HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 100-ամյակն է․․․

Եթե Սովետական Միությունը փլուզված չլիներ՝ պա՛հ, պա՛հ, պա՛հ․․․ինչ երջանկություն կապրեինք այս օրերին։ Միության «եղբայրական» ժողովուրդներին փողոց հանած՝ կոկորդ պատռող ուռանե՜ր, փուչիկնե՜ր, փուչիկ-ուռաներ և այլ երջանկաթաթախ ու երանավետ միջոցառումներ։ Մամուլով, հեռուստատեսությամբ, ռադիոյով մտավորականների փաղանգն, իրար հերթ չտալով, կսկսեր մեծարել Լենինին ու նրա ստեղծած «դրախտը»։ Ո՞ւր մացին, ո՞ւր կորան կոմկուսին և նրա առաջնորդներին նվիրված նրանց շահեկան ու եկամտաբեր ներբողները, օդաները և փառաբանությունները ․․․

Պետք է խնամքով պահել այդ գոհարներն՝  անդառնալի ոչինչ չկա, մանավանդ  Լենինն ու լենինիզմը դեռ անթաղ է, և ռուս ժողովրդի մի ստված զանգված Ստալինի վերադարձն է կարոտում։

Թերևս ճիշտ է ենթադրել Լեռ Կամսարը, երբ գրել է․ «Չեմ հասկանում սրանց բանը։ Ենթադրում եմ, որովհետև ռուս ժողովուրդը առանց մեկին պաշտելու՝ չի կարող ապրել, Ստալինին պահել է որպես փոխնորդ Լենինին լվանալու օրերին պաշտելու համար։

Պաշտամունքի սովոր մարդը մի րոպե իսկ չի կարող առանց Աստծու դիմանալ։ Հիշո՞ւմ եք, երբ Մովսեսը Սինա լեռը բարձրացավ Աստծուց պատգամ բերելու, չէր անցել մի շաբաթ, ժողովուրդը սկսեց Ոսկե հորթ պաշտել։

Իսկ Ստալինը ինչքա՞ն անարժեք պիտի լինի, որ մի հորթ չարժենա...»։

Եվ քանի որ մենք Ռուսաստանի անկախն ենք՝ կարող է ամեն ինչ կրկնվել նաև մեզ մոտ, և «հին աստվածները» շուտափույթ վերադառնան․․․

Լեռ Կամսարն էլ, ժամանակակից իր գրչեղբայրների պես բացառություն չէր՝ չէր կարող անտարբեր լինել Հոկտեմբերյան հեղափոխության և այն կերտողների շահութաբեր թեմային (ում համար շահութաբեր, ում համար կործանարար)։  Երբ կարդում ես տպված և անտիպ գործերը՝ գլուխդ բժժում է Լենինի, Ստալինի, Խրուշչովի և մյուս առաջնորդների առատությունից։ Մի քիչ իր մոտեցումն է տարբեր մյուս գրողների գրածներից՝ դե դա էլ իր թերացումն է։ Թող գրեր այնպես, որ տպվելու, լավ ապրելու, մեծարվելու ու գնահատվելու հնարավորություն ունենար, ո՞վ է մեղավոր։

Հիմա այս մարդն էլ այդպես է ընկալել իր ժամանակը, հո զոռով չի, ինչ կարող ենք անել․․․

Ստորև ներկայացվում է իր ժամանակին գրված, բայց տպագրության այդպես էլ  չարժանացած  Լեռ Կամսարի գործերից նվիրված Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունը և նրա առաջնորդներին։

 Վանուհի Թովմասյան

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- 

Երբ իսրայելցիք պատմական ասպարեզ դուրս եկան, տարածք չունեին։ Որպես թափառական ժողովուրդ՝ իրենց սրբությունները դրին «ուխտի տապանակի» մեջ, և այն ուսներին դրած, ամբողջ քառասուն տարի ման եկան Սինա անապատում՝ կոտորելով այնտեղ ապրող ցեղերին։

Իսրայելցոց հակառակ, ռուսները լայնածավալ երկիր ունեն իրենց ոտքի տակ և կարող էին հաստատուն տաճարներ կառուցել իրենց աստվածներին, ավելի, քան Սողոմոնի կանգնեցրած տաճարը Երուսաղեմում, բայց այստեղ էլ այլ արգելքներ էին ծառացել ռուսների առաջ, որոնք դժվար էր հաղթահարել։

Ճիշտ է, ռուսներն ունեն հաստատուն հող իրենց ոտքի տակ, բայց չունեն հաստատուն սրբություն մնայուն տաճարներ շինելու համար։ Նրանց աստվածները հերթափոխով են պաշտվում։

Երբ կոմունիստական Ռուսաստանը առաջին անգամ պատմական ասպարեզ դուրս եկավ, Լենինն էր «ուխտի տապանակի» մեջ նստած, որն իր ուսերին դրած ռուս ժողովուրդը, ման գալով երկրում, կոտորեց իր իսկ ժողովրդին ու երկիրն անապատ դարձրեց։

Չանցած յոթ տարի՝ Ստալինը դուրս հանեց Լենինին «ուխտի տապանակից», և ինքը տեղավորվեց մեջը՝ շարունակելով կոտորածը։

Ստալինի մահից հետո հիմա էլ Խրուշչովն է նստած։

Ի՞նչ անի խեղճ ռուս ժողովուրդը։ Մնայուն տաճարի համար մի մնայուն անուն է հարկավոր։ Տաճարը Լենինի՞ն նվիրի, Ստալինի՞ն, թե՞ Խրուշչովին։

Չէ՛, լավ է, որ շարժական տաճարով բավարարվի ռուս ժողովուրդը։ Եթե «տապանակ ուխտի» չի կամենում անվանել, թող մի այլ անուն գտնի։

Եվ, ըստ իս, որպեսզի անվերջ աստված չհանի, մի ուրիշը դնի մեջը, հարմար է, որ տապանակի կափարիչը բաց թողնի, աստվածները ավտոմատ ելնեն ու մտնեն։

Ռուս ժողովրդին մի աստված է հարկավոր, իսկ թե ո՞վ է լինելու այդ աստվածը, այդ բոլորովին միևնույնն է։

Պետք է ուշք դարձնեն միայն, որ չպատահի այնպես, որ երկրպագեն «տապանակին» այն ժամանակ... երբ ոչ ոք չկա մեջը։

Որովհետև աստվածները մարմին չունեն, որ ծանրությունից նրանց ներկայությունը զգացվի...

«Կարմիր օրեր»,1958

 

                        Հուշեր Հոկտեմբերյան հեղափոխությունից

Այս հեղափոխության մասին մի եվրոպացի հեղինակ, որի անունը չեմ հիշում, ասել է․ «Տասը օր, որ ցնցեց ողջ աշխարհը»։

Ցնցելն էլ խո՞սք է։

Ամբողջ երկիրն իրար խառնված ու վառոդի ծխի մեջ կորած։

Բոլշևիկները, որ տիրել էին երկրին սոցիալիզմ կառուցելու և մարդկանց համար երջանիկ կյանք ստեղծելու, այդ տասը օրում՝ ո՛չ սոցիալիզմ, ո՛չ երջանիկ կյանք։

Միայն հետո, երբ քաոսը պարզվեց, եղավ լույս, ցամաքը ջրից զատվեց՝ նոր նրանք ձեռք զարկին Նոր աշխարհ կառուցելուն։

Ամենից առաջ բոլշևիկները մարդն անասունից զատեցին։ Մարդու համար տուն շինեցին, ընտանի անասունների համար` գոմ, իսկ վայրի գազաններին քշեցին անտառները։

Մարդիկ, որ նախքան հեղափոխությունը ապրում էին դժբախտ, սաստիկ հետաքրքված էին տեսնելու, թե ի՞նչ բան է սոցիալիզմը, և թե ինչպե՞ս նա իրենց պիտի երջանկացնի։

Տեսան երկրում մեծ ու ընդարձակ բանտեր են շինում։

Ժողովուրդն ապաշած սկսեց իրար նայել, «մի՞թե սոցիալիզմը բանտ է»․ ասացին։

Չեկիստները ժողովրդի վախը փարատելու համար, ասացին․

- Մի վախենաք, երկար չեք մնա բանտում։ Ձեզ կհավաքենք կլցնենք այնտեղ, հետո մյուս երեկոյան կլցնենք ավտոն, կտանենք գնդակահարելու։

Այստեղ ժողովուրդը մի փոքր սիրտ առավ։ Որովհետև իր կյանքում գնդակահարություն չէր տեսել, կարծեց դա լավ բան է, և իրենց պիտի տանի դեպի երջանկություն։ Բայց երբ տեսավ գնդակահարությունից հետո մեռնում են մարդիկ՝

- Փախե՜ք, - գոռացին, - փախե՜ք, ձեր հոգին ազատեք։

Բայց ո՞ւր, փախչելու ճանապա՞րհ էին թողել․ երկրի սահմանները փշալար, պահակը կրակի պատրաստ հրացանը ձեռին ու կատաղի շներ։

Դե փախիր՝ տեսնենք ո՞նց ես փախչում։

Ու մարդիկ ճարահատ, չեկիստի առջև ընկած նախ մի օր բանտում հանգստանում էին, մյուս օրը գնդակահարության գնում․․․

Բայց բոլշևիկները դրա փոխարեն վերին աստիճանի խնամք և քնքշություն ցուցաբերեցին վայրի կենդանիների և գազանների հետ գործ բռնելիս։

Մինչ չեկիստները տարվա բոլոր եղանակներին և օրվա բոլոր քսանչորս ժամերին, առանց գիշեր-ցերեկվա մեջ խտրություն դնելու որսում էին մարդկանց՝ կենդանիների որսի համար ժամ և ժամանակ սահմանեցին։ Չէր կարելի սպանել նրանց գարնանը, երբ թռչունները թուխս են նստում իրենց ձվերի վրա և գազանները հղանում են։

Եվ այս այն ժամանակ, երբ 1949 թվին Երևանի հիսուն հազար ընտանիքներ մի գիշերվա մեջ Սիբիր տեղահանելիս ծննդկան կանանց թույլ չտվին իրենց երեխաները ամբողջովին ծնելու։ Որ երեխայի միայն գուխն էր երևացել, նրան մոր արգանդը հրեցին, իսկ կեսից ավելին ծնվածներին զոռով քաշեցին, գցեցին դեն ու մայրերին տարան։

Այնքան որ շտապում էին։

Իսկ կենդանիների ու գազանների համար այսքան համբերատարություն։

Գեթ տարվա մի եղանակին․ օրվա մի ժամին դադարեին մարդ որսալուց․․․

Հեղափոխությունից հետո նեղ դրության մատնվեցին ընտանի կենդանիներից միայն շունն ու կատուն։

Այս օգտակար կենդանիներին մարդը պահում էր, շանը՝ որպեսզի իր գույքն ու ոչխարի հոտը պաշտպաներ, կատուն էլ իր մառանի ուտելիքները՝ մկների հարձակումից։

Սոցիալիզմը սրբեց տարավ մառանի բարիքն էլ, ոչխարն էլ, գույքն էլ։ Հետևաբար, ավելորդ դարձավ մարդուն շունն ու կատուն։ Եվ նա դրանց շտատը կրճատեց, տնից  դուրս արեց։

Բայց նրա՛նց էլ օգնության հասավ Սովետական կառավարությունը։ Շներին տեղավորեց իր սահմանագլխում, որ մարդ չփախչի արտասահման, կատուներին էլ պահակ դրեց, որ մուկ չանցնի։

Կառավարությունը միայն էշերի շտատը կրճատեց, որովհետև ամբողջ երկիրը իշացել կանգնել էր․․․

 1964թ․, անտիպ

 

                                               Կոնսերվի գործարան

1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությանը, երբ Լենինը տեր դարձավ Ռուսաստանին՝ շվարեց կանգնեց։ Նա իր օրում այդքան ժողովուրդ չէր ունեցել և չգիտեր ի՞նչ անել նրան։

Ռուսաստանը ուներ «Սիբիր» մարկայի մի ընդարձակ սառցարան, կարող էր մորթել իր ժողովրդին և շարել այնտեղ, բայց ամառներն այնտեղ տաք է լինում, և միսը կարող էր փչանալ։

Լենինը մտածեց ժողովրդից ղավուրմա պատրաստել։ Բայց Ռուսաստանը շատ լղար էր, հազիվ թե իրեն ծածկեր և ետևին էլ դմակ չուներ։

Ի՞նչ անել։

Ստիպված բռնեց երկրի սահմանները պինդ փակեց որպեսզի օդ չանցնի և կոնսերվացրեց ժողովրդին։

Բայց այնուամենայնիվ ամանը ծակ էր, մի ինչ որ տեղից օդ էր անցնում և ապրանքը սկսում էր համը փոխել։

Իրերի այս դրության մեջ Լենինը մեռավ, զմռսվեց և գնաց գերեզմանում պառկեց, ականջը միշտ իր հաջորդ Ստալինին պահած, իմանալու համար թե նա՞ ինչ կպատրաստի իր ժողովրդից։

Իսկ Ստալինը սկզբում մտածեց զմռսել ժողովրդին և դնել իր «առաջնորդի» կողքին։

Բայց այն ժամանակ իրեն անելիք չէր մնա։

Ի՞նչ անեմ, ի՞նչ չանեմ՝ սկսեց մեկ-մեկ գնդակահարել մարդկանց և թաղել գետնի տակ։

Բայց պահածոյի այս նոր ամանը նույնպես չարդարացրեց իրեն, որովհետև եղկեր չէր և օդ էր անցկացնում։

Մինչև գլխի ընկավ Ստալինը՝ արդեն քսան միլիոն մարդ փչացել էր գետնի տակ։

Հիմա ի՞նչ անել։

Մյուս կողմից անորոշության մեջ խարխափող ժողովուրդը պահանջում էր իրենց առաջնորդներից հայտնել իրենց վերջնական միտքը, թե ի՞նչ են ուզում դարձնել իրենց։

Ստալինն ասում էր՝ ես ուրիշ ոչինչ չեմ կարող անել ձեզ, ես միայն գնդակահարել գիտեմ՝ գնդակահարում եմ։

Բայց չհասցրեց բոլորին գնդակահարել Ստալինը, մեռավ ու զմռսվելով գնաց պառկեց իր «ուսուցչի» Լենինի կողքին։

Կարճ ժամանակ «ուսուցիչն ու աշակերտը» պառկեցին քով-քովի զմռսված, բայց հետո Ստալինից սկսեց հոտ գալ, ստիպված տարան դիակը այրեցին։

Հիմա դառնանք Ռուսաստանի երրորդ տիրոջը՝ Խրուշչովին։

Խրուշչովն իր նախորդների անհաջող փորձերը ի նկատի ունենալով, բոլորովին այլ ընթացք բռնեց։ Նա սկսեց իր ժողովրդին կոնսերվացնել ողջ վիճակում։

Այդ նպատակով նրա համար սկսեց կառուցել քարաշեն փոքրիկ բնակարաններ և ժողովրդին ընտանիքների վերածած, ճխտեց այդ նեղ բնակարաններում և կափարիչը պինդ փակեց։

Բայց բանից պարզվեց, որ կենդանին այն չէ ինչ մեռածը։ Կենդանի մարդն ամենախիստ ռեժիմի մեջ էլ ծնվում և մեռնում է։ Մի հանգամանք, որ մեծապես ազդում է այդ նորաշեն ամանների բովանդակության վրա։

Օրինակի համար, երբ բերնեբերան լցված այդ բնակարաններում մեկը մեռնում է՝ ամանում գոյանում է դատարկ տարածություն, ուր օդ մտնելով՝ փչացնում է տուփի ողջ պարունակությունը։

Դրան հակառակ՝ այդ տուփում մեկը ծնում է, որի հետևանքով ամանն ուռչում և պայթում է, վնաս պատճառելով տվյալ տնտեսությանը։

Ու այսպես պատրաստված կոնսերվները ոչ միայն պիտանի չեն այս աշխարհում, այլ նաև հանդերձյալում։

Կոնսերվացված մարդիկ ենթակա չեն «վերջին դատաստանին», որովհետև նրանք ազատ չեն ապրել, որպեսզի իրավունք ունենային չար կամ բարի լինել, արքայություն կամ դժոխք գնալու համար։

Նրանք եղել են այն, ինչ ցանկացել են երկրի տերերը։

Իսկ այս վիճակից մեզ պիտի ազատի ոչ թե մարդը, այլ միայն Աստված։

Այդ նպատակով էլ վերջերս երկինք համբարձավ Երևանի Քաղսովետը։

Նա պիտի առաջարկի Աստծուն նորակառույցներում ապրողներին ձեռք չտալ։ Նրանց ո՛չ ավելացնել, ո՛չ պակսեցնել։

Անել այնպես, որ մարդիկ իրենց բոլոր մահերը և ծնունդները կատարեն իրենց հին տներում միայն։ Իսկ նոր տներ փոխադրվելուց հետո, այլևս իրավունք չունենան ո՛չ ծնել, ո՛չ մեռնել։

Հիմա տեսնենք թե ի՞նչ պատասխան կբերի Քաղսովետը։

 1965թ․, անտիպ

Գրաֆիկան՝ Հերբերտ Գևորգյանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter