
Կարեն Կարապետյան. «Պայմանավորվածություն չկա, թե 2018-ի ապրիլից հետո ով է լինելու վարչապետ»
Ըստ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ իր և նախագահ Սերժ Սարգսյանի միջև պայմանավորվածություն չկա, թե ով է լինելու Հայաստանի վարչապետը 2018 թվականի ընտրություններից հետո։ «Այսօրվա մեր իրավիճակում ապրիլի 9-ից հետո ՀՀԿ-ն առաջարկելու է վարչապետի թեկնածությունն իր կոալիցիոն գործընկերոջ հետ համատեղ։ Նման քննարկումներ մենք չենք ունեցել։ Այս իսկ պատճառով որևիցե պայմանավորվածության մասին խոսելն ուղղակի ապարդյուն է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով այն տեղեկություններին, որ ըստ նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածության՝ Սերժ Սարգսյանը դառնալու է վարչապետ, ինքը՝ Կարեն Կարապետյանը, փոխվարչապետ։
Իսկ հարցին, թե ցանկանում է մնալ վարչապետի պաշտոնում, Կ. Կարապետյանը նշեց, որ հստակ հայտարարել է՝ պատրաստ է։ «Իմ աշխատանքը շարունակում եմ՝ ինչքան կարողություն ունեմ տրամադրելով այդ աշխատանքին: Ի՞նչ եմ ուզում անել, կարող է մի քիչ ամպագոռգոռ հնչել, ինչի համար նախապես ներողություն եմ խնդրում, կարծում եմ՝ առանձնապես նման բառապաշար չեմ օգտագործում, ծառայել մեր երկրին: Եվ ես վստահ եմ, որ մենք կարող ենք լավ երկիր ունենալ՝ տրամաբանական, զարգացող»,- ասաց վարչապետը՝ զգուշացնելով, որ այս թեմայի վերաբերյալ լրացուցիչ հարցերի չի պատասխանելու։
Լուսանկարը՝ Կառավարության պաշտոնական կայքի
Մեկնաբանել