HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը հանդիպել է Հնդկաստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանի` Հնդկաստանի Հանրապետություն աշխատանքային այցի առաջին օրն ավարտվել է երեկոյան հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: 

Ինչպես հաղորդում է նախագահի աշխատակազմը, հանրապետության նախագահը ողջույնի խոսք է հղել հանդիպման մասնակիցներին, որում անդրադարձել է հայ-հնդկական պատմամշակութային առնչություններին, երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման գործում Հնդկաստանի հայ համայնքի մեծ դերին, Հայաստան-սփյուռք հարաբերություններին, հայրենիքի ու համայն հայության առջև ծառացած մարտահրավերներին և դրանց դիմակայելու հնարավոր ուղիներին, ինչպես նաև Հայաստանի կյանքում վերջին շրջանում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններին, այդ թվում' հանրաքվեի միջոցով կառավարման նոր' լիարժեք խորհրդարանական համակարգին անցնելուն:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև համայնքի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց հաջողության պատմությունները, խնդիրները, դրանց լուծման հարցում հայրենիքից ակնկալիքները, ինչպես նաև համայնքային կյանքում նրանց գործունեության մասին: Համայնքի ներկայացուցիչների խնդրանքով, նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հնդկաստանի բարձր ղեկավարության հետ այսօր իր ունեցած հանդիպումների ժամանակ քննարկված հարցերն ու ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք միտված են առավել ամրապնդելու երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված կապերը:

Հանդիպման ժամանակ նախագահը նշել է, թե հաճելի է տեսնել, որ հայ համայնքի ներկայացուցիչների հետ ներկա է նաև Երևանի բժշկական համալսարանի շրջանավարտների միության նախագահ դոկտոր Դալջիթ Սինգհ Չաուհանը: Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ հայաստանյան բուհերի հնդիկ շրջանավարտների հոծ բազմությունը ևս մի բարեկամության կամուրջ է երկու երկրների միջև, որը պետք է ավելի ամրապնդվի ու ընդլայնվի:

Նախագահ Սարգսյանը արձանագրել է, որ Հնդկաստանում Հայաստանի դեսպանության հետ իր ջանքերն է միավորում նաև պատվո հյուպատոս Շիվկումար Իշվարանը, և հույս է հայտնել, որ նրանց համատեղ ձեռնարկներն արգասաբեր կլինեն:

«Բոլոր մարտահրավերներին դիմակայելու, մեր խնդիրները լուծելու ճանապարհին մենք պարտավոր ենք լինել միասնական: Մեր մեծ մտածողները մշտապես խոսել են միասնության մասին, և գաղտնիք չէ, որ մեր ժողովուրդը համարում է, որ մենք միասնական ենք լինում, երբ մեր հայրենիքին, մեր հողին վտանգ է սպառնում: Այսօր մեր խնդիրն է, որպեսզի այդ միասնականությունը տարածենք նաև հարաբերական խաղաղ պայմաններում, որովհետև մեր մարտահրավերները շատ սուր են, և դրանց դիմակայելը ավելի մեծ ջանքեր է պահանջում: Մենք ունենք ուժի մեծ աղբյուր, ունենք միասնության գաղափարը անհրաժեշտ, պարտադիր դարձնելու հանգամանքներ, դրանք են՝ անկախ Հայաստանը, ազատ Արցախը և մեր զորեղ սփյուռքը: Միշտ կրկնում ենք՝ Հայաստանն ուժեղ է սփյուռքով, սփյուռքը հավերժ է Հայաստանով»,-ողջույնի խոսքի ավարտին ընդգծել է Հանրապետության նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter