HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը հանդիպել է Հնդկաստանի փոխնախագահին

Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Դելիում այսօր հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Վենկայա Նայդուի հետ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը:

Նախագահը հայ-հնդկական միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորել է միջխորհրդարանական ակտիվ համագործակցությունը: Հիշելով ընթացիկ տարվա գարնանը Հայաստանում Հնդկաստանի նախկին փոխնախագահ Մոհամմեդ Համեդ Անսարիի հետ հանդիպումը և հայ-հնդկական հարաբերություններին առնչվող հարցերի արդյունավետ քննարկումը` Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստան այցելելու հնարավորություն կգտնի նաև պարոն Նայդուն, ում` որպես ասիական տարածաշրջանի խորհրդարանական ամենամեծ ժողովրդավարության լուրջ ավանդույթներ ունեցող երկրի փոխնախագահի, սիրով կհյուրընկալեն մեր երկրում: Այդ այցը, նախագահ Սարգսյանի համոզմամբ, մեծ ազդեցություն կունենա երկկողմ միջպետական կապերի և հատկապես խորհրդարանական հարաբերությունների սերտացման գործում:

Փոխնախագահ Նայդուն նշել է, որ հինավուրց պատմություն ու հարուստ մշակույթ ունեցող հնդիկ և հայ ժողովուրդները քաղաքակրթական ու արժեքային բազմաթիվ ընդհանրություններ և սերտ առնչություններ ունեն, նրանք արարող, խաղաղասեր և հյուրընկալ են, ուստի անհրաժեշտ է երկուստեք հետևողականորեն շարունակել դարավոր բարեկամությունը պահպանելու և ամրապնդելու ուղղությամբ աշխատանքը, ինչպես նաև` միավորելու ջանքերը համամարդկային արդի մարտահրավերների դեմ պայքարում, որոնցից մեկն էլ ահաբեկչությունն է: 

Հնդկաստանի Հանրապետության փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահը և նախագահ Սերժ Սարգսյանը համակարծիք են եղել, որ երկու երկրների հայացքներն ու մոտեցումները համընկնում են նաև միջազգային կառույցների, այդ թվում` ՄԱԿ-ի բարեփոխումների անհրաժեշտության հարցում, որպեսզի վերջիններս կարողանան ժամանակի պահանջներին համահունչ արձագանքել մարտահրավերներին:

Նախագահը զրուցակցին տեղեկացրել է, որ Հայաստանի նորընտիր խորհրդարանում արդեն ձևավորվել է Հնդկաստանի հետ բարեկամության պատգամավորական խումբ և հայ-հնդկական կապերի ակտիվացման գործում կարևոր է համարել ինչպես խորհրդարանական խմբերի, այնպես էլ բարձրաստիճան փոխայցերի հաճախակի կազմակերպումը: Զրուցակիցները երկուստեք տեսակետ են հայտնել, որ միջխորհրդարանական միջազգային հարթակներում ևս երկու բարեկամ երկրների պատվիրակները կարող են հաջողությամբ շարունակել ու խորացնել համագործակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց զարգացման հնարավորություններին, Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակին ու առկա մարտահրավերներին, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: Փոխնախագահ Նայդուն կարևորել է բոլոր հակամարտությունները բացառապես երկխոսության և խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter