HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրանք` ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհներից կատարված խոշոր գումարի հափշտակության համար

Քննչական կոմիտեի հատուկ կարեւորության գործերով քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննչական կոմիտեի լրատվական ծառայության հաղորդմամբ` քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հափշտակություններ են կատարվել նաև «Աղքատության նվազեցում ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով» ծրագրի համար բարեգործական հասարակական կազմակերպությանը ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀԿ նախագահը կազմել է կեղծ փաստաթղթեր՝ ծրագրերի իրականացման վերաբերյալ, դրանք ներկայացրել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակ, որոնց հիման վրա ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավարի օժանդակությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար։ Նախնական տվյալներով՝ ՀԿ-ին երկու ծրագրերի իրականացման համար հատկացված դրամաշնորհներից հափշտակված գումարի չափը կազմում է շուրջ 300 հազար եվրոյին համարժեք դրամ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2017թ. նոյեմբերի 3-ին բարեգործական հասարակական կազմակերպության նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

Քրեական գործի նախաքննության ընթացքում Քննչական կոմիտեն համագործակցում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի և խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի աշխատակիցների հետ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter