HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ինչո՞ւ են կրճատվել առողջապահության և սոցիալական ոլորտների բյուջետային հատկացումները. պարզաբանում է փոխնախարարը

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է «2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումները։ Տեղեկացնենք, որ ինչպես կրթության, այնպես էլ առողջապահության և սոցիալական ոլորտներին հատկացվող գումարները 2018 թվականի բյուջեի նախագծով կրճատվել են։ Օրինակ՝ սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված են 408 միլիարդ 652 միլիոն դրամ, որը 362 միլիոն դրամով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Առողջապահության բնագավառի ծախսերին հատկացված է շուրջ 80 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է շուրջ 5 միլիարդ դրամով։

«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ տրամաբանությամբ են կառավարությունում բյուջետային հատկացումները որոշել, որ առողջապահության ծախսերը կրճատել են 5,8 միլիարդով:

«Արդյոք կառավարությանը չի՞ մտահոգում ժողովրդի առողջական վիճակը»,-հարցրեց պատգամավորը։

«Ինչպես բազմաթիվ հարցեր, այնպես էլ ժողովրդի առողջական վիճակը կառավարությանը մտահոգում է»,-արձագանքեց Ջանջուղազյանը։

Ինչ վերաբերում է ոլորտային հատկացումներին, փոխնախարարը մանրամասնեց․ «Այն տրամաբանությունը, ինչը բյուջեի նախագծում առկա է 2018-ի համար, ամբողջությամբ բխում է միջնաժամկետ ծախսերի ծրագրից, իսկ տրամաբանությունը հետևյալն է՝ 2017-ին ունեցել ենք ինչ-որ մի վիճակ,  որը պայմանավորված է եղել մեր ստանձնած պարտավորություններով, որովհետև օրենսդրությունն արդեն իսկ սահմանել է, թե ինչպիսի պարտավորություններ ունի կառավարությունը հանրության հանդեպ, և այդ տրամաբանությունն արտացոլված է եղել 2017 թվականի բյուջեի մասին օրենքում»։

Փոխնախարարը հավելեց, որ 2017 թվականի բյուջեի նախագծում միջոլորտային գերակայություններն են սահմանված եղել, և հստակ սահմանվել է, օրինակ, թե պաշտպանության բնագավառին որքան է հատկացվելու, առողջապահությանը՝ որքան, ինչն էլ բազային սցենար է սահմանվել։

«Բայց կան պարտավորություններ, որոնք պարբերաբար աճում են, դրանցից մեկ օրինակ բերեմ՝ պետական պարտքի սպասարկումը: Հաճախ է բարձրացվում այդ հարցը․ այն պարտքը, որը ներգրավվել է, օգտագործվել է բոլոր ոլորտների կողմից, այդ թվում՝ առողջապահության, այս ծախսատեսակի ավելացումը տրամաբանական է, որ պիտի նվազեցներ ոլորտների համար նախատեսված չափաքանակները։ Սա մոտավորապես այն տրամաբանությունն է, որի հիման վրա որոշվել են յուրաքանչյուր ոլորտի համար նախատեսվող չափաքանակները»,-ասաց Ջանջուղազյանը։

Մարինա Մարգարյանն էլ իր հերթին հակադարձեց և ասաց, որ համամիտ չէ այն մտքին, որ կրճատելով պետպատվերի փաթեթը, քաղաքացիների առողջական վիճակը կբարելավվի։

Հարցի մասին խոսեց նաև Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը՝ նկատելով, որ առողջապահության ոլորտում խնդիրներն այնքան շատ են, որ այդ համակարգից հինգ միլիարդ ծախս կրճատելը հիմնավորված չէ։

 «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանն էլ անդրադարձավ սոցիալական ոլորտի կրճատումներին։ Պատգամավորը, հղում կատարելով երկրի Սահմանադրությանը, հիշեցրեց, որ Հայաստանը սոցիալական երկիր է, սակայն բյուջեի նախագիծը կազմելիս գործադիրի կողմից այդ սկզբունքը հաշվի չի առնվել։ Պատգամավորը հարցրեց՝ արդյոք կառավարությունն այդ կերպ չի՞ խախտում Սահմանադրությունը։ Փոխնախարարը պատասխանեց՝ Սահմանադրության հետ հակասություն չկա, ապա հավելեց, որ նախորդ տարվա համեմատ նվազել է հատկացումների ընդամենը 0,1 տոկոսը:

«Եթե պատկերացնենք, որ սոցիալական ծախսերով է մարդու իրավիճակը բարելավվում, դատապարտված կլիենք ձախողման: Սոցիալական բնագավառի ծախսերը, չափազանց կարևոր լինելով հանդերձ, այնքան չեն կարող կենսամակարդակը բարելավել, որքան աշխատանքը»,- ասաց Ա․ Ջանջուղազյանը։

Պատգամավորը հակադարձեց՝ քաղաքացիների վիճակը գնալով վատթարանում է՝ երկրում գնաճ է, կենսաթոշակ ու աշխատավարձ չի բարձրանում:

«Բյուջեն պետք է արտահայտի Սահմանադրության առաջին հոդվածը, որ սոցիալական պետություն ենք: Ես կհամեմատեմ ընտանիքի հետ, ձեր մոտեցումը նույնն է, որ ընտանիքի հայրը կանգնի ու հայտարարի, որ մենք մյուս տարի կապիտալ վերանորոգման աշխատանքներ ենք սկսում, ուրեմն ոչ հաց պետք է ուտենք, ոչ շոր հագնենք»,- ասաց նա՝ նկատելով, որ ոլորտային հատկացումների ժամանակ հավասարության և արդարության սկզբունքով պետք է առաջնորդվեին։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց՝ արդյոք ճի՞շտ է կանխատեսվել բյուջեով 3,5% գնաճը՝ նկատելով, որ որոշ վերլուծաբաններ արդեն ավելի շատ են կանխատեսում՝ պայմանավորված ԵՏՄ-ի Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելով։

Ֆինանսների փոխնախարարը պատասխանեց, որ նշված 3,5%-ը բյուջեով դեֆիլյատորի կանխատեսումն է, իսկ գնաճը կանխատեսվել է 4 ±1,5% միջակայքում: «Եթե բավարար չեն այս հաշվարկներն՝ ըստ ձեզ, պատրաստ ենք քննարկել, բայց դա լավագույնն է, որ կարող ենք ունենալ, մենք վերցրել ենք լավագույն փորձը, կիրառել ելակետային տվյալները, և ներկայացրել բյուջեի օրենքի շրջանակներում»,- ասաց Ջանջուղազյանը:

Ինչ վերաբերում է ԵՏՄ Մաքսային օրենսգրքի կիրառումից հետո սպասվող գնաճին,  փոխնախարարն ասաց, որ կան որոշ ապրանքատեսակներ, որոնք կարող են այլ վարքագիծ ունենալ, քան ընդհանուր խումբը, որով գնահատվում է գնաճը:

«Բայց ինչ վերաբերում է փորձագետների կարիծիքին, դրանց դժվար է որևէ կերպ արձագանքել, քանի որ դրանց տակը եղած դատողությունների համակարգը բացակայում է, հիմնավորումներ չկան։ Այն, ինչը ներկայացվել է նախագծում, դրանից ավելի լավ կանխատեսում ունենալ չենք կարող»,-եզրափակեց փոխնախարարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter