվում է 1 միլիոն 76 հազար մարդ: 12 վարչական շրջաններից յոթում՝ Աջափնյակում, Արաբկիրում, Էրեբունիում, Կենտրոնում, Մալաթիա-Սեբաստիայում, Նոր Նորքում և Շենգավիթում բնակվում է ավելի քան 100 հազար մարդ:
Մայրաքաղաքում ամենամեծ թվով մարդ բնակվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, իսկ Նուբարաշենը շարունակում է ամենաքիչ բնակչություն ունեցող վարչական շրջանը մնալ:
Հոկտեմբերի 1-ի Երևանի մարդահամարի տվյալները, հուլիսի 1-ի տվյալների համեմատությամբ, փաստում են, որ 4 ամսվա տարբերությամբ մայրաքաղաքի բնակչությունը 1500-ով քչացել է:
Մեկնաբանել