
Առողջապահության նախարարությունում հանդիպում է տեղի ունեցել «Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցիչների հետ
Առողջապահության նախարարությունում կայացած հերթական հանդիպման ժամանակ «Մայքրոսոֆթ»-ի կառավարական բիզնես զարգացման ղեկավար Եվանգելոս Քրիստաֆիդիսն ընդգծել է, որ հարուստ փորձ ու անհրաժեշտ կարողություններ ունեցող իրենց կազմակերպությունը պատրաստ է համագործակցության համակարգում իրականացվող ծրագրերի թվայնացման և տվյալների մշակման գործում։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Կազմակերպության ներկայացուցիչ Լորենցո Պենգոն ծանոթացրել է առողջապահության ոլորտում աշխարհի բազմաթիվ երկրներում «Մայքրոսոֆթ»-ի ունեցած ձեռքբերումներին ու դերակատարությանը հատկապես հեռաբժշկության, ամպային, ինչպես նաև տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման և այլ ուղղություններով։
Նախարարության աշխատակիցներն իրենց հյուրերին ներկայացրել են իրականացվող ծրագրերը, մասնավորապես` էլեկտրոնային առողջապահական համակարգի այժմյան հնարավորություններն ու զարգացման առաջիկա քայլերը։ Քննարկվել է համակարգի հետագա զարգացման գործում «Մայքրոսոֆթ»-ի ենթակառուցվածքների և ամպային տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունը։
Հանդիպմանը մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը, աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը, պաշտոնատար այլ անձինք։
Մեկնաբանել