HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզի դատախազը ամփոփեց 9 ամիսների աշխատանքի արդյունքները

Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը նոյեմբերի 2-ին հրավիրած ասուլիսի ընթացքում ամփոփեց դատախազության 9 ամիսների աշխատանքի արդյունքները։ 

Պատասխանելով Ալավերդիում վերջին տարիների ընթացքում իրար հաջորդող սպանությունների մասին «Հետքի» հարցին՝ Արսեն Մարտիրոսյանն ասաց․ «Իրականում, ինչպես Դուք եք նշում, վերջին տարիներին հրազենային կրակոցներով սպանություններն Ալավերդիում ամբողջությամբ արմատախիլ չեն արվում, քանի որ հանցագործության բոլոր մասնակիցները չեն հայտնաբերվում և քրեական պատասխանատվության չեն ենթարկվում: Մենք ունեցել ենք Ձեր ասած շղթայական սպանության դեպքերից 2017թ. հունիսի 13-ին Ալավերդու «Կատա» սուպերմարկետի մոտ գրանցված սպանության դեպքը: Նախաքննական մարմինը կոնկրետ անձին կարգավիճակ էր տվել այդ գործով: Ի նկատի ունենալով, որ այդ քրգործը նախաքննության փուլում է, քննչական տվյալներ ես չեմ հրապարակի: Ընդամենը կնշեմ, որ նախաքննական մարմինը այդ քրգործով իրականում  նախաքննությունն ավարտել և մեղադրական եզրակացությամբ ուղարկել էր դատախազություն: Ի նկատի ունենալով, որ ենթադրյալ հանցագործության բոլոր մասնակիցները պարզված չեն, դատախազությունը քրեական գործով մեղադրական եզրակացությունը չի հաստատել, հետ է ուղարկել լրացուցիչ նախաքննության՝ Ձեր ասած  հանգամանքները լրիվ օբյեկտիվ առարկա դարձնելու համար: Հիմա, որ ասեմ Ձեր նշած գործով ամբողջությամբ խնդիրները լուծված են, ճիշտ չեմ ասի: Բայց այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ իրականացվում են»,- ասաց Արսեն Մարտիրոսյանը: 

Ա. Մարտիրոսյանի հայտնած պաշտոնական  վիճակագրական տվյալների համաձայն` 2017թ. 9 ամիսներին Լոռու մարզում գրանցվել է  հանցագործությունների 1058 դեպք՝ նախորդ տարվա 1004-ի դիմաց: Հանցագործությունների թիվը մարզում  աճել է 54-ով։ 

Նույն ժամանակաշրջանում արձանագրվել է առանձնապես ծանր հանցագործության 9 դեպք, նախորդ տարի` 6 դեպք,  39 դեպքով աճել է  հասարակական վայրերում կատարված, 34 դեպքով՝ սեփականության դեմ կատարվող, 49 դեպքով` անձնական գույքի հափշտակության դեպքերը: Անցած 9 ամիսներին աճել է գողությունների թիվը. 2017թ.  արձանագրվել է գողության 241 դեպք, 2016-ին` 209 դեպք:  Գողությունների թիվն աճել է 32 դեպքով:

«Գողությունների բացահայտման ցուցանիշների առումով ունենք որոշակի խնդիրներ»,-ասաց Ա. Մարտիրոսյանը:

Մարզում հանցագործությունների աճ է արձանագրվել նաև սպանության, բռնաբարության և բռնաբարության փորձերի առումով: Դատախազը որպես դրական ցուցանիշ նշեց, որ մարզում փոխվել է դատախազության վերաբերմունքը ապօրինի անտառահատումների նկատմամբ:

«Այս ուղղությամբ կատարված աշխատանքների փոփոխություն է արձանագրվել 2017թ. հուլիսի 19-ին գլխավոր դատախազի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից  հետո»,- բացատրեց Ա. Մարտիրոսյանը: Նշեց , որ 9 ամիսներին մարզում արձանագրվել է ապօրինի ծառահատման 86 դեպք: Դրանցից 17-ով հարուցվել է քրեական գործ: Արձանագրված ապօրինի ծառահատումների դեպքերով Լոռու մարզում պետությանը պատճառված վնասը կազմել է մոտ 45 մլն դրամ:  

Ծառահատումների ամենաշատ դեպքերն արձանագրվել են Գուգարքում: Այստեղ ապօրինի հատվել է 408 ծառ: Դրանց վնասի չափը կազմել է 25 մլն դրամ: Քրգործը նախաքննության համար ուղակվել է Լոռու մարզային քննչական վարչություն: Դատախազությունը քրեական գործեր է հարուցել նաև «Հետքի»  «Սահմանամերձ Ջիլիզայում շարունակվում են անտառների զանգվածային  ոչնչացումը» և  «Մոտկորում ապօրինի ծառահատումները շարունակվում են»  հոդվածների հիման վրա:

Ա. Մարտիրոսյանի խոսքով` այդ քրգործերը նույնպես նախաքննության փուլում են. «Մեր  ուսումնասիրություններով պարզվել  է, որ «Հետքի»  հրապարակած ապօրինի հատված որոշ ծառեր հողով ծածկված են եղել: Բնական է, փորձում են ամեն ինչ անել ապօրինի անտառահատումների փաստը չհայտնաբերվելու համար»,-ասաց դատախազը:

Ա. Մարտիրոսյանի խոսքով` ոստիկանությունը և բնապահպանության նախարարությունը ամենօրյա հսկողություն են սահմանել «Հայանտառ» ՊՈԱԿի վերահսկողության տակ գտնվող Լոռու մարզի անտառներում: «Այդ համագործակցության և գիշերային ծառայությունների արդյունքում հայտնաբերվել են  բազմաթիվ ապօրինի փայտ տեղափողող ավտոմեքենաներ, որոնց հիման վրա նույնպես հարուցվել են քրեական գործեր»,-ասաց դատախազը:

Անդրադառնալով մարզի համայնքային բյուջեների եկամուտների և պետբյուջեից հատկացված սուբվենցիաների անարդյունավեր ծախսերին՝ նա նշեց, որ պետական շահերի պաշտպանության ոլորտում այս պահին հարուցվել է 3 քրեական գործ: Բանախոսն անդրադարձավ մարզի տարածքում ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհների նորոգումներին` նշելով, որ ճանապարհների ասֆալտապատման և ճանապարհաշինության հետ կապված այս պահին դատախազությունում հարուցված է քրեական գործ:

Ա. Մարտիրոսյանի խոսքով` դատախազությունը քրեական գործ է հարուցել նաեւ Սանահինի վանական համալիրի տարածքում հուղարկավորությունների վերաբերյալ մամուլի հրապարակումների հիման վրա: Նշանակվել է մշակութաբանական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս պատրաստ չէ։ «Խոսքը վերաբերում է մշակութային շինությունը ոչնչացնելուն կամ վնասելուն: Դա պետք է հաստատվի այդ փորձաքննությամբ: Հաստատվելու դեպքում դրանց տրվելու են իրավական գնահատականներ: Սանահինի վանական համալիրի քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում»,-ասաց Ա. Մարտիրոսյանը:

Դատախազն իր կարծիքը հայտնեց նաև մարզում հանցավորության իրավիճակի մասին: Նշեց, որ հանցատեսակների գծով դատախազությունն ունի դրական և բացասական ցուցանիշներ: «Մեր աշխատանքն ամենօրյա աշխատանք է, մենք շարունակելու ենք այդ  աշխատանքները, որպեսզի հանցավորության վիճակը մարզում նվազի»,- ասաց նա: Ա. Մարտիրոսյանը խուսափեց գնահատական տալ  դատախազության 9 ամիսների աշխատանքին, քանի որ մարզում հանցավորության մակարդակի նվազեցման գործում  իրավապահ մարմինները դեռևս լուրջ անելիքներ ունեն:

«Ես ակնկալում և շատ եմ կարևորում մարզի հանցագործությունների  բացահայտման գործում  լրատվամիջոցների աջակցությունը»,- ասուլիսի իր եզրափակիչ խոսքում ասաց դատախազ Ա. Մարտիրոսյանը:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter