HY RU EN

Երանուհի Սողոյան

Երբ հաղթում են ոչ թե ծրագրերը, այլ վարչական ռեսուրսները

Շիրակի մարզի 40 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում ձեւավորված երեք՝ Ախուրյան, Անի եւ Մարմաշեն փնջերում նախկին համայնքապետերից հաղթանակ են տոնել երկուսը: Ախուրյան փնջի ղեկավար է ընտրվել Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանը, Անի փունջը ղեկավարելու է Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանը, իսկ ահա Մարմաշեն փնջում հաղթել է դաշնակցության ներկայացուցիչը՝ Մարմաշեն գյուղի բնակիչ Կարեն Արշակյանը:

Ախուրյան փնջում ներառված 8 համայնքներում գրանցված 13 հազար 379 ընտրողներից նոյեմբերի 5-ին ընտրություններին մասնակցել է 6 հազար 887-ը: Առաջադրված 6 թեկնածուների ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ Լեւոն Գեղամյան՝ 880 ձայն, Արծրունի Իգիթյան՝ 2. 393 ձայն, Գերասիմ Համբարյան՝ 615 ձայն, Վանիկ Մկրտչյան՝ 406 ձայն, Համլետ Պետրոսյան՝ 966 ձայն, Կարեն Սերգոյան՝ 1.512 ձայն: Անվավեր է ճանաչվել 111 քվեաթերթիկ:

Անիի նախկին վարչատարածքում 16 գյուղական համայնքների եւ Մարալիկ քաղաքի միավորումից ձեւավորված Անի փնջում գրանցվել է ընտրության մասնակիցների ամենաբարձր ցուցանիշը՝ 57 տոկոս: Այստեղ գրանցված 17.214 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 9.829-ը: Առաջադրված 6 թեկնածուների միջեւ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ Հակոբ Աղաբեկյան՝ 1.547 ձայն, Հրաչյա Աճեմյան՝ 1.926 ձայն, Աղասի Առաքելյան՝ 729 ձայն, Խաչատուր Բուլոյան՝ 1.494 ձայն, Արտակ Գեւորգյան՝ 3.909 ձայն: Անվավեր է համարվել 154 քվեաթերթիկ:

Մարմաշեն փնջի 15 համայնքում ընտրություններին մասնակցել է գրանցված 8.864 ընտրողից 4.804-ը կամ ընտրողների 54 տոկոսը: Առաջադրված 4 թեկնածուների միջեւ ձայները բաշխվել է հետեւյալ կերպ՝ Կարեն Արշակյան՝ 1.463 ձայն, Հակոբ Բաղդասարյան՝ 792 ձայն, Աշոտ Եղոյան՝ 1.201 ձայն եւ Թորգոմ Սահակյան՝ 1.289 ձայն: Անվավեր է համարվել 58 քվեաթերթիկ:

Ընտրությունների ընթացքում մարդկանց կուտակումների, ընտրողներին ուղղորդելու ահազանգեր հիմնականում հնչել են Ախուրյան փնջի կենտրոնը համարվող Ախուրյան բնակավայրի ընտրատեղամասերից: Նոյեմբերի 5-ի երեկոյան Մարմաշեն-Գյումրի խճուղու Մուշ 2/2 թաղամասի մոտակայքում էլ տեղի ունեցած վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Մարմաշենի նախկին ղեկավար, առաջադրված թեկնածու Աշոտ Եղոյանը:

Երեք փնջերից երկուսում՝ Ախուրյանում եւ Մարմաշենում, հաղթել են ՀՅԴ ներկայացուցիչները, իսկ Անիում՝ ՀՀԿ: Երեք փնջերից երկուսում՝ Ախուրյանում եւ Անիում, վերընտրվել են նախկին գործող համայնքապետերը: Ընտրություններին մասնակցության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ախուրյան փնջում՝ 51 տոկոս: Ի դեպ, այս փնջում առաջադրվել էին երկու գործող համայնքապետեր՝ Բասենի համայնքապետ Համլետ Պետրոսյանը եւ Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանը, վերջինիս թեկնածությունը որոշել էին պաշտպանել 5 գյուղի` Ջրառատի, Կամոյի, Այգաբացի, Հովիտի, Արեւիկի համայնքապետերը: Այս որոշման արդյունքում, ընտրություններից հետո վարչական ղեկավարի պաշտոնը տվյալ համայնքների նախկին ղեկավարների համար, կարելի է ասել` ապահովված է: