
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցերով համազեկուցողներ Ջուզեպպե Գալատիին եւ Ալան Միլին:
Արա Բաբլոյանը ողջունել է եվրոպացի համազեկուցողների այցը խորհրդարան եւ անդրադարձել հանրապետությունում սահմանադրական բարեփոխումներից հետո սկսված գործընթացներին:
ԱԺ նախագահը բարձր է գնահատել անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում համազեկուցողների կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությունը:
Արա Բաբլոյանը Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում ընդգծել է խորհրդարանի դերն ու նշանակությունը: Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ Ազգային ժողովը միշտ էլ ունեցել է կարեւոր դերակատարություն, սակայն այժմ ավելի են ընդլայնվում նրա հնարավորություններն ու լիազորությունները, մեծանում պատասխանատվությունը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ընթացող քաղաքական վերջին զարգացումներին, ընտրական համակարգի բարեփոխումներին, Սահմանադրության կիրարկմանը, դատական իշխանության անկախությանը եւ կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր:
Ալան Միլը եւ Ջուզեպպե Գալատին իրենց պատրաստակամությունն են հայտնել խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ:
Մեկնաբանել