Սերգո Կարապետյանը` Ախուրյանում
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մարզեր այցելության օրակարգում այս անգամ Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանն էր, Լանջիկի, Հոռոմի համայնքները: Համայնքապետերի հետ հանդիպումը կայացավ Ախուրյանի գյուղապետարանի նիստերի դահլիճում: Մարզպետ Աշոտ Գիզիրյանը բարի գալուստ մաղթելով Գյուղատնտեսության նախարարին հույս հայտնեց, որ վերջինիս «ոտքը խերով կլինի»` հաշվի առնելով ծնունդով շիրակցի լինելու հանգամանքը: «Շիրակի մարզում դա գնահատում են ու ասեմ, որ բավական կարեւորում են իրենց համերկրացի լինելը,ես իմ կաշվի վրա եմ զգացել, դրա համար էլ ասում եմ»,-պարզաբանեց մարզպետն ու դիմելով հավաքվածներին խնդրեց, որպեսզի հարցերը բարձրացնելուն զուգընթաց առաջարկվեն նաեւ դրանց լուծման ուղիները:
Սերգո Կարապեյանն ասաց, որ տպավորված է այցելած համայնքների` հատկապես Ազատանի բնակիչների աշխատասիրությամբ: «Իմացանք, որ 2700 հա հող ունեն ու ամբողջությամբ մշակում են: Եթե համեմատենք Արարատյան դաշտավայրի հետ, որտեղ պայմաններն ավելի բարվոք են քան այստեղ, զարմանալիորեն բողոքներն ավելի քիչ են, քան Արարատյան դաշտավայրում,-նկատեց նախարարը,-շիրակցիներին հատուկ չէ առեւտրականի հոգեբանությունը: Հենց սա էլ նրանց ցայտուն կերպով տարբերակում է արարատցիներից: Մեր պարբերաբար անցկացվող հանդիպումների նպատակը շփումն է գյուղացիների, գյուղացիական տնտեսությունների, համայնքների ղեկավարների հետ, որպեսզի կարողանանք առկա դժվարություններին, հիմնախնդիրներին ժամանակին լուծում տալ»:
Սերգո Կարապետյանը մեկ անգամ եւս ներկաներին հիշեցրեց, որ 2011թ-ն հայտարարված է գյուղատնտեսական տարի եւ ամեն քայլ ձեռնարկվում է, որպեսզի շտկվի նախկին տարիներին ստեղծված իրավիճակը:
«Պիտի առաջնահերթ կանգնենք գյուղացու կողքին, որպեսզի գյուղացին իմանա, որ ինքը միայնակ չէ,-աչքալույս տալու պես հայտարարեց Սերգո Կարապետյանը,-հիմա բոլորդ տեսնում եք, որ քայլեր արդեն ձեռնարկված են եւ առաջին արդյուքները մենք ունենք: Ամենաառաջինը, որ հեղաշրջում կարելի է համարել գյուղատնտեսության ոլորտի համար, դա ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրումն է»:
Նախարարի համոզմամբ 14 տոկոս տոկոսադրույքով, որի 4 տոկոսը սուբսիդավորում է պետությունը, 2 տարի մարման ժամկետով եւ դոլարի փոխարեն դրամով տրվող վարկերը բարելավելու են գյուղատնտեսության եւ գյուղացու վիճակը: Սերգո Կարապետյանն առաջ անցնելով, տեղեկացրեց, որ հաջորդ տարի հնարավոր է այդ տոկոսադրույքն ավելի իջնի, վարկի տրամադրման ժամկետն երկարի, վարկի գումարը մեծանա: «Արժի գնահատել, այն մեծ փոփոխությունը, որ այսօր անում է պետությունը»,-նկատեց նախարարը:
Ծրագրի համար նախատեսված 5 մլրդ գումարից 3 մլրդ-ն արդեն հատկացվել է, տեղեկացրեց Սերգո Կարապետյանը հավելելով, որ գործընթացը շարունակվում է, 4 բանկ են ներգրավված ծրագրում, չի լինելու որեւէ խոչընդոտ եւ այն լինելու է շարունակական պրոցես; Մարզի առավել աղքատ ցուցանիշ ունեցող 15 համայքների համար նախատեսվել է սուբսիդավորել վարկի ոչ թե 4, այլ 6 տոկոսը: Այսինքն այս համայնքներում վարկառուները վարկավորվելու են տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով: Կառավարության կողմից մշակաված հաջորդ քայլերը, որ ներկայացրեց Սերգո Կարապետյանը համայնքապետերին, հացահատիկի ու գարու սերմնացուի սերմնաբուծության զարգացման ծրագրերն են, որը նախատեսված են իրականացնել մինչեւ 2014-15թթ-ը եւ այդ հարցում մեծ է ներդրումը Գյումրու Սելեկցիոն կայանի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել