HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոշորացվող Լոռի բերդում ընտրողներն այլընտրանք չունեն. համայնքապետի թեկնածուն մեկն է

Գայանե Սարգսյան

Լոռի Բերդ տանող ճանապարհը քարուքանդ է: Վարորդին խնդրում եմ կանգ առնել առաջին մթերային խանութի մոտ: Խանութի դիմաց նստած միջահասակ տղամարդը՝ Արմեն Պապիկյանը, պարզվում է` խանութի սեփականատերն է ու միաժամանակ նաև վաճառողը:  Ասում է՝ առևտուր չկա։ «Քանի գնում, ավելի շատ են պարտքով ապրանք տանում, ավելի ուշ-ուշ, ավելի քիչ-քիչ են պարտքերը վերադարձնում»,- ասում է Արմենը:

Համայնքների խոշորացման մասին Արմենը լսել է: Խոշորացման առաջին բացասական հետևանքն, ըստ նրա, 9 գյուղերի գյուղապետարաններում սպասվող կրճատումներն են: «Աշխատատեղեր չկան, եղածն էլ սենց կրճատում են: Վերևից պիտի սկսեն օպտիմալացումները, միացումները, աշխատատեղերի կրճատումները»,- ասում է Արմենը:  Գյուղերի միավորումից նա դրական ակնկալիքներ չունի:

Նոյեմբերի 5-ին կայանալիք  ՏԻՄ ընտրությունների արդյունքում Լոռու մարզի 9 համայնքներ (Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Ուռուտ, Լոռի Բերդ) կմիավորվեն: Խոշորացված համայնքի կենտրոնը կլինի Լոռի Բերդը:

Արմեն Պապիկյան

«Մի գյուղը մի ընտանիք է, ամեն ընտանիք մի ղեկավար է ունենում: Եթե մի մարդ մի գյուղով զբաղվում ա, չի կարում մի բան անի, մեկը կարա՞ 6-7 գյուղի համար լավ բան անի»,- տարակուսում է Արմենը:

Թե ինչպես կաշխատի խոշորացված Լոռի բերդ համայնքի ավագանին, դժվարանում է  ասել: Մինչ այժմ գործող ավագանու մասին, սակայն, հստակ տեսակետ ունի. «Ավագանիները ձևական բան են գյուղերում»:

Խոշորացումից ի՞նչ ակնկալիքներ ունեք հարցին այսպես է արձագանքում խանութի մոտով անցնող Արմինե Ասուլյանը. «Կոպիտ մի խոսք կա. ով՝ էշը, մենք՝ փալանը: Ժողովուրդը նույն ձևի պտի ապրի: Ի՞նչ պտի ավելանա որ»:  

Ձախից` Գարիկը, Արմինեն

«Ասում են` որ գյուղերը մեծանան, բյուջեն պիտի մի հատ էղնի, ամեն գյուղի հմար մի բան կանեն»,- բացատրում է Արմինեի հետ քայլող Գարիկը:

 Լոռիբերդցիներին հուզող թիվ մեկ հարցը գյուղ տանող ճանապարհի վիճակն է:

«Առաջինը՝ ճանապարհը սարքեն, շատ տուրիստներ են գալիս մեր գյուղ՝ Լոռի Բերդ արգելոց գնալու համար»,- ասում է  Գարիկը:

Խանութ շտապող համագյուղացուն տեսնելով` Արմինեն կանչում է. «Վարսիկ, գյուղերի խոշորացման հետ կապված խորհուրդ ա հարցնում: Արի մի բան ասա»:

«Я не белый, я не красный»( Ես ոչ սպիտակ եմ, ոչ էլ` կարմիր)- ռուսերենով ասում է Ռուսաստանից վերջերս վերադարձած Վարսիկն ու մտնում խանութ:

Ագարակ-Կողես ճանապարհին հանդիպում ենք անասուններ արածացնող Ռաֆիկ Ջուլավյանին:

Արտագնա աշխատանքից վերջերս վերադարձած ագարակցին ասում է` եթե խոպան չգնաս, չես կարա ապրես:

«Ապրանք ես պահում կամ կարտոշկա ես մշակում, տեղ չունես, որ ռեալիզացնես: Ու ժողովուրդը մնում ա փակուղու մեջ: Ամբողջ տարին չարչարվում են, եկամուտ չեն կարողանում ստանան»,- ասում է Ռաֆիկ Ջուլավյանը:

Գյուղացուն գյուղում պահելու ու հողին կապելու համար Ռաֆիկը երկու առաջարկ ունի. գյուղերում ստեղծել մթերման կետեր, ինչը հնարավորություն կտա խելամիտ գնով հանձնել անասունի միսը և գյուղացուն անվճար սերմացու տրամադրել՝ աշնանը վերադարձնելու կամ գումարը վճարելու պայմանով:

Ռաֆիկ Ջուլավյան

Վերջինիս կարծիքով` այս ու էլի մի շարք խնդիրների պատճառով այսօր ագարակցիների 90 տոկոսը վարկերի տակ կքած է:

Թե ով կլինի խոշորացվող Լոռի Բերդի համայնքապետը, Ռաֆիկի համար կարևոր չէ: Նույնիսկ ուրախ է, որ ինքնաբացարկների արդյունքում միայն մեկ թեկնածու է մնացել մրցապայքարում:

«Էլ կռիվ, ղալմաղալ չի էղնի: Էդ մեկն ա, էնա էդ մեկին կընտրենք, էլի,- ասում է նա,- թե չէ` դնում են մի հինգ հոգի, ժողովուրդը սկսում են կռիվ անել: Իրանց հմար դնում են, ժողովուրդն ա կռիվների մեջ ընկնում»:

Լոռի Բերդի համայնքապետի միակ թեկնածուն Կողեսի համայնքապետ Արայիկ Ներսիսյանն է: Նրա մրցակիցը՝ Բովաձորի համայնքապետ Էդվարդ Մելիքսեթյանը, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:

«Ուժերս ծանր ու թեթև արեցի, տեսա, որ չեմ կարա հաղթեմ, հանեցի: Մինչև առաջադրելը ես չգիտեի` ինչ թեկնածուներ կլինեն»,- ասում է Էդվարդ Մելիքսեթյանը:

Ա. Ներսիսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, կուսակցությունը նրան սատարում է առաջիկա ընտրություներում:

Արայիկ Ներսիսյան

Վերջինս, սակայն, առանձնապես ոգևորված չէ խոշորացված համայնքի ղեկավար դառնալու հեռանկարով:

«Ոչ մի անգամ  չեմ ուզել, մինչև էսօր էլ չեմ ուզում: Ընկերներս ասեցին՝ չէ, դու պիտի դնես, մենք քո կողքին ենք... Կարելի է ասել` ավելի շատ համոզեցին ինձ»,- նշում է Ա․ Ներսիսյանը։

Ասում է՝ խոշորացմանն ու մասնավորապես այսքան մեծաթիվ գյուղերի միավորմանն ի սկզբանե դեմ է եղել: Խոշորանալու պարտադիր պայմանի դեպքում նախընտրելին համարել է առավելագույնը 3-5 գյուղի միավորումը:

«Ինձ միշտ թվացել է, որ նախկին գործող գյուղապետերն իրենց  տարածքում, իրենց հոգս ու ցավին ավելի լավ են ծանոթ։ Հիմա չեմ մտածում, որ ես ավելի շատ եմ անելու: Մտածում եմ, որ նախկին գյուղապետերի հետ ենք մենք ավելի շատ բան անելու»,- ասում է Ա. Ներսիսյանը:

Ընտրություններից հետո կարևորագույն անելիքը համարում է գուղատնտեսական հողերի ծավալների ավելացումը: Կողեսի օրինակն աչքի առաջ ունենալով` ասում է. «Իմ համայնքում անմշակ հող չկա»:  

«Դրան հասնելու համար հնարավորին չափ պետք է օգնենք, որ մարդիկ մատչելի գներով թունաքիմիկատներ ձեռք բերեն, սերմացու ձեռք բերեն»,- նշում է թեկնածուն:

Հարցին՝ նախընտրական հանդիպումների ժամանակ ի՞նչ հարցեր են առաջ քաշում գյուղացիները, թեկնածուն պատասխանում է՝ աշխատանք են ուզում:

«Բացատրում եմ, որ ժողովուրդ ջան, ես գնում եմ աշխատելու: Ոչ թե աշխատատեղեր  է բացվում, այլ 75 տեղի փոխարեն պիտի ունենանք 30 աշխատող: Այսինքն, ես գնում եմ 50 հոգի կրճատելու, ես չեմ գնում նոր աշխատատեղ բացելու: Իհարկե, պետք է ամենալավը մնա, կփորձեմ տարբերակել լավը վատից: Չգիտեմ, կստացվի՞, թե՞ չէ»,- ասում է զրուցակիցս:

Գյուղերում աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտության մասին խոսելիս Ա. Ներսիսյանը կրկին վերադառնում է հողերի մշակման թեմային:

«Գյուղատնտեսությունը աշխատատեղ ա: Օրինակ` Յաղդանում, Կողեսում տարբեր տեղերից մարդիկ գալիս են, աշխատում: Մարդն իր հողի վրա աշխատելով` զբաղվածություն է ապահովում: Էդ մարդուն ժամանակն էլ չի հերիքելու, որ գործ ուզի: Մեկումեկ կարկտի ու տարբեր վախերից մարդիկ սկսել են քիչ զբաղվել գյուղատնտեությամբ: Բայց էսօր հակակարկտային կայաններ են տեղադրվում, կավելացվի դրանց թիվը ու կհամոզենք մարդկանց, որ, օրինակ, կարկտի վտանգը վերացավ: Գյուղատնտեսությամբ լուրջ զբաղվելու դեպքում կարող են լուրջ եկամուտ ակնկալել»,-ասում է Ա․ Ներսիսյանը:

Վստահ է՝ գործընկերների հետ, ովքեր վաղը կդառնան Լոռի Բերդի կազմում ընդգրկվող բնակավայրերի վարչական ներկայացուցիչներ, կարող են արդյունավետ աշխատել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter