HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ․ հարկ վճարողների սպասարկումը կիրականացվի նոր սկզբունքով

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում տարածքային հարկային տեսչությունների սպասարկման սրահների աշխատանքի կազմակերպումը կառավարման տարածքային մոդելից փոխվել է գործառութայինի:

Այսուհետ տնտեսվարողներին մատուցվող ծառայությունները համակարգում է հարկ վճարողների սպասարկման վարչությունը: «Սպասարկումը հասցեականացվել է և տարանջատվել հսկողական գործառույթից, որի նպատակը հարկ վճարողների սպասարկման արդյունավետ կառավարման ապահովումն է, կոռուպցիոն ռիսկերի և հովանավորչության նվազեցումը»,-տեղեկացրել է ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Հովիկ Հովհաննիսյանը:

Նա վստահեցրել է, որ սպասարկման սրահներ այցելած հարկ վճարողներն իրենց հարցի ամբողջական պատասխանը մեկ այցելության ընթացքում ստանում են «մեկ պատուհան» սկզբունքով. «Եթե հարկ վճարողի դիմումի բովանդակությունն առնչվում է կոմիտեի տարբեր ստորաբաժանումներին, այդ բաժիններին առանձին-առանձին դիմելու անհրաժեշտություն չկա: Ներքին համակարգի միջոցով հարցումներ կատարելով և հավաքագրելով ամբողջական պատասխան՝ այն հարկ վճարողին ենք տրամադրում սպասարկող միևնույն սրահում՝ ձերբազատելով լրացուցիչ քաշքշուկներից ու ժամանակի կորստից»: Սրահներում ներդրված հերթերի կառավարման համակարգի շնորհիվ հարկ վճարողների սպասարկումը քաղաքակիրթ եղանակով է կատարվում՝ առանց կուտակումների: Ի դեպ, սրահում տեղադրված սարքերի միջոցով այցելուները կարող են գնահատել իրենց սպասարկած աշխատակցի աշխատանքը:

Հարկ վճարողների սպասարկման վարչությունը բաղկացած է 21 բաժնից, որից 20-ն իրականացնում են շուրջ 225 000 հարկ վճարողների սպասարկման գործառույթ, իսկ 21-րդ բաժինը՝ ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների պատվիրման, ստացման, պահպանման, տրամադրման ու ոչնչացման գործառույթ:

«Դրոշմապիտակներն ու դրոշմանիշերն ստանալու համար հեռավոր շրջաններից Երևան գալու անհրաժեշտություն չկա: Հայտերի ընդունումը և հաստատումը կատարվում են էլեկտրոնային համակարգով 3 օրվա ընթացքում, և հարկ վճարողին մնում է միայն ստանալ դրանք ընկերության գրանցված տարածքում գործող սպասարկման սրահից»,-նշել է Հովիկ Հովհաննիսյանը: Վարչությունը ՀՀ ռեզիդենտի կարգավիճակը հաստատող և ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին տեղեկանք է տրամադրում և համագործակցում պետական կառավարման, իրավապահ, դատական ու տեղական ինքնակառավարման մարմինների, ՊԵԿ ստորաբաժանումների հետ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter