HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Կոտայքի մարզպետարանը և Եղվարդի քաղաքապետարանը շուրջ երկու տարի անց փոխհատուցել են քաղաքացուն

Կոտայքի մարզպետարանն ու Եղվարդի քաղաքապետարանը փոխհատուցել են Վալյա Շտոյանի՝ 2015թ․ նոյեմբեր ամսին ուժեղ քամիների հետևանքով կրած վնասները։ Պետական կառույցները  քաղաքացուն տրամադրել են 300 հազար դրամ։

Կոտայքի մարզպետարանը դեռևս 2016թ․ տարեսկզբին այս նպատակով կառավարությունից ստացել էր 703 միլիոն դրամ։ Վալյա Շտոյանին հասցված վնասը, սակայն, նշված բյուջեից չէր փոխհատուցվել։

Թեև Եղվարդի քաղաքապետարանը համապատասխան ակտով հաստատել էր, որ փլուզման պատճառը քամին է, սակայն չէր տրամադրել փոխհատուցում ոչ քանդված տան` 25մ երկարությամբ և 3մ լայնությամբ քարե պարսպի համար, որի միայն նյութածախսը գնահատվել էր 85 600 դրամ, ոչ էլ այգում գտնվող պտղատու ծառերի համար, որոնց արժեքը Եղվարդի քաղաքապետարանի կողմից կազմած հանձնաժողովն առհասարակ չէր գնահատել:

Փոխարենը, Վ․Շտոյանի մի քանի դիմումներից հետո, Եղվարդի քաղաքապետը որոշում  էր կայացրել «ֆինանսական օգնություն» տրամադրել համայնքի բյուջեի «Սոցիալական պաշտպանություն» ծրագրից: Գումարը սակայն ավելի քիչ էր, քան Վ․Շտոյանի կրած վնասը, ինչպես նաև չէր ձևակերպվել որպես փոխհատուցում: 

«Հետք»-ի՝ «Կոտայքի մարզպետն ու Եղվարդի քաղաքապետը կառավարություն չեն ներկայացրել քամուց տուժածի անունը» հոդվածի հրապարկումից հետո Վ․Շտոյանը դիմեց նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, այս տարվա փետրվարի 15-ի որոշմամբ, հաստատված համարեց, որ տեղի ունեցած քամու հետևանքով վնաս է պատճառվել տան պարսպին, ինչպես նաև նույն տնտեսությունում գտնվող պտղատու ծառերին: ՄԻՊ-ը արձանագրել էր, որ տեղի է ունեցել քաղաքացու իրավունքների խախտում, արդյունքում առաջարկել էր Կոտայքի մարզպետին, որ նա ձեռնարկի արդյունավետ և բավարար միջոցներ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի 1361-Ն որոշմամբ սահմանված կարգով նախատեսված գումարը վճարելու ուղղությամբ` հիմք ընդունելով վնասներն արձանագրած հանձնաժողովի ակտը:

Վալյա Շտոյանը նշված որոշումից հետո մոտ 8 ամիս պաշտոնական օղակների քաշքշուկի մեջ էր։

Մարզպետ Կարապետ Գուլոյանը թեև պարտավորեցրել էր Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանին հանձնաժողով կազմել և գնահատել վնասները, սակայն վնասի փոխհատուցում այդպես էլ չէր տրամադրվել նաև վարչապետի խորհրդական Արամ Վարդևանյանի հանձնարարականից հետո։ Մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

Վ․ Շտոյանը «Հետք»-ի հետ զրույցում այսօր նշեց, որ իրեն մի քանի օր առաջ կանչել են Եղվարդի քաղաքապետարանից՝ նշելով, որ մարզպետարանի հետ պայմանավորվածություն ունեն փոխհատուցելու պատճառված վնասը, և խնդրելով առաջարկել գումարի չափ։ Վ․ Շտոյանը նշել է, որ իր կրած վնասը գնահատում է 300 հազար դրամ։ Նշված գումարից 150 հազար դրամը Վ․Շտոյանը ստացել է քաղաքապետարանի, իսկ մյուս մասը՝ մարզպետարանի հաշվապահությունից։ Որպես գումարի ստացման նպատակ, Վ․Շտոյանի խոսքով, նշված է եղել այգու վերականգնումը։ «Սա համարում եմ իմ բարոյական և ֆինանսական հաղթանակը»,- ասում է Վալյա Շտոյանը։ 

Մեկնաբանություններ (1)

Վալյա
Լավ սկիզբը,լավ ավարտ ունեցավ:Շնորհակալություն լրագրող Մարինե Մադաթյանին,ով 2 տարի իմ հետ ջանք ու եռանդ գործադրեց,որ մենք հասնենք այս արդյունքին: Հոյակապ աշխատանքային թիմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter