HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Լոռու մարզպետ. «Մինչ տարեվերջ ներդրումային փաթեթը պատրաստ կլինի»

Մի քանի օր առաջ ավարտվել են Վանաձոր քաղաքի ճանապարհների շինարարական աշխատանքները, ճանապարհներն ավելի բարվոք վիճակում են, քան ընդամենը մեկ ամիս առաջ։

Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Լոռու ՀՀԿ-ական մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ արձագանքելով մեր դիտարկմանը, որ վարչապետը հայտարարում է Վանաձորում ներդրումային ծրագիր իրականացնելու մասին այն դեպքում, երբ օրինակ՝ քաղաքի ճանապարհները խիստ անբարենպաստ վիճակում են։

Մարզպետը հիշեցրեց, որ կառավարությունը պետական բյուջեից շուրջ 290 միլիոն դրամ է հատկացրել ճանապարհների վերանորոգման համար, ինչն էլ հաջողությամբ իրականացվել է։

Նկատենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է հանրապետության երրորդ քաղաքին՝ հայտնելով սպասվող ներդրումային ծրագրերի մասին։ Նալբանդյանին խնդրեցինք հստակեցնել՝ ինչ ծրագրեր են իրականացվելու։

«Խոսքը վերաբերում է Վանաձորի զարգացման ծրագրերին: Պետք է ասեմ, որ մինչ տարեվերջ ամբողջական փաթեթը պատրաստ կլինի, այն կազմելու համար աշխատանքներ են տարվում միջազգային փորձագետների, մասնավորապես՝ Իտալիայից և ՌԴ-ից հրավիրված մասնագետների հետ։ Ակնկալում ենք, որ մյուս տարվա սկզբից այդ ծրագրերը կյանքի կկոչվեն՝ բարելավելով վանաձորցու կյանքը»,- ասաց Նալբանդյանը։

Մարզպետը ծրագրերի մասին շատ չմանրամասնեց, սակայն շեշտեց, որ դրանք հիմնականում զբոսաշրջության ոլորտում են իրականացվելու՝ ապահովելով նոր աշխատատեղեր։

«Հիմնականում շեշտը դրվելու է տուրիզմի վրա, մասնագետներն արդեն համապատասխան աշխատանքներ են տանում այս ուղղությամբ, մի քանի անգամ Վանաձորում ուսումնասիրություններ են կատարել։ Վերջերս վարչապետի այցի ժամանակ էլ իրենք շնորհհանդես ներկայացրին, թե ինչ ներդրումային ծրագրեր են սպասվում»,- ասաց Նալբանդյանը՝ հավելելով, որ աշխատանքներ են տարվում քաղաքապետարանի ու մարզպետարանի աշխատակիցների հետ։

«Երբ վերջնական ծրագիրը պատրաստ կլինի, այն կառաջարկենք ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ու համայնքային բյուջեներին, որպեսզի տեսնենք՝ այդ երեք ֆինանսական խողովակներով ով ինչպիսի ներդրում պետք է կատարի»,- ասաց մարզպետը։

Մեկնաբանություններ (1)

Nelson
Էլի տուրիզմ ....բա արդյունաբերությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter