HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Թող մարի արևը, միայն թե ծագի հայոց անկախության արևը». «զինված խմբի» գործով խուզարկությունների ժամանակ մի շարք գրառումներ են առգրավվել

Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «զինված խմբի» գործով դատական նիստին այսօր շարունակվեց գործում առկա փաստաթղթերի հետազոտումը: 37 հատորից բաղկացած գործի միայն երկու հատորներն են հետազոտվել դատարանում:

Այսօր շարունակվեց ամբաստանյալների բնակության վայրերում և հարակից տարածքներում կատարված խուզարկությունների արձանագրությունների հրապարակումը:

ԱԱԾ-ն դատարանից խուզարկության թույլտվություն խնդրելիս նշել է, որ ամբաստանյալների բնակարաններում զենք- զինամթերք է փնտրելու, բայց խուզարկությամբ նրանցից շատերի բնակարաններում զենք-զինամթերք չեն հայտնաբերել ու առգրավել են այլ իրեր, որոնք հետագայում վերադարձվել են ամբաստանյալներին: Խոսքը բջջային հեռախոսների, հեռախոսաքարտերի, տարբեր տեսակի կրիչների, հիշողության քարտերի, փաստաթղթերի, ինչ-որ գրառումների, պաստառների մասին է:

Օրինակ՝ ամբաստանյալ Արա Պողոսյանի բնակարանում հայտնաբերվել և առգրավվել են «Հայոց խորհուրդ» հայրենասիրական ՀԿ-ի փաստաթղթերն ու ծրագրային գրառումները՝ «Մեծ մագիստրոս Արա Պողոսյան» ստորագրությամբ:

«Ինքնակազմավորումից հետո կառուցել ազգային պետություն, ազգային տնտեսություն», «Ձևավորել ժամանակավոր կառավարություն», «Ստեղծել «Հայոց վահան»-ի լրատվական գործակալություն». ահա այն ծրագրային գրառումները, որոնք ոստիկաններն առգրավել են զենք փնտրելիս:

«Թող մարի արևը, միայն թե ծագի հայոց անկախության արևը», «Թող մարեն աչքերս, միայն թե ծագի հայոց անկախության արևը», «Գրողի ծո՛ցը Սահմանադրական բարեփոխումները» գրառումներն ու «Ասենք Ո՛չ» գրությամբ թռուցիկները ևս առգրավվել են «զենք փնտրելու» ընթացքում:

Ամբաստանյալներից Հրանտ Վարդանյանի (Արթուր Վարդանյանի եղբայրը- հեղ.) բնակարանից խուզարկության արդյունքում հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված, որն առգրավվել է: Թե ինչ զանգված է եղել հայտնաբերվածը, առայժմ չի հրապարակվել:

Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի բնակարանի խուզարկության արդյունքում հայտնաբերվել են փամփուշտներ, կրիչներ, համակարգիչ:

Գեւորգ Ջնդոյանի բնակարանում հայտնաբերել են թռուցիկներ ու թղթեր, որոնց վրա գրառումներ են եղել՝ «Աստված սեր է, սիրի՛ր եւ ուզածդ արա՛», «Անչափահասների պատրաստության ծրագիր» բովանդակությամբ:

Վահագն Սալնազարյանի բնակարանում հայտնաբերվել է ՕԵԿ-ի անդամատոմս, առգրավվել են համակարգիչ, աշխարհագրության քարտեզ և այլ նմանատիպ պարագաներ: Սալնազարյանի բնակարանից զենք-զինամթերք չի հայտնաբերվել, իսկ առգրավված բոլոր իրերը վերադարձվել են: Այս առնչությամբ Սալնազարյանի հանրային պաշտպան Մնացական Ղազարյանը հայտարարեց, որ, ըստ էության, առգրավված բոլոր պարագաները խոսում են այն մասին, որ դրանք կապ չեն ունեցել զինված խմբի հետ: Ղազարյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալն առհասարակ կապ չի ունեցել խմբի հետ, ինչ վերաբերում է աշխարհագրության քարտեզին, ապա պաշտպանը պարզաբանեց, որ Սալնազարյանի կինն աշխարհագրության ուսուցչուհի է:

Նշենք, որ ամբաստանյալներից ոմանց ապացույցների հետզոտումն ամենևին չի հետաքրքրում: Օրինակ՝ Արթուր Վարդանյանն ու Անտոն Դիկրան Թոթոնջյանը դատական ամբողջ նիստի ընթացքում գիրք էին կարդում:

Այսօրվա դատական նիստին ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը կրկին միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը կամ նրա նկատմամբ գրավ կիրառել:

Փաստաբանը նշեց, որ դատարանում արդեն գործով բոլոր վկաները հարցաքնվել են, և նման պայմաններում բացակայում են Վահան Շիրխանյանին կալանքի տակ պահելու հիմքերը: Միջնորդության դեմ առարկեցին մեղադրող դատախազները: Խորհրդակցական սենյակից վերադառնալով' դատարանը կրկին մերժեց Շիրխանյանի խափանմանմիջոց կալանքը փոխելու եւ նրան գրավով ազատելու միջնրդությունը:

Դատական նիստը հետաձգվեց:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորքում վնասազերծվել է զինված խումբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց մի խումբ անձանց, որոնց թվում՝ Վահան Շիրխանյանին:
Ըստ քրեական գործի' «2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում՝ Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր' նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter