
Հայաստանում մեկնարկում են մասնավոր օդաչուի պատրաստման դասընթացները
Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ում արդեն հնարավոր կլինի մասնակցել շուրջ 3 ամիս տևողությամբ մասնավոր օդաչուի պատրաստման դասընթացներին և ստանալ Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ICAO) կողմից սահմանված պահանջներին համապատասխանող մասնավոր օդաչուի վկայական (PPL): Այս մասին հայտնում է քաղավիացիայի վարչությունը:
Վարչությունը հիշեցնում է, որ 2017 թվականի հունիս ամսին կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ինքնաթիռներ արտադրող ամերիկյան Piper ընկերության վաճառքի գծով փոխնախագահ Դրյու Մակիվենի և ԱՊՀ երկրներում Piper ընկերության պաշտոնական ներկայացուցիչ, SimAvia ընկերության տնօրեն Սիմոն Մնոյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել էր ընկերության հետ հնարավոր համագործակցությունը: Համատեղ աշխատանքների արդյունքում «Ավիաուսումնական կենտրոնը» համալրվել է նոր համակարգչային վարժասարքերով, ինքնաթիռների թռիչքների նմանակման վարժասարքով և Piper PA-28-181 Archer III տիպի օդանավով, որով ուսանողները հնարավորություն կունենան ուսումնական թիռչքներ իրականացնել Հայաստանի տարածքում:
ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը նշել է, որ SimAvia ընկերությունն ԱՊՀ–ում վաճառված յուրաքանչյուր Piper տիպի օդանավի դիմաց Երևանի ուսումնական կենտրոնում դասընթացին անվճար մասնակցելու հնարավորություն կընձեռի, որը ծրագրի համար լրացուցիչ խթան կդառնա:
ԱՊՀ երկրներում Piper ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սիմոն Մնոյանը, կարևորելով ծրագրի մեկնարկը, նշել է, որ ոչ հեռավոր ապագայում ուսումնական կենտրոնը օրինակ կդառնա որակյալ օդաչուների պատրաստաման առումով. «Այսօր արդեն Հայաստանի Հանրապետությունում ներկայացնում ենք մասնավոր օդաչունների պատրաստման ծրագիրը, որը նախատեսում ենք Հայաստանի, Ռուսաստանի և աշխարհի բոլոր շուկաների համար»:
Piper ընկերության վաճառքի գծով փոխնախագահը նշել է, որ 80 տարի է, ինչ Piper ընկերությունը զբաղվում է օդանավերի արտադրությամբ և ամբողջ աշխարհում հայտնի է իր գործունեությամբ:
«Մասնավոր օդաչուի պատրաստման դասընթացի իրականացումը նոր նախադրյալներ կստեղծի Հայաստանում՝ միտված ընդհանուր նշանակության և փոքր ավիացիայի զարգացմանը: Այն հայ մասնագետների համար կստեղծի հնարավորություն՝ իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցելու նաև օտարերկրյա դիմորդներին: Ծրագիրը կխթանի նաև Հայաստանում ներգնա զբոսաշրջության զարգացմանը և տնտեսության աճին»,- գրված է ՔԱԳՎ հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել