
Ովքե՞ր են հետաքրքրված Հայաստանի նավթի և գազի պաշարներով
Հայաստանը սկսել է հետաքրքրել նավթ և գազ որոնողներին: Բայց առայժմ՝ միայն որոնողներին, ոչ թե արդյունահանողներին:
Հայաստանում գրանցված «Ագապե» ՍՊԸ-ն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում 2017-2022թթ. նավթ և գազ որոնելու հայտ է ներկայացրել: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ներկայացված հայտը գտնվում է քննարկման փուլում: Այդ մասին «Հետք»-ին հայտնել է նախարարությունը: Միաժամանակ «Ագապե» ՍՊԸ-ն Բնապահպանության նախարարություն է ներկայացրել փաստաթղթերը՝ բնապահպանական փորձաքննություն անցնելու նպատակով: Դրա եզրակացությունը ևս դեռ չի տրվել, նույնպես քննարկման փուլում է:
Նավթի և գազի պաշարների որոնման թեման ակտիվացել էր դեռևս 2007-ից, երբ մեկ այլ՝ «Բլեքսթերզ էներգի» ՍՊԸ-ն, ստացավ երեք տեղամասում գազի և նավթի պաշարներն ուսումնասիրելու արտոնագիր: Սրանից ուղիղ 7 տարի առաջ` հոկտեմբերին, «Բլեքսթերզ էներգի» ՍՊԸ-ն ստացավ ՀՀ տարածքում պայմանական 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթաբլոկներում նավթի և գազի երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու արտոնագիր՝ 5 տարի ժամկետով, որը հետագայում ևս 2 տարով երկարացվել էր:
Ընկերությունը դիմել էր այն ժամանակվա էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին՝ ևս 2 տարով արտոնագիրը երեկարացնելու խնդրանքով:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում «Բլեքսթերզ էներգի» ՍՊԸ, ինչպես և «Վանգոլդ ռեսորսիս» ընկերությունը («Վանգոլդ ռեսորսիս»-ը հանդես էր գալիս «Բլեքսթերզ էներգի Արմենիա»-ի համասեփականատեր), այլ հետախուզական ընկերությունների նման, զգալի դժվարություններ ունեցան հետախուզական աշխատանքների ֆինանսավորման համար անհրաժեշտ կապիտալ ֆինանսավորում ներգրավելու մեջ: Սա մի շարք գործոնների համակցության հետևանքն էր՝ ներառյալ համաշխարհային ֆինանսական ծանր մթնոլորտը և հետախուզական ծրագրերում ներդրումներ կատարելու դժկամությունը»,- նախարարին ուղղված գրության մեջ հայտնել է «Բլեքսթերզ էներգի» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ջրրի Շիհանը:
Նույն նամակում էլ գործադիր տնօրենը հայտնել է, որ 3,5 մլն դոլար է ներդրվել Հայաստանում հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար, սակայն ևս 5 մլն դոլարի բանակցություններ են վարվում նոր ներդրողի հետ 250 կմ սեյսմիկ աշխատանքներն ավարտելու և 1 հորատանցքի համար նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար:
Այս անգամ էլ խաղացողները նույնն են, փոխվել է միայն ընկերության անվանումը: «Ագապե» ՍՊԸ-ն գրանցվել է այս տարվա մարտին: Դրա 99 % բաժնեմասի սեփականատերը Կանադայում գրանցված «Արմենիան գազ ընդ փաուեր Էնթերփրայզ Ինք.» (այստեղից էլ անվանումը՝ ԱԳԱՊԵ) ԲԲԸ –ն է, մնացյալ 1 %-ը տնօրեն հանդես եկող, Կանադայում գրանցված Գրեմ Սկոթ Ջոնսոնինն է:
Նույն մասնաբաժնով էլ երկու բաժնետերերը տնօրինում էին «Բլեքսթերզ էներջի» ՍՊԸ-ի բաժնեմասը:
Կանադական ռեեստրից մեր ձեռք բերած փաստաթղթի համաձայն` «Արմենիան գազ ընդ փաուեր Էնթերփրայզ Ինք.» ընկերությունում երկու բաժնետերերը կանադացիներ են, երրորդը՝ Կանադայում գրանցված մեկ այլ ընկերություն՝ «Վանգոլդ»-ը, որն արդեն իսկ հիշատակվում էր որպես նախորդ՝ «Բլեքսթերզ էներգի» ՍՊԸ-ի սեփականատեր:
Վանկուվերում գործող «Վանգոլդ»-ի հաշվետվությունները և պաշտոնական փաստաթղթերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ ներդրումները հենց այս ընկերությունից են եղել: «Վանգոլդ»-ը ներկայանում է նավթի և գազի հետախուզություն-ուսումնասիրություն իրականացնող, ինչպես նաև այդ ոլորտի ակտիվներով զբաղվող ընկերություն: Նախկինում ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Պապուա Նոր Գվինեայում որոշակի ակտիվներ ունեցող ընկերությունը 2016 թվականի ֆինանսական հաշվետվության մեջ նշում է, որ ընկերության հիմնական ակտիվները Կանադայում են:
Հայաստանի Հանրապետության տարածքը նավթի և գազի հետախուզման համար պայմանական 6 մասի է բաժանվել: 5-րդ ենթաբլոկը մեծ մասամբ ընդգրկում է Վայոց ձորի մարզի տարածքը, 6-րդը՝ Սյունիքի: «Ագապե» ՍՊԸ –ն նաև 6-րդ ենթաբլոկի համար էր հայտ ներկայացրել, սակայն Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ Զարուհի Զուռնաչյանը պարզաբանեց, որ Սյունիքի մարզում՝ 6-րդ ենթաբլոկում ուսումնասիրություններ կատարելու հայտի ընթացքը դադարեցվել է, քանի որ ընկերությունը փաստաթղթերը լիարժեք չի ներկայացրել, իսկ 5-րդ ենթաբլոկինն ընթացքի մեջ է:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին գրավոր հարցում էինք ուղարկել՝ պարզելու, թե ինչ արդյունքներ է ստացել «Բլեքսթերզ էներգի» ՍՊԸ-ն կատարած ուսումնասիրություններից հետո, արդյոք հայտնաբերված պաշարները գոհացուցիչ են եղել հետագայում արդյունահանում կազմակերպելու համար:
«Բլեքսթերզ էներգի» ՍՊԸ-ի կողմից նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով ուսումնասիրության արդյունքում հեռանկարային նավթագազաբեր տեղամասեր, ինչպես նաև նավթի և բնական գազի արդյունաբերական պաշարներ չեն հայտնաբերվել»,- հայտնել է նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանը: |
![]() |
Փաստորեն նույն՝ 5-րդ ենթաբլոկում, որտեղ նույնպես նավթի և բնական գազի արդյունաբերական պաշարներ չեն հայտնաբերվել, ուսումնասիրություններ իրականացնելու նոր հայտ է ներկայացրել «Ագապե» ՍՊԸ-ն: Նախարարությունից հետաքրքրվել էինք, թե ինչո՞վ է պայմանավորված նույն բլոկում երկրորդ անգամ ուսումնասիրություններ իրականացնելու ցանկությունը: Կարեն Ղահրամանյանը պատասխանել է. «Դա պայմանավորված է տնտեսվարողի ցանկությամբ»:
Ընկերության որևէ ներկայացուցչի հետ կապ հաստատել չհաջողվեց, որպեսզի ճշտեինք, թե ինչու է նույն հիմնադիր ունեցող ընկերությունը նույն տարածքում ուսումնասիրություններ կատարելու: Ընկերության կայքում նշված հայաստանյան հեռախոսահամարն ավելի քան մեկ ամիս է՝ անհասանելի է: Կանադայում նշված հեռախոսահամարին պատասխանող անձն էլ չցանկացավ զրուցել՝ ասելով, որ կապ հաստատենք իր հայաստանցի կոլեգայի հետ:
Խանջյան 47/17 հասցեում, որը նշված է ընկերության կայքում որպես «Ագապե» ՍՊԸ-ի գրասենյակ, գործում է «Ամիստադ տուր» ՍՊԸ-ն և Իսպանիայի պատվո հյուպատոսի գրասենյակն է: «Ամիստադ տուր» տուրիստական գործակալության աշխատակիցները «Ագապե» ՍՊԸ-ի մասին չէին էլ լսել: Հաստատեցին, որ տարածքում իրենց գրասենյակն է տեղակայված և հյուպատոսի գրասենյակը:
«Ագապե» ՍՊԸ-ն իր կայքում հայտարարում է, որ ընկերության երկարաժամկետ նպատակն է ստեղծել ներդրումային պորտֆել` ուղղված Հայաստանի և հարևան երկրներում էներգետիկ և այլընտրանքային էներգիայի ոլորտներում ակտիվների ձեռքբերմանը, հետազոտմանը և զարգացմանը: Երեք հեռանկարային ոլորտ է առանձնացրել՝ օգտակար հանածոներ և մետաղներ, վերականգնողական էներգիա և ագրոբիզնես: Սրանք, սակայն, միայն ուղղություններ են, որտեղ ընկերությունը դեռ որևէ իրականացրած նախագիծ չունի: Ավելին, որևէ նախագծի մանրամասն նկարագիր կայքում չկա: Ամեն ինչ վերացական է և ընդհանուր:
«Հայաստանի ածխաջրածնի պաշարներն, ասում են, թե անտեսվել են, չնայած այն փաստին, որ Հայաստանի հարևան երկրներն են` Իրանը, Վրաստանը, Ադրբեջանն ու Թուքիան, որոնք միասին վերցված արդյունահանում են միլիարդավոր բարել նավթ ու տրիլիոնավոր խորանարդ մետր գազ և գտնվում են մի տարածքում, որը համարվում է նավթարդյունաբերության ծննդավայրերից մեկը։ Ներկայումս Հայաստանը գրեթե իր ողջ ածխաջրածնային պաշարները ներմուծում է գազատարի միջոցով, Ռուսաստանից ու Իրանից` իր շուկայում տեղը պատրաստ թողնելով տեղական պաշարների համար»,- իր կայքում հայտարարել է «Ագապե» ՍՊԸ –ն:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության վերջին՝ հուլիս ամսվա տվյալներով, նավթի և բնական գազի հայտնաբերման և գնահատման ուսումնասիրությունների արտոնագիր ունի միայն մեկ ընկերություն՝ «Ինտեգրալ պետրոլեում» ՍՊԸ-ն: Այն ուսումնասիրություններ է իրականացնում Հայաստանի տարածքի 2-րդ պայմանական բլոկում: 2-րդ պայմանական բլոկն ընդգրկում է երևանամերձ մարզերը, մեծամասամբ՝ Արագածոտնը: «Ինտեգրալ պետրոլեում» ՍՊԸ-ի 90 % բաժնեմասը պատկանում է Արցախում գրանցված «Ինտեգրալ» ՓԲԸ-ին, մնացյալ 10 %-ի սեփականատերը Երևանում գրանցված Ռուզան Ռոբերտի Մարգարյանն է:
«Ինտեգրալ» ՓԲԸ-ի հիմնադիրը ՌԴ քաղաքացի, ծնունդով թիֆլիսեցի Վաչագան Պետրոսյանն է: Ընկերությունը զբաղվում է նավթամթերքի և գազի հետազոտությամբ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել