
«Վեոլիա ջուր»-ի Լոռու մարզային տեղամասի աշխատակիցները դժգոհում են հավելյալ ատեստացիա անցնելու պահանջից
Գայանե Սարգսյան
Այսօր կեսօրին «Վեոլիա ջուր» ընկերության Լոռու մարզային տեղամասի աշխատակիցները դուրս էին եկել բողոքի ցույցի: Պատճառը ընկերության ղեկավարության կողմից վերջերս հավելյալ ատեստացիա անցնելու պահանջն է, ինչին չենթարկված աշխատակիցները ազատվել են աշխատանքից, իսկ նրանք, ովքեր հավելյալ ատեստացիայի անցկացումը համարել են անօրինական ու հրաժարվել են մասնակցել, ստացել են խիստ նկատողություն:
Ներկայումս Լոռու մարզային տեղամասի 5 աշխատակիցներ ազատված են աշխատանքից, 19-ը ստացել են խիստ նկատողություն: Նկատողություն ստացածների թվում է եղել նաև տեղամասի առևտրային տնօրեն Հարություն Անտոնյանը: Վերջինս, սակայն, համաձայն չլինելով ստացած նկատողության հետ՝ դիմել է դատարան այն չեղարկելու պահանջով: Հ. Անտոնյանին տրված նկատողությանը մի քանի օր անց հաջորդել է աշխատանքից ազատման հրամանը: Այսօր վերջինս դատարան է դիմել արդեն այդ երկու որոշումները չեղարկելու համար:
Համլետ Խալաթյանը աշխատանքից ազատվածներից մեկն է: Վերջինս ազատվել է աշխատանքից ատեստավորմանը ոչ պատշաճ պատասխանելու ու պաշտոնին չհամապատասխանելու պատճառաբանությամբ:
Համլետ Խալաթյանը
«Նախկինում՝ մայիսի 29-ին, եղել է ատեստավորում, ատեստավորումից հետո նշանակել են վերահսկող խմբի մասնագետներ: Աշխատել ենք մինչև օգոստոս ամիսը, հետո նորից ստացել ենք ծանուցում ու ներկայացել Երևան: Իրենց կարծիքով չկարողացանք ատեստավորումն անցնել ու ազատեցին աշխատանքից»,- պատմում է աշխատակիցը:
Աշխատակիցների շահերը պաշտպանող փաստաբան Հակոբ Ճարոյանը անօրինական է համարում ղեկավարության կողմից մի քանի ամիս առաջ աշխատանքի ընդունված աշխատակիցներին հավելյալ ատեստավորում անցնելու պահանջը.
«Ընկերությունն ունի ներքին իրավական ակտ, ըստ որի՝ կարող է լինել երկու տեսակի ատեստավորում՝ հերթական և հավելյալ: Աշխատողը հերթական ատեստավորումն անցնում է երկու տարին մեկ, իսկ հավելյալը՝ կամ աշխատողի, կամ նրա անմիջական ղեկավարի պահանջով, աշխատակիցները հրաժարվել են ատեստավորում անցնել. հուլիսի 1-ին աշխատանքի ընդունված աշխատակիցների հերթական ատեստավորման ժամկետը լրանում է երկու տարի անց, իսկ աշխատակիցների կամ նրանց անմիջական ղեկավար Հ. Անտոնյանի կողմից նման պահանջ չի եղել»,- պարզաբանում է փաստաբանը:
Հակոբ Ճարոյանը
Հ. Խալաթյանը նշում է, որ հավելյալ ատեստավորմանը մասնակցել է նշված իրավական ակտը չիմանալու պատճառով: Այժմ, սակայն, ափսոսում է դա անելու համար ու ղեկավարության՝ հավելյալ ատեստավորում անցնելու պահանջը համարում անհիմն:
Աշխատակիցները դժգոհում են, որ Լոռու տեղամասում խնդիրներ սկսել են առաջանալ ղեկավարումը «Վեոլիա ջուր» ընկերությանն անցնելուց հետո:
«Ամբողջությամբ տվել ենք, մատնել ենք իրանց, ասում ա՝ իմ սեփականությունն ա, ինչ կուզենամ էն էլ կանեմ: Ոչ, սա էս ժողովրդի սեփականություն ա: Մենք ենք աշխատում, մենք ենք ստեղծում»,- վրդովված ասում է հսկիչներից մեկը:
«Արդեն նոյեմբեր ամիսն ա, բայց մենք մեր ղեկավարին չենք ճանաչում: Երկու անգամ խնդրել ենք, որ մարդը Երևանից գա, ներկայանա, ճանաչենք մարդուն: Ինքը կարիք չի համարել: Ինչի՞ ենք արհամարհված»,- հարցնում է Ռուզաննա Ղուլյանը:
Ռուզաննա Ղուլյանը
Վահագն Դիմակսյանը խիստ նկատողություն է ստացել ատեստավորմանը չներկայանալու համար:
«Ես ստացել եմ խիստ նկատողություն, որպես հիմք ներկայացրել են, որ ես չեմ գնացել ատեստավորման: Մենք գրավոր ներկայացրել ենք, թե ինչու չենք եկել ատեստավորման: Գրավոր մեր դիմումում ներկայացրել ենք, որ երկու-երեք ամիս առաջ մենք անցել ենք իրենց կողմից անցկացված ատեստավորմն ու ընդունվել աշխատանքի»,- նշում է երիտասարդ աշխատակիցը:
«Ի՞նչը հիմք ընդունելով են մարդիկ ուզում մեզ ազատեն աշխատանքից, ինչո՞ւ են ուզում պառակտեն մեր կոլեկտիվը: Մեր լեզվով ասած դիլիմ-դիլիմ են անում, որ պառակտեն, ցախավելը մասերի են բաժանում, որ կարողանան մեզ կոտրեն,- վրդովվում է Սիրանուշ Եգանյանն ու վստահեցնում,- մենք չենք կոտրվի: Մենք կամ բոլորս կաշխատենք մեր տնօրենի գլխավորությամբ, կամ ոչ մեկս չենք աշխատի»:
Վահագն Դիմակսյանը
«Մեր իրավունքները պաշտպանելու ենք մինչև վերջ: Մենք ուղղակի համբերատար ժողովուրդ ենք, բայց մեր իրավունքները պաշտպանել գիտենք ու մենք արդեն քայլեր ենք ձեռնարկել: Մենք չենք բոյկոտում, բայց եթե իրանք մտածում են, որ էսքան մարդուն կարան հացից կտրեն...Էսօր իրանք քանդում են մի 52 հոգանոց հիմնարկ: Չգիտենք ի՞նչ միտում կա դրա մեջ, բայց մենք թույլ չենք տալու: Սա մեր քաղաքն ա, սա մեր հողն ա, սա մեր աշխատանքն ա»,- բոլորի անունից ասում է Վ. Դիմակսյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել