HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ավտոստոպ Թուրքիայում (մաս 2)

Թուրքիայում ավտոստոպի 1-ին մասում կարող եք կարդալ, թե ինչպես առաջին անգամ ավտոստոպով ուղևորվեցի դեպի Թուրքիա, դուրս գալիս մոռացա քարտեզը վերցնել, 2000 կմ «ստոպելուց» հետո պարզեցի, որ մինչև Իզմիր արված բոլոր լուսանկարներն անհետացել են տեսախցիկիցս: Այս մասում արդեն հետդարձի պատմությունն է. մի փոքր Անկարայի, ավելի շատ՝ ճանապարհին հանդիպած մարդկանց, փոքրիկ, իրար նման քաղաքների, Պաոլոյի կարմայի, անընդհատ վերջացող և մայթեզրերից հավաքած կիսատ ծխած ծխախոտի մասին։

Անկարան Թուրքիայի միակ խոշոր քաղաքն է, որը ծով չունի։ Թուրքերենով ծովը դենիզն է, այն նաև տղամարդու անուն է, այդ անունն էր կրում հայտնի հեղափոխական Դենիզ Գեզմիշ-ը Անկարայից, ում 25 տարեկանում կախաղան են բարձրացրել։ Եվ երբ անկարացիներին ասում են՝ դուք ծով (դենիզ) չունեք, նրանք պատասխանում են՝ ինչպես թե, մենք ունենք Դենիզ։

Այս բեռնատարի վարորդը պատահող հատուկենտ մարդկանցից էր, ով բացի թուրքերենից` այլ լեզվով էլ էր խոսում, այս դեպքում՝ ռուսերեն, որովհետեև մի քանի տարի Ռուսատանում էր աշխատել։

Բեռնատարի վարորդները երբեմն իրենք են մեքենայի կողամասում կահավորված խցիկում ուտելիք պատրաստում, երբեմն էլ կանգ են առնում ճանապարհային սրճարաններում։

Անկարայում 2 օր այս տանը հյուրընկալեցին։ Այդպես էլ չհարցրեցի, թե 3-րդ հարկում ապրող այդ երիտասարդները որտեղ են աշխատում, բայց նրանց ամենօրյա սովորական ճաշն ու ընթրիքը (նախաճաշ չէր լինում, որովհետև բոլորս հազիվ ճաշի ժամին էինք արթնանում) իմ, երևի, մեկշաբաթյա սնունդի չափաբաժինն էր, որը նույնիսկ իրենք մինչև վերջ չէին կարողանում ուտել, չնայած շատ համեղ էին պատրաստում։

Այս կնոջը հանիպեցինք Անկարայի Կիզիլայ թաղամասում, նա ոչ մի տեղ չէր սովորել, բայց հրաշալի պատմություններ ուներ ու տեղյակ էր աշխարհում կատարվող բազմաթիվ իրադարձություններից։ Մի քանի ժամ զբոսնելուց հետո մեր ճանապարհները մեկ անգամ ևս խաչվեցին, այս անգամ մետրոյում։

Երևի Անկարայի տան համեղ կերակուրներն էին պատճառը, որ տնից գրեթե դուրս չէի գալիս, այդ պատճառով էլ չհասցրեցի նորմալ շրջել քաղաքում։ Ինչևէ, ցտեսություն Անկարա։

Արդեն մթնում էր, երբ այս բեռնատարը կանգնեց. դա բախտը բերել է կոչվում, քանի որ այդ ժամին մարդատարները խուսափում են կանգնել, իսկ բեռնատարները գնում են բավականին երկար, ու կարելի է վերջում քնել խցիկում մինչև լուսաբաց։ Ուշ ընթրիք՝ վարորդի կողմից պատրաստված։

Թեյն այստեղ մի ամբողջ արարողակարգ է, խմում են օրը մի քանի անգամ, փոքր բաժակներով։ Նույնիսկ բենզալցակայանների մոտ սպասասրահներում մեծ թեյնիկ է դրված, որից կարելի է անվճար օգտվել։

Ճանապարհին շատ են միրգ-բանջարեղենով բարձած մեքենաները։

Պաոլոյին հանդիպեցի ծովափնյա Օրդու քաղաքում։ Նա մի քանի ամիս առաջ դուրս էր եկել հայրենի Իտալիայից ու ոտքով հասել Թուրքիա։ Պաոլոն սկզբունքորեն հրաժարվում է մեքենաներով տեղաշարժվել և մտադիր է ոտքով հասնել Հիմալայներ։

Քանի որ մինչև Օրդու հասնելս բավականին արագ էր ստացվել, որոշեցի մի փոքր ժամանակ անցկացնել ծովափում: Ի դեպ, Թուրքիայում առաջին անգամ ծով մտա հենց այստեղ։ Ծովափին բազմաթիվ հանգստացողներ կային, բայց կանայք ընդհանրապես ջուրը չէին մտնում, միայն ոտքերն էին թրջում, իսկ տղամարդիկ երկար շորտերով էին լողում։

Տեղական Ամստերդամը։

Եվս մեկ անգլերեն խոսող մարդ՝ ինֆոկենտրոնի աշխատակից Նիհատը, ում տանն էլ հենց այդ օրը գիշերել էր Պաոլոն։

Երեխային գրկած կնոջ արձան, ճանապարհային նշան ոտքերի տակ։

Այստեղ մրգավաճառները ապրանքը պարկերի մեջ չեն պահում, ամբողջը դրված է վաճառասեղանին, այդպես ավելի շքեղ տեսք է ստացվում, նաև կարելի է մի լավ համտեսել ամեն ինչից մինչև գնելը (կամ գնելու փոխարեն)։

Որոշեցի Պաոլոյին մի փոքր ընկերակցել իր քայլարշավի ընթացքում. քայլելով` միասին դուրս ենք գալիս քաղաքից։

Պաոլոն առիթը բաց չի թողնում հաստատելու, որ շատ բախտավոր երիտասարդ է. քայլելու ժամանակ հենց մայթից գտավ իր այդ օրվա ընթրիքը։

Անտառապատ այսպիսի բնակավայրեր ճանապարհի ողջ երկայնքով կարելի է հանդիպել։

Քաղաքից դուրս գալուց հետո ամեն մեկս իր մեթոդով է շարունակում ճանապարհը. ես՝ ավտոստոպով, Պաոլոն՝ ոտքով։

Չգիտեմ, Պաոլոյին հանդիպելուց հետո իր կարման էր ինձ փոխանցվել, թե ճանապարհի տեսարաններն էին դյութիչ, բայց Օրդույից մինչև Վրաստանի սահման մնացած երեք-չորս հարյուր կիլոմետրը, որը, իմ հաշվարկով, մի քանի ժամում պետք է անցնեի, արդյունքում անցա երեքուկես օրում։

Երեկոյան հասա Գիրեսուն. ընթրիքից հետո արդեն մութն ընկավ։

Որոշեցի մի քիչ զբոսնել քաղաքով. այստեղ փողոցային երաժիշտներն, Իզմիրի պես, ամեն քայլափոխի չեն, բայց հանդիպում են։

Քաղաքի մեջ քնապարկ փռելու տեղ չկա, պետք է քայլել քաղաքից դուրս և մի հարմար տեղ գտնել։

Գիշերն այս կղզին չէր երևում. առավոտյան արթնանալուց հետո առաջին միտքը որ ծագեց՝ տեսնես հնարավոր կլինի լողալով հասնել այնտեղ։

Պաոլոյի կարման դեռ ինձ ուղեկցում է. ամբողջ օրվա ընթացքում հիմնականում քայլում եմ, եթե մի տեղ կանգնում եմ, ու 10 րոպեից ավել սպասելուց մեքենա չի կանգնում, շարունակում եմ քայլել։ Բայց քայլելուց բողոքել դեռ չեմ պատրաստվում. տեսարաններն այսպես ավելի բազմազան են, քան մեքենայի խցիկից նայելիս։

Ահա և այսօրվա առաջին մեքենան։

Երևի բոլոր ազգությունների համար էլ հաճելի է, երբ իրենց լեզվով մի քանի բառ ես սովորած լինում ու փորձում դրանք կիրառել խոսակցության մեջ. մի շաբաթում բավականին թարմացրել էի թուրքերենի բառապաշարս, շատ բառեր նման են ու հանդիպում են հայերի խոսակցականում՝ դուզ, թամամ...։

Նորակառույց մզկիթներն ամբողջ ճանապարհի երկայնքով են, հաճախ բենզալցակայանների ու սննդի կետերի հարևանությամբ, հանդիպում են նաև այսպիսի համադրություններ, չգիտեմ ինչպես է այն կոչվում, երևի՝ ռեստորան-մզկիթ։

Ճանապարհամերձ գերեզմանոց։

Հուշարձան-ինքնաթիռ՝ մզկիթի ֆոնին։

Թուրքիայում ճամփորդած ընկերներս պատմել էին, որ մզկիթների մոտից կարելի է ոչ միայն ջուր վերցնել, այլ նաև ոտքերը լվանալ. ինձ համար դա հետաքրքիր կիրառական մշակույթի բացահայտում էր։

Ինչպես նշեցի, ճանապարհին հանդիպած մզկիթների մեծ մասը նորակառույց էին։ Այս մեկն ընդամենը մեկ տարվա պատմություն ունի։

Մինչև Ռիզե և հետո Վրաստանի սահման մի քանի տասնյակ կիլոմետր էր մնացել, բայց արդեն կանխազգում էի, որ Պաոլոյի կարման դեռ իր «սև գործն» անելու է։

Բնականաբար, այդ օրն էլ գիշերեցի ծովափում։ Ուտելիքս վերջացել էր, մոտս եղած գումարն էլ վերջանում էր, որոշեցի առանց ընթրելու քնել, քայլեցի քաղաքից դուրս՝ դատարկ լողափ գտնելու։ Արդյունքում հայտնվեցի այս լողափում, որտեղ հարյուրավոր մարդիկ երեկոյան պիկնիկի էին եկել։

Այստեղ մի փոքր խորամանկ դիվանագիտություն կիրառեցի՝ պիկնիկի եկած խմբերից մեկին մոտեցա, ծխախոտ խնդրեցի` հիանալի հասկանալով, որ ուսապարկով արտասահմանցի ճանապարհորդին միայն ծխախոտ հյուրասիրելով տեղացիները չեն սահմանափակվի. ահռելի չափի մսով բրդուճը ուտելուց հետո միասին թեյեցինք, հրաժեշտ տալուց էլ ինձ թողեցին գրեթե մի ամբողջ տուփ ծխախոտ ու նախաճաշի համար ուտելիք։

Գիշերվա ընթացքում սրբիչս հասցրեց չորանալ։

Արևի առաջին ճառագայթները Սև ծովի ափին։

Շարունակելով ավտոստոպ-քայլարշավս՝ ճանապարհին հանդիպեցի Լյոշային։ Նա Ռուսաստանից՝ Բառնաուլից, այստեղ-այնտեղ ճանապարհորդելով հայտնվել էր Թուրքիայում և, ինձ պես, ավելի շատ քայլել էր, քան ավտոստոպ արել ու ցանկանում էր ճանապարհի այս հատվածն արագ անցնել. նրան ծանոթացրի` մզկիթներն անձնական խնամքի համար ծառայեցնելու իմ «բացահայտած» եղանակին։

Լյոշան ինտերնետով այս երաժշտական գործիքն էր գնել՝ գլյուկոֆոնը, որի վրա շատ արագ կարելի է նվագել սովորել առանց երաժշտական հանճարեղ լսողություն ունենալու. դրանով նա հասցրել էր մի քանի օրվա հոսթելի փող հավաքել Երևանի Հյուսիսային պողոտայում։

Հ.Գ. գլյուկոֆոնով հետո Բաթումում մեկ գիշերվա հոսթելի փող հավաքեցինք։

Մինչև սահման հասնելը էլի բավական տարածություն ոտքով անցանք ու ճանապարհին գտանք այս ջրվեժը. արևի տակ երկար գտնվելուց հետո այն ուղղակի ամենալավ լոգարանն էր։

Այսպիսի մի քանի թունել ոտքով անցանք։

Հ.Գ. թունելի մեջ ավտոստոպ անելը հեչ լավ գաղափար չէ, սա ուղղակի լուսանկարվելու համար էր։

Առանց մեկնաբանության։

Իհարկե, երկուսս էլ հետո կարոտելու էինք Թուրքիայի ճամփորդությունը ու ցանկանալու էինք վերադառնալ` այն շարունակելու, բայց այս պահին ոչինչ ավելի շատ չէր կարող ուրախացնել, քան վրացական սահմանի մոտի սրճարանի տեղական, էժան գարեջուրն ու ծխախոտը։

Հ.Գ. պարզվեց Լյոշան էլ էր խնայում ծխախոտի վրա, որովհետև Թուրքիայում այն համեմատաբար թանկ է, ու երբեմն, ինձ պես, ճանապարհից կիսատ ծխած գլանակներ էր հավաքում։ Հետո էլ պարզվեց, որ դա ավելի վատ գաղափար է, քան թունելով ավտոստոպ անելու փորձը, քանի որ ընկերներս ասացին, որ այդպես ինչ հիվանդություն ասես կարող ես ձեռք բերել։

Սահմանի մոտ էլի ճանապարհորդների հանդիպեցինք, ովքեր ընդամենը մի քանի ժամով էին մտել Թուրքիա, դուրս եկել` ուղղակի երեկոն բազմազան դարձնելու նպատակով։

Պաոլոյի քայլարշավային կարման Վրաստանում լքեց. շատ արագ հասանք Բաթում։

Բաթումից ճանապարհս մենակ շարունակեցի։ 

Արդեն մթնում է. Գորի քաղաքի մոտ եմ։

Մայթեզրին կանգնած այս բեռնատարը Թիֆլիս էր գնում` շատ դանդաղ, ուժեղ աղմկելով ու դխդխկալով, բայց գնում էր։

Վարորդը պատմեց, որ առավոտյան Քութաիսիից է շարժվել, ու ճանապարհին 3 անգամ մեքենան հասցրել է փչանալ։

Առանց չորրորդ անգամը փչանալու հասանք Թբիլիսի, որտեղ գիշերեցի ընկերներիս տանը. հասցրեցի միանալ ընթրիքին ու անմիջապես արջի քուն մտնել մինչև կեսօր։

Սերյոժան, ում տանը գիշերել էի, մեկ օր հանգստի ժամանակ ուներ ու որոշեց ընկերակցել մինչև Երևան։

Իմ ու Սերյոժայի ոտքերը «հայկական հող»-ի վրա են։

Դիլիջանի ավտոկայանի խաչմերուկում ծանոթ դեմքեր չհանդիպելը քիչ հավանական է. Արատտա բենդ-ի Մհերն ու Տարոնը Սևանից Գյումրի են ուղևորվում։

Այս ավտոստոպի վերջին մեքենան դեպի Երևան էր գնում, ավելի ճիշտ՝ համարյա մինչև տուն:

Հ.Գ. մոտ մեկուկես ամիս անց Պաոլոն ոտքով արդեն հասել էր Երևան։

Ավտոստոպի մասին այլ պատմություններ՝

Ավտոստոպ. Երևան-Թբիլիսի-երևան , Ձմեռային ավտոստոպ՝ մաս 1-ինմաս 2-րդ, մաս 3-րդ, մաս 4-րդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter