
Բաղադրատոմս Անտառամեջից
Մոնղոլիայում «Բոոձ» (Бууз) պատրաստում են հիմնականում տոնական օրերին: Մի քանի հարյուր հատով սարքում են, սառեցնում ու հենց հյուր է գալիս, արագ եփում են ու հյուրասիրում: Մոնղոլուհի Բայինան որոշել էր մեր այցելության օրը «Բոոձ» պատրաստել:
Անտառամեջ դժվար է հասնելը: Ճամբարակ քաղաքը, հետո էլ մի քանի գյուղեր անցնելուց հետո, մեքենան մոտ կես ժամ գալարվում է նեղ ու փոշոտ ճանապարհով՝ բարձրանալով անտառի միջով: Այլընտրանքը ձին է կամ էշը, կամ էլ ոտքերդ, եթե կարող ես այդքան քայլել: Վերևում՝ անտառի մեջ, գյուղն է: Ասում են՝ ձմռանը լրիվ կտրվում է աշխարհից, որովհետև ճանապարհը մեքենաների համար փակվում է: Գյուղում 39 ընտանիք է ապրում:
Բայինայենց տանը եղել էինք մոտ երկու տարի առաջ: Ընթերցողները կարող են հիշել, թե ինչպես է Բայինան զավակների հետ որոշել ապրել Հայաստանում: Մոնղալիայից Հայաստան տեղափոխվելու պատճառը եղել է Բայինայի ամուսնու՝ Հրահատ Երիցյանի հիվանդությունը: Վերջինս 2015թ. մահացել է սրտամկանի ինֆարկտից: Անցած այցելության ժամանակ Բայինան ու երկու երեխաները՝ Վարսիկն ու Արշակը, Հայաստանի քաղաքացիություն չունեին: Հիմա այս հարցը լուծված է:
Մեզ դիմավորում է Վարսիկը: Անտառի ճանապարհով քայլում ենք տուն: Վարսիկը ճանապարհին պատմում է դպրոցից: Յոթերորդ դասարանում են սովորում ինքն էլ, եղբայրն էլ: Ասում է` արդեն որոշել է, թե ինչ մասնագիտություն է ունենալու. «Երգչուհի և բժշկուհի»: Ասում ենք՝ բա ո՞նց է այդքան տարբեր երկու մասնագիտություն ընտրել: «Դե որ երգչուհի լինեմ, շատ փող կաշխատեմ, հետո էդ փողով մարդկանց անվճար կբուժեմ»,- ասում է Վարսիկը, արդեն տանն ենք: Բայինան լսում ու ժպտալով միջամտում է. «Ես էլ ասում եմ,Վարսիկ, էդպես հիմա չես կարողանա»:
Տանն է նաև Արշակը: Բայինան Բոոձի մսային լցոնը արդեն պատրաստել է, խմորը նույնպես: «Շուտ սարքվող ա: Ղոնախ, որ գալիս ա, ամենաշատ մի ժամվա մեջ միսը կտրատում ես, խմորը անում ես, մի 20-25 րոպե էլ պիտի շոգեխաշվի»,- պատմում է նա: Ուզում էինք, որ Բայինան ճաշի պատրաստություն չտեսնի և հանգիստ զրուցենք, բայց «Բոոձի» պատրաստման պրոցեսը գնալով ավելի հետաքրքիր դարձավ:
Բայինան մանրացրեց խմորը, հետո սկսեց գրտնակել: Մի տեսակ թեթևություն կար «Բոոձի» պատրաստման մեջ: Բայինայի ձեռքերին նայելիս մի պահ թվաց, թե դրանք «նվագում են» խմորը: Վարժ շարժումները հեշտ չէ կրկնել մոտավորապես այնպես, ինչպես նոր գործիք չես կարող միանգամից նվագել: Երբ փորձեցի գրտնակած խմորներից մեկը լցոնել մսով, տձև խմորագունդ ստացվեց: «Ես սովոր եմ, 7-8 տարեկանից սարքում եմ: Մեր Նոր տարուն ամենաքիչը մի 500-1000 հատ սարքում ենք: Գիշերները»,- ծիծաղելով ասում է Բայինան:
Բոոձի խմորը աղից, ալյուրից ու ջրից է: Պետք է պատրաստել տաք ջրով, հակառակ դեպքում, Բայինան ասում է՝ խմորը «կճաքի»: Մսի լցոնի մեջ էլ` տավարի կամ ոչխարի միս, սոխ, կանաչեղեն, սև պղպեղ, կարմիր պղպեղ ու աղ: Բայինան մի քիչ «տեղայնացրել է» Բոոձը: Ասում է՝ Մոնղոլիայում կանաչեղեն չեն օգտագործում, բայց ինքն ավելացրել է. «Որ հայերը կանաչեղեն սիրում են, դրա համար եմ ես գցել»:
Փայտի վառարանից ծխի անուշ հոտ է գալիս: Վրան դրված սուրճը տեղափոխում ենք ներսի մոխրի մեջ, դուռը մի քիչ բացում ենք, ծուխն ավելի է լցվում ներս, ու ավելի է համովանում սենյակի օդը: Ձմռան փայտը դեռ չունեն: Բայինան ու Արշակը փայտ հավաքելու համար շուտով անտառ կգնան: «Բոոձը» վառարանին չէր եփվում, այլ հեղուկ գազի բալոնի վրա: Բալոնը լիցքավորում են, երբ գյուղից քաղաք գնացող է լինում, ու դրանով պատրաստոմ ճաշերը: Գյուղում գազ չկա:
Ինչպես Բայինան խոստացել էր, «Բոոձը» գրեթե քսան րոպեից համեղ բուրում է: «Սիրում եմ, որ տարբեր ճաշեր սարքեմ, թազա մի հատ ճաշ լինի, որ նայեմ, կարանամ սովորեմ, սիրում եմ ամենառաջինը սարքել համով, հետո, որ նայես... Ճաշը, որ տեսնում ես, իր տեսքից ախորժակ ա տալիս չէ»,- ասում է Բայինան: Ձեռքով կաթսայից հանում է «Բոոձի» եփված, ախորժաբեր հատիկները ու շարում ամանի մեջ: Հենց ձեռքով էլ պետք է ուտել: «Ձեռքով, որ ուտում ես, ջուրը մնում է մեջը, ավելի համով է»,- սեղանի մոտ ասում է Վարսիկը:
«Բոոձ» պատրաստելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան կաթսա: Բայինային այդ կաթսան նվիրել է Մոնղոլիայում ապրող հարազատներից մեկը: Ասում է` Հայաստանում դժվար թե այդ կաթսայից վաճառեն: Կախված նրանից, թե քանի հատ ես ուզում սարքել, կաթսայի հարկերը կարող են շատանալ: Առաջին հարկում եռում է ջուրը, մյուս հարկերը ծակոտկեն են, և դրանցում դրված «Բոոձի» հատիկները եփվում են գոլորշու վրա:
«Արշակ, բա դու չասացիր` ինչ ես ուզում դառնալ»: Բայինան միանգամից որդու փոխարեն պատասխանում է` հոգեբան, շատ արագ է մարդկանց ճանաչում:
Արշակը մի ժամանակ օրագիր է պահել, բայց Վարսիկը մի օր «բացահայտել է» ու վերցրել: Եթե մի օր տունը գողեր մտնեին, արդարանում է Վարսիկը, կիմանային թե Արշակը ինչ է գրել:
Արշակը ասում է, որ հաճախ է ամաչում: Մի մեթոդ է մտածել՝ այդ զգացումը հաղթահարելու համար: Բռում պահում է մի տերև և մտածում այն բաների մասին, որոնցից ամենաշատն է ամաչել: Մտածում է այնքան, որ էլ մտածելու բան չմնա: Վերջում, եթե տերևը չի սեղմել, ուրեմն հաջորդ անգամ նույն բանի մասին մտածելիս չի բարկանա:
Երբ դեռ հայերեն բառերը լավ չգիտեին, Արշակը Վարսիկին ասել է, թե «հարիֆ»-ը լավ բառ է, նշանակում է «հարուստ, ուժեղ»: Վարսիկը հաջորդ օրը գնացել է դպրոց ու դասարանցիների մոտ հայտարարել. «Ուրեմն լսեք, ես այս դասարանի հարիֆն եմ»: Դասարանցիները սկսել են ծիծաղել, հետո Վարսիկին բացատրել բառը: «Հա, բայց ես էլ չգիտեի»,- ծիծաղում է Արշակը: «Բոոձը» շատ համեղ է ստացվել:
Ճաշելուց հետո Բայինան ցույց է տալիս իր, Վարսիկի և Արշակի հայկական անձնագրերը: Մնացած բոլոր փաստաթղթերը, որոնց համար քաղաքացիություն էր անհրաժեշտ, Բայինան (անունը անձնագրում՝ Բայանդոլգոր Օյունչիմեգ) ասում է՝ արդեն ստացել են: Տունն էլ թեև նրանցն էր, բայց քաղաքացիություն չունենալու պատճառով չէին կարողացել սեփականության իրավունքը գրանցել: Հիմա տունն իրենցն է: Վարսիկն ու Արշակը նպաստ են ստանում, Բայինան էլ դպրոցում պահակ է աշխատում:
Լուսանկարները և տեսանյութը` Սարո Բաղդասարյանի և Հրանտ Գալստյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել