HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Սարի թաղի» գործով վկա. «Քաղաքացիներն ուզում էին ներքև իջնել և ինչ-որ գործողություն կատարել»

«Ժողովրդի մեջ եղել են ոստիկաններ, ովքեր եղել են քաղաքացիական հագուստով, հրահրել են, ու սկսվել է վիճաբանությունը»,- «Սարի թաղի» գործով դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Կարեն Վանոյանը հայտարարությամբ հանդես եկավ և հայտնեց, որ չի հասկանում՝ ինչի մեջ են իրեն մեղադրում: «Իմ մեղավորությունը կասե՞ք, ես 1,3 տարի է, ինչ նստած եմ, ես չգիտեմ՝ ինչու եմ նստած, իսկ ընտանիքս մնացել է բազում խնդիրներով: Ես չգիտեմ, թե որտեղից է գալիս էս ամեն ինչը, ուղղակի ուզում եմ, որ դուք մարդկային ձևով այս ամենը հասկանաք»,- հայտարարեց Վանոյանը:

Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ վտանգավոր բռնություն կատարելու մեջ մեղադրվող ամբաստանյալներ Սարգիս Արաբաջյանի և Կարեն Վանոյանի գործով դատաքննությունը: Նիստի ընթացքում հարցաքննվեցին վկաներ Վիլեն Համբարձումյանը և Հովհաննես Ալեքսանյանը:

Հովհաննես Ալեքսանյանը ցուցմունքի մեջ նշեց, որ Սարի թաղի բնակիչները հնարավորություն են ունեցել երթևեկելու, բաց ճանապարհ է եղել, որով ավտոբուսներ են նաև աշխատել: Իսկ գլխավոր ճանապարհը փակ է եղել, քաղաքացիների անվտանգությունը պահպանելու համար: Վկան տեսել է՝ ինչպես են քարերով խփել ոստիկանության ուղղությամբ: «Տեսա, որ քարն անմիջապես Էրեբունի բաժնի պետի տեղակալի գլխին կպավ, արյուն եկավ»,- հայտնեց վկան։

Հովհաննես Ալեքսանյանը ենթադրել է՝ Սարի թաղի քաղաքացիները եղել են ոչ ադեկվատ վիճակում, եղել են ալկոհոլի ազդեցության ներքո․ «Իրենք, որ սթափ լինեին, ոստիկանության աշխատակիցներին կլսեին, վիճաբանությունը մինչև վերջին կետին չէր հասնի, վիճաբանությունը կդադարեցվեր»:

Վկայի ուշադրության կենտրոնում է հայտնվել դեղին շապիկով քաղաքացի, ով ավելի ակտիվ է եղել: Վկան չհիշեց, թե կոնկրետ ինչ գործողություններ է նա կատարել, չհիշեց նաև հարվածներ հասցնող, բռնություն գործադրող որևէ անձի: Ասաց, որ չի տեսել հրազեն կրող ոստիկանի, չի լսել կրակոցներ զինակից ընկերների կողմից:

Հարցաքննությունից հետո Կարեն Վանոյանը հայտարարությամբ հանդես եկավ և ասաց. «Բոլորին հավաքել են մի տեղ, էս շարադրությունը տվել, ասում է այն բաները, որոնց մեջ մեզ մեղադրում են, որը վերաբերում է ոստիկաններին, դրա մասին լռում են: Մենք նորմալ ձևով իջել ենք ներքև, ես 42 տարեկան տղա եմ, երբեք խմիչք չեմ օգտագործել: Ասել ենք, որ ջուր ու լույս չունենք: Եթե ինձ դիմացինս չվիրավորի, ես ո՞նց կվիրավորեմ նրան»:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը վկայի հարցաքննության ավարտից և նախաքննական ցուցմունքը ընթերցելուց հետո, դիմելով դատարանին, հայտնեց, որ Հովհաննես Ալեքսանյանի ցուցմունքը պետք է անարժանահավատ համարել և նշեց, որ Սարի թաղում կա մեկ հիմնական ճանապարհ, որը ոստիկանության ուժերի կողմից փակված է եղել:

Նիստի ընթացքում հարցաքննվեց Վիլեն Համբարձումյանը, ով ասաց, որ քաղաքացիներն ինչ-որ պատճառաբանություններ են ունեցել, որոնք ոստիկանները չեն կատարել, նշեց, որ ճանապարհը բաց է եղել, իսկ քաղաքացիների պահանջը կապված է եղել ՊՊԾ գնդի հետ: «Ծառայության ընթացքում լսել եմ բարձրաձայն խոսակցություններ, մոտեցա, տեսա, որ քաղաքացիները ոստիկանների հետ վիճաբանում են, այնուհետև քարերով խփեցին, իսկ ես քաղաքացիներին հորդորում էի դուրս չգալ տնից, չմիանալ խմբին»,- հայտնեց վկան:

Ըստ Համբարձումյանի ՝ վիճաբանության մասնակիցները 60-70 հոգի են եղել, որոնց հետ ոստիկանության աշխատակիցները բանակցել են և հորդորել չիջնել դեպի ՊՊԾ գունդ: Վկան նշեց, որ ծառայության ժամանակ եղել է քաղաքացիական հագուստով, հավելեց, որ քաղաքացիական հագուստով այլ ոստիկաններ ևս եղել են: Նա նույնպես նշեց, որ Սարի թաղ գնացող ճանապարհը բաց և երթևեկելի է եղել:

«Ինչո՞ւ էին քաղաքացիները բանակցում ոստիկանների հետ» փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հարցին ի պատասխան` Համբարձումյանն ասաց. «Ուզում էին ներքև իջնել և ինչ-որ գործողություն կատարել, իսկ ոստիկանները չէին թողնում»: Վկայի նախաքննական ցուցմունքը ևս ընթերցվեց: Վկան նշեց, որ ցուցմունքների մեջ անհամապատասախանության պատճառը ժամանակն է, քանի որ արդեն որոշ բաներ մոռացել է:

Այս գործով հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 21-ին, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի պնդմամբ՝ դեռևս 15-ից ավելի վկաների պետք է հարցաքննել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter