
Կենդանաբանական այգին պնդում է՝ «Գաջեգործ»-ին արջ ի պահ տալու փաստաթուղթ չունի
Հոկտեմբերի 23-ին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել «Գաջեգործ» ՓԲԸ-ի Երեւանի գաջի գործարանի տարածքում պահվող արջի մասին։
Հրապարակումից մեկ օր հետո դիմեցինք բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին տեղեկանալու՝ արդյոք տեսչությունը գնացե՞լ է արջի հետքերով։
Մեկ օր հետո տեսչությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ընկերությանը պատկանող տարածքում պահվող 2 արջի համար նախատեսված ազատավանդակի չափսերը համապատասխանում են կառավարության «Անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների», այդ թվում` ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու և օգտագործելու կարգը սահմանելու մասին» թիվ 725-Ն որոշմամբ հաստատված պահանջներին։
Տնօրինությունը տեսչությանը վստահեցրել է, որ համապատասխան փաստաթղթեր ունի, սակայն հաշվի առնելով, որ ձեռք բերելուց անցել է ավելի քան 10 տարի, խնդրել է լրացուցիչ ժամանակ տրամադրել դրանք ներկայացնելու համար:
Հոկտեմբերի 25-ից անցել է մեկ շաբաթ։ Ընկերությունն այդպես էլ չի ներկայացրել արջի պահման փաստաթղթերն ու թույլտվությունը։ Այս մասին տեղեկացանք բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանից։ Ընկերությունը տեսչությանը հայտնել է, որ արջը ի պահ է վերցրել կենդանաբանական այգուց։ Տեսչությունն այս օրերի ընթացքում չի ճշտել, արդյոք Կենդանաբանական այգուց ընկերությանը արջ է ի պահ տրվել՝ սպասելով ընկերության կողմից ներկայացվող փաստաթղթերին։ «Այլ պետական մարմիններից հնարավոր չէ պարզել, որովհետև անազատության պայմաններում պահվող վայրի կենդանիներն այս պահի դրությամբ հաշվառում չեն անցնում և որևէ տեղ գրանցված չեն»,- նշեց Վրույր Պեպանյանը։
Պեպանյանի փոխանցմամբ՝ իրենց համար վերջնական տվյալը լինելու է ընկերության ներկայացրած փաստաթուղթը։
Տեսչությունը չի ասում, թե որքան է սպասելու այդ փաստաթղթերի ներկայացմանը և չի սահմանել փաստաթղթերի հանձման վերջնաժամկետ։
«Հետքի» հարցմանը՝ արդյոք Կենդաբանական այգու և «Գաջեգործ» ՓԲԸ-ի միջեւ արջին ի պահ հանձնելու որևէ համաձայնություն կամ պայմանագիր կա՞, Կենդանաբանական այգու տնօրինությունը պատասխանեց. «Այգու` 2011 թ.-ին նախորդող տարիների արխիվում վերոհիշյալ գործընթացի հետ կապված փաստաթղթեր չկան»։
Պատասխանում նշված է նաեւ, որ իրենց ունեցած արխիվում ընկերության հետ կնքած որևէ պայմանագիր չկա։
Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ընկերությունը մեկ շաբաթից ավել չի տրամադրում արջի պահման թույլտվությունը` կարելի է ենթադրել, որ արջը ավելի քան տասը տարի է` գործարանի տարածքում ապօրինի պահվում է։
Տեսանյութի հրապարակման հաջորդ օրը փորձեցինք կապ հաստատել «Գաջեգործ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Միշա Քալանթարյանի հետ։ Սակայն նրա հեռախոսահամարին պատասխանեց այլ մարդ՝ հայտնելով, որ Քալանթարյանը Հայաստանում չէ, և հրաժարվում են իրենց մոտ պահվող արջի վերաբերյալ որևէ մեկնաբանության տալ։
Լուսանկարը՝ ԲՆ-ի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել