
Ակնի գաւառակ - Վանքեր, եկեղեցիներ և ուխտատեղիներ
Հեղինակ՝ Խաժակ Դրամփեան
Այս յօդուածում փորձ է արւում հաւաքագրել, ի մի բերել և ընթերցողին ներկայացնել Խարբերդի նահանգի մէջ մտնող Ակնի գաւառակի հայկական և հայ-հոռոմ գիւղերի ու քաղաքների վանքերի, եկեղեցիների և ուխտատեղիների մասին պահպանուած տեղեկութիւնները: Այդ տեղեկութիւնները պահպանուել և մեզ են հասել հիմնականում ակնեցի բանահաւաքների, աշխարհագրագէտների, հոգևոր գործիչների, ինչպէս նաև արտասահմանցի ճանապարհորդների շնորհիւ: Յարմարութեան նպատակով ուսումնասիրութիւնը կատարուել է ըստ բնակավայրերի: Յօդուածում մասնաւորապէս ուսումնասիրուել են Ակն քաղաքի, Ապուչեխ, Չարազ, Կամարակապ, Կարուշլա, Արեգի, Նարվեր, Լիճ (Լիճք), Բենկայ (Բինկեան), Արակայ, ինչպէս նաև հայ-հոռոմ գիւղերի (Վանք, Ձորակ, Մուշեղկայ և Շրզու) վանքերի, եկեղեցիների և ուխտատեղիների պատմութիւնը:
Ակն քաղաք
Ակն քաղաքը գտնւում է արևելեան երկայնութեան 36-20 և հիւսիսային լայնութեան 39-25 աստիճանի, ծովի մակերևոյթից 1018 մ բարձրութեան վրա:
Հիւսիսային կողմից քաղաքը սկսւում է Սանտըգ Պաղլար թաղի մօտից և Եփրատի երկայնքով ձգւում է մինչև Արեգի ու Կամարակապ գիւղերը՝ աւարտուելով Կամարակապի քարի մօտ:
Ակն քաղաքն ունեցել է երեք եկեղեցի՝ Սբ. Աստուածածին, Սբ. Գէորգ և Սբ. Յովհան Ոսկեբերան և վեց ուխտատեղի՝ Անմահութիւն, Սբ. Յակոբ, Ս. Թալալոս, Սբ. Գրիգոր Լուսաւորիչ, Լուս աղբիւր և Ներսէս Շնորհալի:
Սբ. Աստուածածին եկեղեցի
Սբ. Աստուածածինը գտնուել է քաղաքի Վերին թաղում: Եկեղեցին կառուցուած է եղել կիր պարունակող քարի շարուածքից և ունեցել է սիւներ: Ըստ Ա. Քէչեանի՝ ունեցել է 27 մ երկարութիւն, 20.5 մ լայնութիւն և 10.5 մ բարձրութիւն: Եկեղեցին հիմնովին վերակառուցուել է 1840 թ. մօտ 5000-6000 օսմանեան ոսկիով: Եկեղեցու ճարտարապետն էր բաբերդցի հայազգի Երանոս վարդապետը: Հետագայում մի սեբաստացի նկարիչ պատկերներ և ծաղիկներ է նկարել եկեղեցու պատերի և առաստաղի վրայ:
Սբ. Գէորգ եկեղեցի
Սբ. Գէորգ եկեղեցին նոյնպէս գտնուել է Վերին թաղում: Եկեղեցու նոր շէնքի կառուցումը սկսուել է 1874 թ. և աւարտուել 1876 թ.: Եկեղեցին կառուցուած էր հայկական ոճով, գմբէթաւոր էր և անսիւն, ունեցել է 24 մ երկարութիւն, մէջտեղում 10 մ լայնութիւն և նոյնքան բարձրութիւն: Գմբէթի տրամագիծը 12 մ էր: Կառուցման համար ծախսուել է 6000 օսմանեան ոսկի: Եկեղեցու ճարտարապետն էր Յովհաննէս Տօնիկեանը Բալուի Սաղամ գիւղից:
Երկու եկեղեցիների շինարարութեանն էլ մասնակցել են տեղի բնակիչները (աւազ, քար և այլ շինանիւթեր կրելով): Իւրաքանչիւր եկեղեցու համար ժողովրդի կատարած աշխատանքը հավասարազօր է 2000-3000 օսմանեան ոսկու:
«Վիճակագրութեան» համաձայն՝ Սբ. Աստուածածին եկեղեցին ունեցել է 7, իսկ Սբ. Գէորգը՝ 6 քահանայ: Յ. Ճանիկեանի օրօք առաջինն ունեցել է երեք, իսկ երկրորդը՝ երկու քահանայ:
Սբ. Գէորգ եկեղեցու գմբէթը տախտակապատ էր:
Կ. Պոլսի Սուրբ Փրկիչ հիւանդանոցի 1925 թ. «Ընդարձակ օրացոյցի» համաձայն՝ 1924 թ. դրութեամբ Ակնում կանգուն էր միայն Սբ. Գէորգ եկեղեցին:
Սբ. Յովհան Ոսկեբերան եկեղեցի
Սբ. Յովհան Ոսկեբերան եկեղեցու գոյութիւնը հաստատւում է 16-րդ դարի երկու յիշատակարաններով, որոնցից առաջինը հրատարակուել է Գ. Վ. Սրուանձտեանցի Թորոս Աղբար աշխատութեան մէջ [9]։ Սոյն յիշատակարանը գրուել է 1516 թ., երկրորդի մասին անձնական գրութեամբ հաղորդել է Հ. Մկրտիչ Պոտուրեանը Ռումինիայի Ֆրումոասա քաղաքից:
Այդ երկու հիշատակարանների հեղինակը Մեսրոպ անունով գրիչն է:
Ըստ Ղ. Ինճիճեանի՝ Յովհան Ոսկեբերան եկեղեցին այրուել է 1655 թ.
Ակն քաղաքի ուխտատեղիները
Ակն քաղաքում կային բազմաթիւ ուխտատեղիներ:
- Անմահութիւնը կամ Անմահութեան ջուրը գտնւում էր Մեծ Ձորի և Եփրատ գետի միախառնման տեղից դէպի ձախ: Ըստ Գէորգ արք. Արսլանեանի՝ Անմահութիւնը գտնուել է քաղաքի վերևում:
- Սբ. Յակոբ մատուռը գտնուել է Ակն քաղաքի, Ապուչեխ և Կամարակապ գիւղերի միջև՝ գերեզմանատների մօտ: Ճանիկեանը նշում է, որ Սբ. Յակոբը Թաշտիպի լեռան ստորոտից սկսւող մեծ վէմի անունն է: Գէորգ արք. Արսլանեանը, շարունակելով Ճանիկեանի միտքը, աւելացնում է, որ Ակնայ կամ Գատը կեոլի (գատը՝ կրօնական դատաւոր, կեոլ՝ լիճ) կողմում ժամանակին Սբ. Յակոբ անունով մի եկեղեցի է եղել, որը յետոյ մզկիթի է վերածուել: Բայց մինչև այսօր էլ անտեղ է պահւում եկեղեցու փակ պահարանը, որտեղ պահուած են եղել եկեղեցական անօթներ ու հագուստ: Ոչ ոք չի կարողացել բացել այդ պահարանը, իսկ բացել ցանկացողների ձեռքերը չորացել են, և նրանք մինչև այսօր էլ «թըլըսըմ կա» (կախարդանք կայ) ասելով չեն մօտենում պահարանին: Քանի որ մզկիթի դուռը գտնւում է արևելեան կողմում, էզանը (աղօթքի հրաւէրը) կատարւում է փողոցին նայող դռնից: Իսկ քրիստոնեայ ուխտաւորները Սբ. Յակոբ եկեղեցու փոխարէն իրենց ուխտն անում են Զինճիրլի քարից մի փոքր հեռու գտնւող միակտուր մեծ քարի առջև: Ընդունուած էր փոքր քարը կպցնել մեծ քարին և եթէ դրանք յարմար նստէին իրար վրայ, ապա ուխտն ընդունուած էր համարւում:
- Սբ. Թալալոս [ըստ Ճանիկեանի և Ա. Քէչեանի], Սբ. Թալալիա [համաձայն «Վիճակագրութեան»] կամ Սբ. Թալլաս [ըստ Գէորգ արք. Արսլանեանի] անուամբ ուխտատեղին գտնուել է Ակնի Վերին թաղում՝ գերեզմանատան կամ թութլուխի (թթաստան) մէջտեղում: «Վիճակագրութեան» համաձայն այս սուրբը կամ սրբուհին բուժում էր ուխտաւորների վէրքերը [18]: 1847 թ. դրութեամբ այն «աւերակ եկեղեցի» էր:
- Սբ. Գրիգոր Լուսաւորիչ ուխտատեղին գտնուել է Արեգի թաղի վերևում: Այն որմնապատ աւերակ եկեղեցի էր, որ ունէր մէկ խորան: Այդտեղ Լուսաւորչի գիւտի տօնին մատուցւում էր պատարագ:
- Լուս աղբիւրը գտնուել է Ակն քաղաքի դիմացը՝ Ցնծալենց պարտէզների մէջ:
- Ներսէս Շնորհալի վանքը գտնուել է Ակնից 6-7 ժամ հեռաւորութեան վրայ՝ ալևի քրդերի Կամխու գիւղի մօտ: Վանքը, որ չէր գործում իբրև եկեղեցի, գտնւում էր ջրառատ դաշտի մէջ: Կանգուն էր եկեղեցու կմախքը: Վանքի մասին աւանդութիւններից բացի ոչ մի արձանագրութիւն չի պահպանուել: Գիւղացիները միշտ ուխտի էին գալիս և երկրպագութիւն անում վանքում: Գալիս էին Ակնից և ուրիշ գիւղերից [24]: Վանքի շուրջ գտնւող արտերում աճում էր մանանայ անունով մի բոյս, որը տեղացիները ոչ ցանում, ոչ էլ հնձում էին: Կաթնահամ հատիկն ունի դեղին նուրբ կճեպ:
Ապուչեխ գիւղ
Վարագայ Սբ. Նշան (Ապուչեխ գիւղ)
Ապուչեխն Ակնի գաւառակի ամենամեծ գիւղերից էր: Այն գտնուել է Ակն քաղաքից դէպի հարաւ-արևելք [26]: Ակնցիները քաղաքն անուանում են Էպիչեխու, սակայն գրական լեզուի մէջ օգտագործւում է Ապուչեխ ձևը, որն աւանդուած է 18-րդ դարից:
Ապուչեխ գիւղն ունեցել է մէկ եկեղեցի Վարագայ Սբ. Նշան անունով, որ գոյութիւն է ունեցել դեռ 14-րդ դարից: Սբ. Նշանը ձեռագրերում յիշատակւում է 1651 թ. ի վեր: 1702 թ. գրուած մի Յայսմաւուրքում (կրօնական գիրք, որի մէջ ամփոփուած են եկեղեցում տօնուող սրբերի և վկաների կենսագրութիւնները) գրուած է՝ «Ի գիւղս Ապուչեխ, ընդ հովանեաւ սուրբ Աստուածածին եւ սուրբ Նշանին եւ բազմաչարչար նահատակին սուրբ Գէորգայ», սակայն Սբ. Աստուածածին և Սբ. Գէորգ եկեղեցիները գտնուել են ոչ թե Ապուչեխ գիւղում, այլ Ակն քաղաքում:
Եկեղեցին վերանորոգուել է երկու անգամ՝ նախ 1691 թ. Մարգար Չոպանեանի ծախսերով, ապա 1706 թ.՝ ժողովրդական հանգանակութեամբ:
Եկեղեցին ունեցել է բազմաթիւ ձեռագրեր, թանկարժէք եկեղեցական զգեստներ, արծաթեայ սպասք, ինչպէս նաև իւղաներկով նկարուած նուրբ պատկերներ: Խնամքով պահպանուած զգեստներից յատկապէս մեծ արժէք է ներկայացնում Տէր Պօղոսենց ընտանիքի կողմից նուիրաբերուած շուրջառը, որը փրկուել է 1915 թ. աղէտներից: Աւանդութեան համաձայն՝ այդ շուրջառը պատրաստուել է եօթ աղջիկների կողմից եօթ տարուայ ընթացքում: Պատարագիչ քահանան հագնում էր այդ շուրջառը Սբ. Ծնունդին և Զատիկին: Սակայն 1912 թ. գիւղի թաղային խորհրդի որոշմամբ գիւղի վերջին քահանան` Տէր Արտաշէս քահանայ Փափազեանը, հազուագիւտ զգեստները, վարագոյրները, արժէքաւոր սպասքները, ձեռագիր աւետարանները տեղափոխում է Պոլիս և յանձնում Հայոց Պատրիարքարանին:
1899 թ. եկեղեցին չունէր նախկին փայլն ու պայծառութիւնը: Գիւղի Տէր Յովհաննէս Նալբանդեան անունով քահանան եկեղեցու բազմաթիւ լուսանկարներ այրել է` դրանք հնացած համարելով:
1847 թ. տուեալներով՝ եկեղեցին ունեցել է 4 քահանայ:
Եկեղեցում պահուել է նաև մի ժամանակագրական տոմար, որը սկսուել է հայոց 1100 (1651) թուականից: Այդ տոմարի մէջ թուագրուած էին եկեղեցիի համար կատարուած նուիրատւութիւնները՝ զգեստները, խաչերը և այլն՝ նուիրատուների անուններով: Տոմարը պահպանուել է մինչև 1915 թ. տարագրութիւնը, սակայն, 1899 թ. ինչպէս նշուել է մի աղբիւրում՝ դժուար թէ գիւղի քահանան շարունակած լինի այդ ժամանակագրութիւնը լրացնելը:
Ապուչեխ գիւղի ուխտատեղիները
Ղ. Ինճիճեանը գրում է, որ Ապուչեխ գիւղը 18... թ (19-րդ դարում) ունեցել է երկու քայքայուած մատուռ՝ Սբ. Մինասն ու Սբ. Սահակը [36]: Սբ. Սահակի բակում հողը փորելիս գտնուել է մարդու ձեռք, որը տեղացիները համարում էին Սբ. Սահակի ձեռքը:
Համաձայն 1847 թ. «Վիճակագրութեան»՝ գիւղն ունեցել է հետևեալ մի քանի ուխտատեղիները [38]։
- Սբ. Աստուածածին մատուռը, որ կոչւում էր նաև Ագարակ
- Սբ. Մինաս մատուռը
- Սբ. Թորոս, Սբ. Սահակ և Սբ. Յակոբ երեք աւերակ եկեղեցիները, որ գտնւում էին գիւղից դուրս
Գիւղում կար Սբ. Թորոս անունով մէկ ուրիշ եկեղեցի, որ ծառայում էր իբրև ուխտատեղի:
Յ. Ճանիկեանը 1880 թ. յիշատակում է միայն Սբ. Յակոբ, Սբ. Մինաս, Սբ. Սահակ և Սբ. Թորոս մատուռները [40]:
Ա. Քէչեանը յիշատակում է բացօթեայ միախորան երկու եկեղեցի: Առաջինը Սբ. Յակոբն է, որ գտնվում էր գիւղի գերեզմանատան մէջ` բարձր բլուրի վրայ, իսկ երկրորդը՝ գիւղի հանդիպակաց այգիների մէջ գտնուող Սբ. Մինասը:
Ա. Շեփիկեանը յիշատակում է հետևեալ ուխտատեղիները.
- Ագրկներ, որը 1847 թ. «Վիճակագրութեան» մէջ յիշատակուած Ագրակն է, ուր Սբ. Աստուածածնի անունով մի ուխտատեղի կայ: Ամէն տարի սեպտեմբերի 8-ին՝ Սբ. Աստուածածնի ծննդեան տօնին, այդտեղ մատուցւում էր յատուկ պատարագ: Այդ ուխտատեղիի մօտ ենթադրաբար նախկինում գիւղ է գոյութիւն ունեցել, որովհետև Ղ. Ինճիճեանը յիշում է Ագարակը իբրև Ակնի հայկական գիւղերից մէկը՝ հայ և մահմեդական խառը բնակչութեամբ: Այդ գիւղը յիշատակւում է նաև Վիեննայի Մխիթարեանների Եւրոպահանդէսում [44]: Ըստ Ա. Քէչեանի այդ գիւղը իսլամացուած է եղել և կոչուել է Արջ-Ագրակ:
- Սբ. Յակոբ: Սբ. Յակոբին նուիրուած տօնակատարութեան օրը ժողովուրդը թափօրով այցելում էր ուխտատեղին, յատկապէս երեկոյեան:
- Լերան Սբ. Թորոս: Նոյն տօնակատարութիւնները տեղի էին ունենում այս ուխտատեղիում:
- Սբ. Մինաս: Ապուչեխի բնակիչները յարգում էին Սբ. Մինասին՝ իբրև մարդկանց կորուստները գտնող սրբի: Ամէն տարի մինչև 1898 թ. Վարդավառին յաջորդող երկուշաբթի օրը Ապուչեխի այս ուխտատեղիում պատարագ էր մատուցւում, իսկ մարդիկ մատաղ էին անում [48]:
- Սբ. Մինասին կից կար նաև մի փոքր ուխտատեղի, որ կոչւում էր Սբ. Մինասի քոյր: Այն յայտնի էր աչքերը բժշկելու իր զօրութեամբ: Մարդիկ լուանում էին իրենց աչքերը խորանի առջևի ջրով, մացառներից քուրջեր կապում աչքերին և հաւատում էին թէ հիւանդութիւնը տեղի էր տալիս:
- Սբ. Սահակ: Սբ. Սահակն անդամալոյծների բժիշկն էր, ապուչեխցիները գալիս էին այս ուխտատեղին՝ բժշկուելու յոյսով:
- Սբ. Թորոս: Այս ուխտատեղիում տարին մէկ անգամ պատարագ էր մատուցւում: Ա. Շեփիկեանն իր յօդուածներից մէկի մէջ գրում է, որ Կամարակապ և Ապուչեխ գիւղերում որպէս գիւղի հին եկեղեցիներ կային Սբ. Թորոս անունով մատուռները, որոնք գտնւում էին գերեզմանոցների մէջ: Ապուչեխի Սբ. Թորոս եկեղեցին յիշատակում է նաև Գէորգ արք. Արսլանեանը
շարունակությունը այստեղ
Մեկնաբանել