HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Արմեն Մովսիսյանն իր սխալի համար գրպանը չի դատարկի. դրա համար պետբյուջե կա

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի 2009թ. մարտին «Սիփան-1» ՍՊԸ-ին զրկել է Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման հատուկ լիցենզիայից՝ պատճառաբանելով, որ ընկերությունը լիցենզային պայմանագիրը նախատեսված ժամկետներում չի կնքել: Մինչդեռ նշված ժամկետն իրականում չէր լրացել:

Հենց այս հիմքով էլ Վճռաբեկ դատարանը Արմեն Մովսիսյանի նշյալ հրամանը համարեց անվավեր: Սակայն նախարար Մովսիսյանը կարճ ժամանակ անց նույն՝ ապօրինի ճանաչված հրամանն արձակեց երկրորդ անգամ եւ «Սիփան-1»-ին կրկին զրկեց Լիճքվազ-Թեյի հանքարդյունահանման լիցենզիայից:

Սիլվա Համբարձումյանը, ում պատկանում է «Սիփան-1»-ը, ստիպված նորից դիմել է վարչական դատարան, բայց ուշագրավն այն է, որ գործը դեռ դատարանում՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը հանել է աճուրդի, եւ այն ձեռք է բերել «Սագամար» ընկերությունը: Դրանից հետո նույն հիմքերի առկայությամբ սկզբում վարչական դատարանը, այնուհետեւ նաեւ վերաքննիչը համարել են, որ նախարարի հրամանն օրինական է: Գործարար Համբարձումյանն էլ, նախարար Մովսիսյանի արարքները որակելով խուլիգանություն, արդեն հայտարարել է, որ գործը հասցնելու է Եվրադատարան:

«Հետքն» այսօր նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց, որ եթե Եվրադատարանը, այնուամենայնիվ, իր հրամանը անօրինական ճանաչի եւ վճռով Հայաստանին պարտադրի փոխհատուցել գործարարին, նախարարը պատրա՞ստ է փոխհատուցվելիք գումարը սեփական գրպանից վճարել, թե՞ այն կմնա հարկատուներիս՝ պետբյուջեի վրա:

«Մենք ամեն ինչ արել ենք օրենքի պահանջների եւ պայմանագրի համաձայն»,- ասաց նախարարը:

«Վճռաբեկ դատարանն արդեն իսկ Ձեր հրամանը անհիմն է համարել, ընդ որում՝ այդ որոշումը հրապարակման պահից ստացել էր օրինական ուժ: Բայց հարցն այլ էր, պարոն նախարար. եթե Ձեր հրամանի պատճառով գումարային հարցեր առաջ գան, Ձեր գրպանից կվճարե՞ք»,- շարունակեց «Հետքը»:

«Ես չեմ պատկերացնում, որ Եվրադատարանը նման որոշում կկայացնի, որովհետեւ մենք բոլոր հիմքերն ունեցել ենք»,- եզրափակեց նախարար Մովսիսյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter