HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատարանի նախագահը չի հայտարարագրել մեծաչափ վարկային միջոցները. դրա մասին հայտնի է դարձել դատական գործի շրջանակում

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանը և նրա որդին՝ Ալբերտ Աբրահամյանը, տարիներ շարունակ վարձակալության են հանձնել ոչ բնակելի տարածքներ և դրա դիմաց, որպես եկամուտ, խոշոր գումարներ ստացել: Դատավորը չի հայտարարագրել իր ստացած վարկերը, ինչպես նաև ստացած նվիրատվությունը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի և դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանի միջև 2011թ. հունվարի 14-ին կնքվել է ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր, որի համաձայն` բանկի ժամանակավոր տիրապետման և օգտագործման է հանձնվել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 16 շենքի թիվ 118 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքը՝ վարձակալի կողմից բանկային գործունեություն իրականացնելու նպատակով: Տարածքի ամսական վարձավճարը՝ 2011թ. ապրիլի 1-ից մինչև պայմանագրի գործողության ժամկետի ավարտը՝ 2021թ. հունվարի 31-ը ներառյալ, սահմանվել է 1 մլն 125 հազար դրամ, որը համարժեք է եղել 3000 ԱՄՆ դոլարին։

Նույն օրը նշված բանկի և Վարդան Աբրահամյանի որդու՝ Ալբերտ Աբրահամյանի միջև ևս նույն ժամկետով կնքվել է ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր՝ Կոմիտասի պողոտայի 16/1 հասցեում գտնվող հասարակական սպասարկման տարածքի վերաբերյալ: Այդ տարածքը ևս բանկի կողմից օգտագործվելու էր բանկային գործունեություն իրականացնելու նպատակով: Կոմիտասի պողոտայի 16/1 տարածքի  ամսական վարձավճարի չափը կազմել է 3 մլն 375 հազար դրամ, որն այն ժամանակ համարժեք է եղել 9000 ԱՄՆ դոլարին։ 2012թ. դեկտեմբերի 25-ին բանկի և Ալբերտ Աբրահամյանի միջև կնքվել է համաձայնագիր, որով փոխվել է վարձավճարի չափը՝ դառնալով ամսական 6 մլն 970 հազար դրամ, կամ՝ 17 000 ԱՄՆ դոլար։

2016թ. դեկտեմբերի սկզբին Ալբերտ Աբրահամյանի և Վարդան Աբրահամյանի միջև կնքվել է նվիրատվության պայմանագիր, որով Կոմիտասի պողոտայի 16/1 հասցեում գտնվող հասարակական սպասարկման տարածքի սեփականության իրավունքը որդուց փոխանցվել է հորը՝ Վարդան Աբրահամյանին։ 

Մինչ այդ, 2016թ.-ի հոկտեմբերի 7-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ի շահառու և խորհրդի անդամ Կարեն Սաֆարյանը ձեռք է բերել «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ 100% բաժնետոմսերը: Դրանից հետո Հայաստանի օրենսդրության համաձայն սկսվել է Առէկսիմբանկի՝ Արդշինբանկին միացման գործընթացը։ Ներկայումս բանկը հանդես է գալիս «Արդշինբանկ» ընդհանուր բրենդի ներքո։ Իսկ Կենտրոնական բանկի նախագահի հունվարի 13-ի որոշումով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի մասնաճյուղերը գրանցվել են որպես «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղեր:

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն Կոմիտասի պողոտայի վրա ուներ թվով 2 մասնաճյուղ: Միացման արդյունքում Կոմիտասի պողոտայի վրա ավելացել էր ևս մեկ մասնաճյուղ՝ «Կոմիտաս 2» մասնաճյուղը՝ Կոմիտասի պողոտայի 16/1 հասցեում: Կենտրոնական բանկի նախագահի 2017 թվականի ապրիլի 5-ի որոշումով թույլատրվել է նույն թվականի ապրիլի 21-ից դադարեցնել «Կոմիտաս 2» մասնաճյուղի գործունեությունը:

2017թ. փետրվարի 13-ին գրությունով Վարդան Աբրահամյաններին տեղեկացվել է, որ բանկը նախատեսում է վարձակալած տարածքների ազատում և առաջարկել է հունիսի 1-ից լուծել պայմանագրերը: Նշված գրությունից 3 ամիս անց «Արդշինբանկ»-ը Վարդան Աբրահամյանին տեղեկացրել է, որ պայմանագրերով վարձակալված տարածքները ազատված են բանկի սեփականությունը հանդիսացող գույքից, չեն օգտագործվում, բերված են նախնական տեսքին: Բանկն առաջարկել է հնարավորինս սեղմ ժամկետներում ձեռնարկել տարածքների հանձնումը և ընդունումը կազմակերպելու համար անհրաժեշտ գործողությունները, ինչպես նաև մինչ հունիսի 1-ը ներկայանալ նոտարական գրասենյակ՝ պայմանագրերի լուծման համաձայնագրեր կնքելու համար։



 Դատավորի՝ վարձակալության տրված տարածքի վրա փակցրած բանկի գրությունը

Երկու գրություններով Վարդան Աբրահամյանը հայտնել է, որ պայմանագրերը լուծելու օրենսդրական և պայմանագրային հիմքեր առկա չեն, իսկ ինքը համաձայն չէ լուծել այդ պայմանագրերը: Բանկին տեղեկացրել է նաև, որ հենց վարձակալի պահանջով է Կոմիտաս պողոտա 16 շենքի թիվ 118 բնակարանի նպատակային նշանակությունը փոփոխվել «հասարակական»-ի, և բնակարանը կից կառույցով միացվել է նշված շենքին, իսկ դրանք հողամասի հետ միասին օգտագործվում են բանկի կողմից: Միաժամանակ, հայտնել է, որ պայմանագրերով նախատեսված վարձավճարները չեն վճարվում, խախտվել են պայմանագրերի դրույթները, իսկ կետանցի հետևանքով առաջանում են տույժեր, բացի այդ, պետք է քննարկման առարկա դարձվեն վարձավճարի չափի ավելացման և վնասի հատուցման հարցերը:

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ դատավոր Աբրահամյանի՝ վարձակալության պայմանագիրը լուծելու պահանջով, հունիսի 12-ին հայցադիմում է ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Հուլիսի 3-ին  Վարդան Աբրահամյանի ներկայացուցչի կողմից դատարան հակընդդեմ հայցադիմում է ներկայացվել վարձավճարի` 8 մլն 95 հազար դրամ գումարի, նշված գումարի նկատմամբ սկսած 13.06.2017 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման պահը յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0,1% դրույքաչափով հաշվարկվող տույժի գումարի, նախապես վճարված պետական տուրքի` 166.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջների մասին: 

8.095.000 դրամը երկու պայմանագրերի հիման վրա գոյացած հունիս ամսվա վարձավճարն է:

Գործի քննության ընթացքում բանկի ներկայացուցիչը հայտնել է, որ Կոմիտասի պողոտայում գործող մյուս երկու մասնաճյուղերը ևս վարձակալական հիմունքներով են աշխատում, սակայն Վարդան Աբրահամյանին պատկանող գույքը շատ ավելի մեծ է, և դրա վարձավճարը շատ ավելի թանկ է:

Դատարանի նախագահի չհայտարարագրած եկամուտները «ջրի երես» են դուրս եկել

Դատական գործի շրջանակներում ի հայտ է եկել, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի և Վարդան Աբրահամյանի միջև 05.05.2015թ.-ին կնքվել է վարկային պայմանագիր, որի համաձայն՝ բանկը Վ. Աբրահամյանին  մինչև 10.05.2022թ.-ը մարելու ժամկետով տրամադրել է 100.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ Երևան քաղաքի Հյուսիսային ճառագայթ փողոցի թիվ 3/1 հասցեով անշարժ գույքի վերանորոգման նպատակով:

Բացի այդ, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, Վարդան և Ալբերտ Աբրահամյանների միջև 16.05.2016թ.-ին կնքվել է անշարժ գույքի ձեռքբերման /վերանորոգման/, կառուցապատման վարկավորման պայմանագիր: Տրամադրվել է 90.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ մինչև 11.05.2026թ.-ը մարելու ժամկետով: Նշված պայմանագրով ստանձնած պարտավորություններն ապահովվել են երաշխավորության պայմանագրով:

Խոշոր վարկային պատավորություններ է վերցրել նաև դատավորի որդին՝ Ալբերտ Աբրահամյանը: Նրա և «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի միջև 07.03.2013թ.-ին կնքվել է վարկային պայմանագիր: Ալբերտ Աբրահամյանին. մինչև 2021թ. վերադարձնելու պայմանով. սպառողական նպատակով տրամադրել է 45 մլն 100 հազար դրամի չափով վարկ: Որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոց է հանդիսացել բանկում Ալբերտ Աբրահամյանի հաշիվներում ապագայում ստացվելիք ամսական վարձավճարը՝ 6 մլն 970 հազար դրամի չափով:

Նույն բանկի և Ալբերտ Աբրահամյանի միջև 07.05.2014թ.-ին կնքվել է մեկ այլ վարկային պայմանագիր: Բանկը վարկառուին սպառողական նպատակով տրամադրել է 55 մլն դրամի չափով վարկ՝ մինչև 2021թ. վերադարձնելու պայմանով: Այստեղ նույնպես պարտավորությունների կատարման ապահովման միջոց է հանդիսացել ապագայում ստացվելիք 6 մլն 970 հազար դրամը:

Նշենք, որ դատավորները բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում գույքի ու եկամուտների հայտարարագիր: Վերցրած վարկերը կամ փոխառությունները համարվում են եկամուտ, հետևաբար դրանք պետք է հայտարարագրվեն: Սակայն, թե´ որդուց ստացած նվիրատվությունը, թե´ 2015-2016թթ. վերցրած խոշոր չափի վարկերը Վարդան Աբրահամյանը չի հայտարարագրել:

«Հետք»-ն անդրադարձել է վարկառու դատավորներին, հնարավոր ռիսկերին: Հաշվի առնելով վերցրած վարկերի մեծությունը` դրանք ռիսկային են դատավորի համար: Հավանաբար այդ պատճառով էլ նա չի հայտարարագրել:

Ստորև ներկայացնում ենք Վարդան Աբրահամյանի տարեկան եկամուտներն` ըստ տարիների:

 

Այս տարիների ընթացքում Վարդան Աբրահամյանը նաև դրամական միջոցներ է ունեցել, կատարել է գույքի առուվաճառք: 2011թ. մոտ 13 մլն դրամով ձեռք է բերել NISSAN TEANA մակնիշի ավտոմեքենա: 2013թ. 11 մլն 259 հազար դրամով գնել է NISSAN PATHFINDER 2.5 L և 10 մլն դրամով վաճառել NISSAN TEANA 2.5 մակնիշի ավտոմեքենաներ: 2016թ. վաճառել է NISSAN PATHFINDER 3.5 մակնիշի ավտոմեքենան՝ 12 մլն դրամ արժեքով:

Ըստ հայտարարագրի՝ 2016թ. ձեռք է բերել երկու անշարժ գույք՝ մոտ 1 մլն 262 հազար դրամ արժողության հասարակական նշանակության շինություն և հողամաս՝ մոտ 5 մլն 571 դրամ արժեքով: Դատական գործից պարզեցինք, որ նշված շինությունն ու հողամասը գտնվում են Կոմիտաս պողոտա 16/6 հասցեում:

Տարեկան մոտ 3,5 մլն դրամի եկամուտ էլ ստանում է դատավոր Աբրահամյանի կինը՝ Սուսաննա Աբրահամյանը: Նա Առևտրային ընկերություններից մեկում ունի բաժնեմաս և եկամուտի մոտ կեսը այդ ընկերությունից ստացած շահաբաժինն է:

Պարզեցինք, որ Վարդան Աբրահամյանի որդին՝ Ալբերտ Աբրահամյանը, իրավաբան է:

Պետռեգիստրի տվյալների համաձայն` նա համարվում է 2010թ, աշնանը հիմնադրված «Կրիմինոլոգների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի համահիմնադիրը:

Ալբերտ Վարդանյանը 2011-2013թթ. եղել է «Ուլտրա Սերվիս» ՍՊԸ-ի բաժնետեր: Ընկերությունը հիմնադրվել էր 1999թ. ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության նախկին աշխատակից, մաքսային համակարգում աշխատած Ռոբերտ Կայֆաջյանի և այլոց կողմից: Ներկայումս ընկերության միակ բաժնետերը Վահե Ենգիբարյանն է:

«Ուլտրա Սերվիս» ՍՊԸ-ն իրականացնում է գյուղատնտեսական գործունեություն:

Ալբերտ Աբրահամյանն այս տարվա օգոստոսի 31-ին հիմնադրել է նոր ընկերություն՝ «Բեստ Իմպորտ» ՍՊԸ-ն: Նա է միակ բաժնետերը: Ընկերության գործունեության վերաբերյալ տեղեկություններ չկան:

Վճիռը կայացվել է դատավորի օգտին

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Հովիկ Շահնազարյանի վճիռ է կայացրել դատարանի նախագահի օգտին: Մասնավորապես՝ դատարանը որոշել է մերժել բանկի հայցը՝ պայմանագրերը լուծելու մասին և վարձավճարի գումարի պահանջի մասին դատավորի հայցապահանջը բավարարել: 13.06.2017 թվականից մինչև 8.095.000 դրամ գումարը փաստացի վճարելու պահը հաշվարկվել է օրական 0,1% դրույքաչափով հաշվարկվող տույժի գումար:

Բանկից հօգուտ դատավոր Աբրահամյանի բռնագանձվել է 400 000 որպես փաստաբանի վարձատրության գումար, իսկ 165.900 դրամն էլ՝ պետական տուրք:

Դատարանը պատճառաբանել է, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի և Աբրահամյանների միջև կնքված վարկային  պայմանագրերով բանկը որպես իր վարկային պարտավորությունների կատարումն ապահովելու երաշխիք, գրավադրել է վարձավճարի գումարը, որը վարձակալության պայմանագրի հիմքով պետք է վճարեր հենց ինքը, և վարկային պայմանագրի համաձայն՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկայի վրա ակնկալում էր տարածել բռնագանձում: Դատարանը փաստել է, որ դրանով բանկը վստահել է պայմանագրի գործողությանը և դրանով իսկ բացառել է պայմանագրային կողմերից մեկի նախաձեռնությամբ վարձակալության պայմանագրի լուծման հնարավորությունը, այդ թվում՝ հանգամանքների էական փոփոխության հիմքով:
Հետևաբար Դատարանը եկել է այն համոզման, որ Բանկն իրոք ուներ համոզմունք, որ անկախ Կենտրոնական բանկի կողմից սահմանված և հնարավոր փոփոխություններից՝ այդ վարձավճարները կվճարվեն, ըստ այդմ՝ պայմանագրերը երբևէ չեն լուծվի և կընդունվեն որպես հիմք:

«Այսինքն՝ ստացվում է այնպիսի իրավիճակ, որ, մի կողմից՝ Բանկը մինչև 2021թ. վարկավորել է Վարձատուին, քանի որ վերջինս մինչև նույն թվականը վարձակալության պայմանագրերի հիմքով ուներ ստաբիլ եկամուտ, որոնցից Վարձատուն չէր կարող զրկվել՝ դրանով իսկ բացառելով վարձակալության պայմանագրերի վաղաժամկետ լուծման հնարավոր դեպքը, մյուս կողմից՝ ներկայումս պահանջում է լուծել վարձակալության պայմանագրերը՝ զրկելով Վարձատուին վարձավճարների հաշվին վարկային պարտավորությունները կատարելու փաստացի հնարավորությունից»,-նշված է վճռում:

Դատարանը փաստել է, որ կողմերը բանկի բերած հիմքերով պայմանագրի լուծում չի նախատեսել, հետևաբար պայմանագրի վաղաժամկետ լուծման մասին հայցը՝ իրավական ոչ ճիշտ հիմքի վրա է կառուցվել, ուստի ենթակա է մերժման:

Դատարանը գտնում է, որ վարձակալության պայմանագրեր կնքելով և ստորագրելով՝ կողմերը պայմանավորվել են Վարձակալի նախաձեռնությամբ պայմանագրերի միակողմանի լուծման կոնկրետ պայմանների շուրջ, այդ իսկ պատճառով հենց դրանք էլ պետք է կիրառվեն կողմերի իրավահարաբերությունների նկատմամբ: Մասնավորապես՝ բանկը դիմել է Վարդան Աբրահամյանին՝ խնդրելով կողմերի փոխադարձ համաձայնությամբ` լուծել վարձակալության պայմանագիրը: Ստանալով մերժում` բանկը դատարան է դիմել վարձակալության պայմանագրերը լուծելու մասին հայցով՝ կապված հանգամանքների էական փոփոխության հետ՝ այդպիսին համարելով բանկի մասնաճյուղի լուծարումը, ԿԲ որոշումը և բանկերի միավորման մասին որոշումը: 

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

 

Մեկնաբանություններ (5)

Արամազդ
Այդ նշված հասցեում կոմիտաս 16/1 տարածքը տրվել է ապօրինի 2004թ Երվանդ Զախարյանի որոշմամբ որի մասին անգամ պարծենում էր այս վիժվածքը,նշելով որ նրան 150 000 դոլլար է տվել եւ կառուցելու է ինչ ուզի։ Դա մեր բակի կանաչ տարածքն էր, որ տարիներ շարունակ մենք խնամել եւ պահպանել էինք։Ոչնչացրեցին 100_ ից ավել ծառեր։ Ես իմ ընտանիքով պայքարեցի այդ ապօրինության դեմ որի պատճառով այս ստահակի հանձնարարությամբ քր գործ հարուցեցին իմ եւ տղաներիս նկատմամբ։ Այս տականքը ամենայն խստությամբ պետք է պատժվի։
Քրիստ
Մի մոռացեք նշել, որ այս դատարանի նախագահի որդին ալբերտ աբրահամյանը ամուսնացած է սերժ սարգսյանի կնոջ ֆրեյլինայի քնար կարապետյանի աղջկա հետ որին պատկանում է ավթանդիլ, քենդի բար և այլ ընկերությունները , իսկ կնոջ եղբայրը երկար տարիներ եղել է պռեզիդենտի ադմինիսիտրացիայում, եղել է ՀՀ նախագահի ադմինիստրացիայի աշխատակազմի ղեկավարի տեղակալ , զբաղեցրել է տարբեր պաշտոններ , նրանք ընտանիքով օգտվել են պռեզիդենտի անձնական հովանավորությունից ու մեղմ ասած իրենց դեմը խաղ չի եղել ու բնական է որ ցանկացած հայկական դատարան ի օգուտ իրենց որոշումներ կհաներ անկախ իրենց ճիշտ կամ սխալ լինելը: Ալբերտ աբրահամյանի կնոջ եղբայրն էլ հանդիսանում է Սոֆադի տերը և երկար ժամանակ մատակարարել է պետական բոլոր հաստատությունները զուգարանի թղթով և այլ պարագաներով: հետաքրքիր է որևէ մեկը հետևում է դրան հարկեր գոնե մուծում են թե ոչ: https://www.civilnet.am/news/2017/10/28/%D5%95%D5%B3%D5%A1%D5%BC-%D6%87-%D5%A6%D5%B8%D6%82%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A9%D5%B8%D6%82%D5%B2%D5%A9-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6%D5%9D-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81/323560
Լուսիկ
Բոլոր նման պաշտոնյաների մասին, համոզված եմ, նախագահը տեղյակ է՝ ԱԱԾ ունի ստույկ տվյալներ և չի թաքցնում նրանից: Ժուռնալիստական բացահայտումները կարևվոր են, որ ձևեր չթափեն, թե տեղյակ չեն, բայց անգամ այդ դեպքում էլ մեծ է հավանակությունը, որ հետևանքներ չեն լինի;
Manoog
Armenia has the most corrupted court system , and this is only one example how a judge gets reach with taking bribes....
Only dollar court
Բա էս երկրի նախագահը, որ սահմանադրության վրա երկու անգամ երդում է տվել, արդեն ութ տարի ամեն դեկտեմբերի 31-ին սրբություն ու հայրենասիրություն է քարոզում, տեղյակ չէ՞ էս ջիգիտի արկածներից... Ախպեր, եթե բիզնեսի հավես ունես, էլ դատավորի սև շորի տակ ինչու ես մտել, գնա քո գործն արա՝ առ, ծախի... Դատավոր լինելը պաշտոն չէ, չարչին, գեղցին դատավոր չեն կարող լինել ոչ մի երկրում, բացի հայաստանից: Հիմա՝ ունենք այն ինչ ունենք: Հոպարը պտի կանչի այս բազմապրոֆիլ դատավորին դրամարկղի մոտ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter