HY RU EN

Արաքս Մամուլյան

Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննության փուլն ավարտվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, այսօր ավարտեց  ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննության փուլը: Դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին: Մեղադրող դատախազ Արամ Արամյանը մեղադրական ճառին պատրաստվելու համար մեկ շաբաթ ժամանակ խնդրեց դատարանից:

Մինչ այդ դատավոր Արշակ Վարդանյանը հայտնեց, որ «Իգլայի» խողովակն ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները թույլատրելու վերաբերյալ պահանջված նյութերը դատարանին չեն տրամադրվել:

Նշենք, որ այդ նյութերը դատարանին տրամադրելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը:

Հրաչյա Մայիլյանի վերաբերյալ դեռևս 2014 թվականին քրեական գործ է հարուցվել, որը դատարան չի հասել: Ըստ Քալաշյանի` 2017-ին հանկարծ որոշում է կայացվել Մայիլյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսել:

Ըստ պաշտոնական վարկածի` այս գաղտնալսումների արդյունքում է «բացվել» նաև այսօր դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ քննվող գործը, և Ավետիս Քալաշյանը հարց է բարձրացնում,  թե Մայիլյանի վերաբերյալ գործի քննությունից 4 տարի անց ինչո՞ւ են հանկարծ որոշել նրան գաղտնալսել:

Դատարանը բավարարել էր  Քալաշյանի միջնորդությունը, այսինքն` որոշում էր կայացրել պահանջել և հետազոտել Հրաչյա Մայիլյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու թույլտվության որոշման հիմքում դրված նյութերը:

Սակայն Մայիլյանի գործով նախաքննություն իրականացնող մարմինը, փաստորեն, մերժել է տրամադրել այդ նյութերը: ԱԱԾ-ից, դատարանի գրությանն ի պատասխան, հայտնել են, որ Մայիլյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու վերաբերյալ որոշումն օրենքով սահմանված կարգով գաղտնազերծվել է, իսկ ինչ վերաբերում է պահանջված այլ տեղեկություններին, ապա դրանք չեն կարող  տրամադրվել, քանի դեռ օրենքով սահմանված կարգով գաղտնազերծված չեն:

Նշենք, որ նախորդ դատական նիստի ավարտին դատարանը դատավարության կողմերին էր տրամադրել մեղադրող դատախազ Արամ Արամյանի մուտքագրած նամակը դատարան, որը վերաբերում էր այս գործով անցնող վկա Աշոտ Շուշանյանի հարցաքննության օրը վերջինիս՝ ԱԱԾ-ի շենք մուտք գործելու և դուրս գալու ժամի վերաբերյալ տվյալներին:

Դատարանը մեղադրողից խնդրեց պարզաբանել, թե ինչո՞ւ է ներկայացվել վերը նշված նամակը, և Արամ Արամյանը պարզաբանեց, որ նամակը նշանակություն ունի Շուշանյանի տված ցուցմունքի արժանահավատությունը  գնահատելու տեսանկյունից:

Աշոտ Շուշանյանը դատարանում տված իր ցուցմունքում հայտարարել է, որ իրեն տևական  ժամանակ պահել են ԱԱԾ-ում, իսկ մեղադրող դատախազը նամակում ներկայացրել է տվյալներ այն մասին, որ Շուշանյանը քրեական գործում ֆիքսված իր հարցաքննության ժամից րոպեներ առաջ մտել է ԱԱԾ շենք և հարցաքննության ավարտից րոպեներ անց դուրս եկել շենքից:

Դատական նիստն այսօր ավարտվեց: Հաջորդը նոյեմբերի 13-ին է:

Նշենք, որ դատարանում քննվող  «Իգլայի» և փողերի լվացման գործով ամբաստանյալի կարգավիճակում է 7 անձ, որոնցից ներկայումս կալանքի տակ են միայն երեքը՝ Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը: Իսկ ամբաստանյալներ Կարեն Քոչարյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ժորա Զաքարյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելուն: 

Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ապօրինի կերպով ձեռք բերելու, փոխադրելու և պահելու մեջ: 

Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն: