HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

52 համայնքներից 37-ում նույն համայնքապետերն են ընտրվել. ոմանք այդ պաշտոնին են 20 տարուց ավելի

Երեկ հանրապետության 69 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Համայնքներից 3-ում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ էին, 34-ը խոշորանում էր՝ նոր համայնքի ղեկավար ընտրելով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները: Անդրադառնալով համայնքի ղեկավար ընտրած 52 համայնքների տվյալներին՝ ընդհանուր առմամբ համայնքներում մեծ փոփոխություններ չեն արվել: Համայնքերի մեծամասնությունում՝ 37-ում, վերընտրվել են տարիներ շարունակ պաշտոնավարող համայնքապետերը, քիչ թվով համայնքներ էլ նոր համայնքապետեր ունեն: 

Նոր համայնքապետեր են ընտրվել Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան քաղաքներում, Ալագյազ գյուղում, Լոռու Շիրակամուտ, Գյուլագարակ, Լոռի Բերդ գյուղերում, Ալավերդի և Ախթալա քաղաքներում, Շիրակի մարզի խոշորացված Անի համայնքում, Վայոց ձորի Գլաձոր և Եղեգիս գյուղում, Տավուշի մարզի Բերդ քաղաքում, Գեղարքունիքի Վարդենիս, Ճամբարակ և Շողակաթ համայնքներում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: 

Երկարակյաց համայնքապետեր 

Համայնքի ղեկավար վերընտրված համայնքապետերից ոմանք այդ պաշտոնին են ավելի քան 20 տարի:

Անդրադառնալով «երկարակյաց» համայնքապետերին՝ կարող ենք փաստել, օրինակ, Արագածոտնի մարզի Սուսերի համայնքապետ վերընտրված Գուրգեն Զաքարյանը այդ պաշտոնին է ավելի քան 25 տարի՝ 1992 թվականից, իսկ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքը ղեկավարող, Շորժայի արդեն իսկ նախկին գյուղապետ Սուլիկո Շուշանյանը համայնքապետ է 1996 թվականից, Մեծավանի գյուղապետ վերընտրված Սերյոժա Վարդանյանը ևս պաշտոնավարում է 1996-ից: Նույնքան ժամանակահատված էլ համայնքի ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետ Ռոբերտ Պետրոսյանը: 

Համայնքի ղեկավար ընտրող 52 համայնքներից 26-ում առաջադրված էր մեկ թեկնածու, 13-ում՝ երկուսը: Հանրապետության 2 համայնքում՝ Ալագյազում և Ախուրյանում, մրցապայքարը ակտիվ է եղել, քանի որ դրանցում համայնքի ղեկավարի համար առաջադրվել էր 6 թեկնածու:

Դատախազությունը հաղորդագրություն է տարածել, հայտնելով, որ  քվեարկության օրվա ընթացքում առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումների և ահազանգերի նախնական ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրել են ընդհանուր, վերացական բնույթ կամ վերաբերել են քվեարկության կազմակերպմանը առնչվող տեխնիկական բնույթի խնդիրներին՝ քվեարկության սենյակների կահավորմանը, տեխնիկական սարքավորումների գործարկմանը, տեղամասերում հերթերի, կուտակումների առաջացմանը, տեղամասային հանձնաժողովների աշխատակարգային խախտումներին, կամ անորոշ ձևակերպումներ են պարունակել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter