
Մեկնարկում է ձմեռային զորակոչը, տրվել են մի շարք հանձնարարականներ
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2017 թվականի ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին որոշման նախագիծը։ Ձմեռային զորակոչն անցկացվելու է նոյեմբերից հունվար ամիսներին։
Կառավարություն ներկայացված որոշման նախագծում նախարարություններին և պետական կառույցներին տրվել են հանձնարարականներ։
Մասնավորապես՝ գլխավոր դատախազին առաջարկվել է շարունակել զորակոչից խուսափող քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը։
Նախարարություններին, պետական կառավարման այլ մարմիններին և կազմակերպություններին հանձնարարվել է հայտարարված զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված, հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակները ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին։
Ոստիկանապետին հանձնարարվել է ապահովել զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասեր, զորակոչից խուսափող զորակոչիկներին որոնել Հայաստանի և դրանից դուրս տարածքներում, ինչպես նաև զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության անձնակազմ:
Մեկնաբանել