Ձմեռ պապը` հիվանդանոցում (վիդեո)
Այսօր Երեւանի բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում տոնական միջոցառում էր: Հիվանդանոցում բուժվող մանուկներին հյուր էին եկել հեքիաթային հերոսները, Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Տոնական երգ ու պարը համախմբել էր մուկովիսցիդոզ, լեյկոզ եւ այլ հիվանդություններ ունեցող երեխաներին:
Բոլորն ուրախ էին, նույնիսկ երեխաների ծնողներն էին մոռացել իրենց տարիքի մասին: Բուժքույրերը նույնպես խառնվել էին տոնական միջավայրին եւ երեխաների հետ երգում ու պարում էին:
Միջոցառումը կազմակերպել էր հիվանդանոցի եւ կլինիկայի հոգեբան Լուսինե Հովհաննիսյանը: Նա «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հիվանդանոցում ամանորյա միջոցառումները ավանդական են դարձել: Ըստ նրա` հիվանդ երեխաներին ուրախ միջավայրում պահելը պարտադիր է, քանի որ այդ կերպ ավելի հեշտ են հաղթահարում հիվանդությունը:
«Ամեն մի օրը տոն դարձնելը շատ կարեւոր է եւ նպաստում է երեխաների բուժման ընթացքին: Այսօրվա միջոցառումը, կարծում եմ, միայն դրական ազդեցություն ունեցավ երեխաների համար եւ ինչ-որ չափով օգնեց նրանց բուժման ընթացքին»,-ասում է Լուսինե Հովհաննիսյանը:
Արարատի մարզի Սիփանիկ գյուղից տոնական միջոցառմանը մասնակցելու էր եկել նաեւ մուկովիսցիդոզով հիվանդ 10-ամյա Լիլիթը: Նա ուրախ էր եւ միշտ ժպտում էր, ինչը Լիլիթի մոտ հազվադեպ երեւույթ է այն բանից հետո, երբ իմացել է իր հիվանդության մասին: Ինչպես բոլոր երեխաները, այնպես էլ Լիլիթը, նվերներ ստացան Ձմեռ պապից եւ խոստացան, որ հաջորդ տարի նույնպես հանդիպելու են: Իսկ Ձմեռ պապը երեխաներին մաղթեց, որ երբեք չհիվանդանան: Երեխաներն էլ իրենց հերթին Ձմեռ պապին հավաստիացրին, որ իրենց լավ են նայելու, լսելու են ծնողներին ու չեն հիվանդանալու:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել