
Պետպատվերի շրջանակում սրտի ստենդավորման վիրահատությունը կարող է արժենալ 700-750 հազար դրամ
«2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սրտի ստենդավորման վիրահատություններին և պետպատվերի համակարգին։ Պատգամավորը նկատեց, որ չնայած հայտարարվում է պետության հաշվին սրտի վիրահատություն կատարելու մասին, սակայն այդ համակարգում քաղաքացիների կողմից դժգոհությունները շատ են։
«Մի անգամ էլ եմ այս մասին ասել խորհրդարանում, եթե մի քիչ գրոտեսկի վերածենք՝ մարդը գնում է հիվանդանոց, ասում են՝ քեզ դեռ ինֆարկտ չի խփել, գնա, երբ կխփի, այն ժամանակ կգաս»,- ասաց նա՝ հետաքրքրվելով, թե արդյոք նախարարությունը մտադիր է որևէ փոփոխություն կատարել այդ ոլորտում։ Փաշինյանն անդրադարձավ նաև սրտի ստենդավորման վիրահատության գնագոյացման խնդրին՝ նկատելով, որ շատերը նախընտրում են վիրահատությունը Թբիլիսիում կատարել։
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հստակեցրեց՝ նախարարությունը չի հայտարարել, որ ցանկացած ստենդավորման վիրահատություն անվճար է։
«Մեր առողջապական բյուջեի ներքո երաշխավորված են պետպատվերի շրջանակում սոցիալապես անապահով խավերի սրտի խնդիրների հոգածությունն այն գումարով, որը նախատեսված է, զինծառայողների և իրենց ընտանիքի անդամների սրտի խնդիրների հոգալու և ամբողջ բնակչության համար սուր ինֆարկտի զարգացման փուլում կյանքը փրկելու համար»,- մանրամասնեց նախարարը՝ հավելելով, որ ընդամենը 1500 վիրահատության համար նախատեսված գումար ունեն պետպատվերի համակարգում։
Խոսելով ստենդավորման ոլորտում գնագոյացման մասին՝ նախարարն ասաց, որ ձեռնամուխ են եղել մշակել մի գին, որը տրամաբանական կլինի երաշխավորված պետպատվերի վճարման հիմքում։
«Կարծում եմ՝ մեզ կհաջողվի գինը հասցնել 700-750 հազար դրամի, որը երևի թե 2018-ին կհայտարարվի և կաշխատի»,- ասաց Ալթունյանը։
Նիկոլ Փաշինյանը խնդրեց հստակեցնել՝ քաղաքացու կողմից ստենդավորման համար տրվող գումարը նո՞ւյնն է, ինչը պետության կողմից պետպատվերի շրջանակում է փոխանցվում։
«Դուք ասում եք, որ գինը կրճատել եք, պետպատվերով վիրահատվողի համար գինը դարձրել եք 700-750 հազար, սա նշանակո՞ւմ է արդյոք, որ քաղաքացին էլ հնարավորություն կունենա վճարել նույնքան»,-հարցրեց նա։
Նախարարը պատասխանեց, որ այդ գինը նույնը չէ հիվանդանոցների համար։
Այս տարվա բյուջեով վերացվել է անպտուղ զույգերի արհեստական բեղմնավորման ծրագիրը, ինչի մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը։ Պատգամավորի խոսքով՝ գումարը ոչ միայն պետք չէր կրճատել, այլ նույնիսկ կարելի էր քառապատկել նախատեսված 78 միլիոն դրամը։ Պատգամավորը մատնացույց արեց, որ «Մոր և մանկան» բժշկական ծառայությունների մասով մոտավորապես 700 մլն դրամի կրճատում է եղել շահառուների բացակայության պատճառով, ուստի խնայված գումարների կեսը կարելի էր ուղղել անպտուղ զույգերին։ Նախարարը մանրամասնեց, որ ծրագիրը վերացել է սղության և անհնարինության պատճառներով՝ գտնել հենց այն զույգին, որին պետք է օգնել։
«78 միլիոն դրամը Հայաստանի պայմանների համար քիչ է և տեղիք է տալիս և՛ սուբյեկտիվիզմի, և անարդյունավետության: Ի վերջո, պետք է ասեմ և այդ թիվը մեկ անգամ բարձրաձայնվել է փոխնախարարի կողմից, ինչն այնքան էլ դուր չի եկել, բայց դա օբյեկտիվ թիվ է․ մի երեխան նստում է 12 միլիոն դրամ։ Մենք ունենք բազմաթիվ այլ ծրագրեր երիտասարդ ուռոլոգներից, որոնք շատ ավելի մեծ արդյունավետությամբ կբարձրացնեն անպտղության բուժումը, և այդ ծրագրերը հիմա ուսումնասիրվում են»,- նկատեց նախարարը։
Պատգամավորը խնդրեց նաև հստակեցնել, թե ի՞նչ տրամաբանությամբ է բուժհաստատություններին պետպատվերի որոշակի քանակ տրվում։
«Հիմնականում պետպատվերի բաշխման սկզբունքները համահունչ կլինեն այն գնագոյացման բանաձևերին, որոնք այսօր մշակվում են նախարարության կողմից և որոնց ծրագրերը կառավարության հնգամյա ծրագրով նշված են՝ 2018-ի առաջին եռամսյակ։ Մենք մշակում ենք գնագոյացման բանաձևեր՝ ծառայությունները, գները կենտրոնացնելու և մեկ աղբուրից գնում կատարելու»,- նկատեց առողջապահության նախարարը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել