
Վարդան Բոստանջյան․ «Կաշկանդված, գոյատևման բյուջե է»
«Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի համոզմամբ՝ 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը շատ սահմանափակ է։
«Զգուշավոր օգտագործման բյուջե է, բոլոր պարագաներում համաձարկություն չեմ տեսնում։ Բյուջեն պետք է հնարավորություն տա ստեղծել նոր աշխատատեղեր, նոր եկամուտներ, նոր արժեքներ, որով կարող ենք բարձրացնել մեր երկրի տնտեսական աճը։ Ուստի կարող եմ ասել՝ կաշկանդված, գոյատևման բյուջե է»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ պատգամավորը։
Բոստանջյանն, այնուամենայնիվ կարծում է, որ Կառավարության նախանշած 4,5% աճը իրատեսական է, քանի որ երկրում շրջանառությունը մեծ չէ, իսկ ոչ մեծ շրջանառության պայմաններում` 4,5%-ը բարձր ցուցանիշ չէ։
«Միշտ ասել եմ, որ երկնիշ տնտեսական աճ պետք է ունենա Հայաստանը, 4,5%, 5,5% աճը փոքր թվեր են, և փոքր-ինչ ջանք գործադրելու դեպքում հեշտությամբ կարելի է ստանալ այդ ցուցանիշները»,- ասաց նա։
Մեր դիտարկմանը, որ Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը ընդամենը երեք տոկոս տնտեսական աճ են կանխատեսել, Բոստանջյանն ասաց, որ միջազգային կազմակերպությունների կանխատեսումներով չի առաջնորդվում։
«Նրանց կանխատեսումները շատ պարագաներում կրում են սուբյեկտիվ բնույթ, իրենք առաջնորդվում են տարբեր ստանդարտներով, երբ իրենց պետք է լինում, ասում են՝ առաջընթաց է, ընդ որում ոչ միայն տնտեսության պարագայում, այլև ընտրությունների ժամանակ։ Իրենց մոտ գերակայում է տվյալ պահի ցանկությունն ու մոտեցումը, որը մեզ համար հիմք չի կարող դառնալ»,- նկատեց նա։
Խոսելով բյուջեի նախագծի ամենախոցելի հատկացման մասին` Վարդան Բոստանջյանն առաջին հերթին հիշատակեց պետական կառավարման ապարատի ծախսերը․
«Շատ մեծ են այդ ծախսերը, չնայած որոշակի առումով համակերպվում եմ այդ ինստիտուտի հետ, որովհետև աշխատատեղերի բացակայության պայմաններում, եթե այդ մարդկանց էլ ազատես, գործազուրկների մի ամբողջ բանակ կունենանք, որը սոցիալական ցնցումների նոր աղբյուր է»,- հավելեց Բոստանջյանը։
Բոստանջյանի խոսքով՝ 2018-ի բյուջեն որևէ կերպ չի կարող ազդել մարդկանց կյանքի բարելավման վրա, իսկ թե ինչպես են քվեարկելու նախագծին, խմբակցությունում դեռ որոշում չեն կայացրել։
Հիշեցնենք, որ 2018 թվականի բյուջեի եկամուտների մասով նախանշված է 1,307 մլրդ, ծախսերի մասով՝ 1,464 մլրդ դրամ, իսկ պակասուրդի մասով՝ 157 միլիարդ դրամ։
Մեկնաբանել