
Լ․ Ալթունյան․ «2018թ․ մենք կհասնենք նրան, որ Հայաստանի սոցիալապես անապահով և հատուկ խմբերի քաղաքացիները կունենան բժշկական ապահովագրություն»
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը այցելել է «Արմենիա» բազմապրոֆիլ բժշկական կենտրոն և ծանոթացել է բաժանմունքների գործունեությանը, իրականացվող շինարարական աշխատանքների և կենտրոնի տեխնիկական համալրման ընթացքին։Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Լ․Ալթունյանն առաջարկել է վերակառուցվող բաժանմունքները՝ մասնավորապես նախավիրահատարանները, վիրասրահները, հետվիրահատական հատվածը հնարավորինս համապատասխանեցնել գործող չափանիշներին` այդ հարցում առաջարկելով նախարարության մասնագետների աջակցությունը։
Ծանոթացնելով սրտաբանական ծառայության գործունեությանը` տնօրենը նշել է, որ անոթագրության (անգիոգրաֆիկ )սարքն արդյունավետ կիրառվում է ոչ միայն ինտերվենցիոն սրտաբանության, այլև անոթային և նյարդավիրաբուժության ոլորտներում, ուստի նպատակ ունեն ևս մեկ նմանատիպ սարքավորում ձեռք բերելու: Կենտրոնը ներառված է սրտի անհետաձգելի վիրահատությունների («Stent for life») ծրագրում։ Ծառայության ղեկավարը փաստել է, որ ծրագիրը գործում է բավական արդյունավետ:
Մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում նաև հիվանդանոցի վիրաբուժական, վերակենդանացման, էնդոկրինոլոգիական, ինչպես նաև նեղ մասնագիտական այլ բաժանմունքներ։
«Արմենիա» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ Լևոն Ալթունյանը հետաքրքրվել է նաև առկա խնդիրներով և դժվարություններով:
Բուժաշխատողների հետ քննարկվել են սոցփաթեթի շահառուների բժշկական սպասարկմանը, կլինիկական ուղեցույցների, ինչպես նաև պարտադիր բժշկական ապահովագրության ներդրմանը վերաբերող և այլ հարցեր։
Լ․ Ալթունյանը, շնորհակալություն հայտնելով բժիշկներին իրենց մասնագիտական պարտքը պատշաճ կատարելու համար, հորդորել է բացի մասնագիտական օգնությունից ավելի շատ խոսել հիվանդների հետ, նրանց ծանոթացնել ինչպես իրենց իրավունքներին, այնպես էլ` բուժման սպասվելիք արդյունքներին։ «Երբ հիվանդն զգում է, թե ինչպես են հոգում իր մասին` ավելի շատ է վստահում բժշկին»,-ասել է նախարարը։ Անդրադառնալով 2018թ. առողջապահության բյուջեով նախատեսվող ծրագրերին` Լևոն Ալթունյանն ընդգծել է դրանց սոցիալական ուղղվածությունը։
«2018 թվականին մենք կհասնենք նրան, որ Հայաստանի սոցիալապես անապահով և հատուկ խմբերի քաղաքացիները կունենան պետության կողմից ձեռք բերվող բժշկական ապահովագրություն` ստանալով պատշաճ բժշկական օգնություն»,-ասել է նախարարը։
Մեկնաբանել