HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ. ««Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում առաջընթացը պետք է դառնա յուրաքանչյուր կառույցի աշխատանքի գնահատականներից մեկը»

Այսօր կառավարության նիստին Կարեն Կարապետյանը, անդրադառնալով Համաշխարհային բանկի հրապարակած՝ «Գործարարությամբ զբաղվելը» 2018 թվականի զեկույցին, նշել է, որ այն ցույց է տալիս, որ գնահատման ժամանակահատվածում արձանագրվել է 9 կետով նահանջ: 

«Թեև զեկույցում, դասակարգման հիմք հանդիսացող ինդեքսում արձանագրել ենք 0,59 կետով փաստացի աճ, երկրների խիստ մրցակցության պայմաններում դա բավարար չի եղել ոչ միայն առաջ գնալու, այլև նույն տեղում մնալու համար։ 

Միևնույն ժամանակ պետք է ֆիքսենք, որ միայն կարևոր ռեյտինգներում մեր երկրի համար արձանագրված առաջընթացի պայմաններում, մասնավորապես՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի մրցակցության զեկույցում, 79-րդից 73 տեղ բարձրանալը, տնտեսական ազատության ինդեքսով 54 -ից 33 հորիզոնական զբաղեցնելը նշանակում է, որ այսուհետ գնահատվող ցուցանիշներից յուրաքանչյուրի գծով անհրաժեշտ առաջընթացը պետք է դառնա յուրաքանչյուր պատասխանատու կառույցի աշխատանքի հիմնական գնահատականներից մեկը։ 

Միաժամանակ պետք է նշել, որ նախկինում տրված մի շարք հանձնարարականներն ուղղված են հենց այն ոլորտներում, որտեղ արձանագրվել է անկում՝ դատական և իրավական ապահովման ոլորտները, թույլտվությունների տրամադրման վարչարարությանը և այլն, որոնց հիման վրա մշակված օրենքի նախագծերի հիմնական հատվածն արդեն իսկ ներկայացվել է Ազգային ժողով»,-նշել է վարչապետը։ 

Ի լրումն նախորդ նիստում տրված՝ ծրագրային բարեփոխումների համար տեսանելի արդյունքների մոնիթորինգի համակարգի գործարկման վերաբերյալ հանձնարարականի՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին կառավարության աշխատակազմ ներկայացնել այս ուղղությամբ բարեփոխումների իրականացման ընթացքը կազմակերպելու և համակարգելու, ինչպես նաև՝ դրանց իրականացման ընթացքի մշտադիտարկման վերաբերյալ հստակ առաջարկություններ։ Նույն ժամկետում առաջարկություն կներկայացվի միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և այն համակարգող պատասխանատու նախարարի տեղակալ նշանակելու վերաբերյալ:

Վարչապետը հանձնարարել է նաև հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ առաջարկություն ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խմբում համապատասխան ղեկավարի տեղակալի մասնակցության և նրա անձնական պատասխանատվության ապահովման վերաբերյալ:

«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի տնօրենին հանձնարարվել է ձևավորել անհրաժեշտ փորձագիտական խումբ՝ գնահատվող ցուցանիշներից յուրաքանչյուրի գծով պատասխանատու կառույցներին անհրաժեշտ մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter